Բացահայտվում են կառավարության թաքուն գործարքները. ի՞նչ է սպասվում գազի սակագներին
Երկար ժամանակ կառավարությունը հասարակությունից թաքուն էր պահում գազի գնի հնարավոր բարձրացման հարցը։ Մինչև վերջերս նույնիսկ հավաստիացնում էին, որ առաջիկա 10 տարիներին գազի ներմուծման գինը չի փոխվի՝ կմնա այնքան, որքան կա։ Այդ նույն ժամանակ, սակայն, հանրությունից գաղտնի կնքել են նոր համաձայնագիր, որի համաձայն՝ ապրիլի 1-ից գազի ներմուծման գինը սահմանին բարձրանում է։
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ «Գազպրոմ Արմենիան» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ներքին սակագները վերանայելու հայտով։ Որպես հիմնավորում՝ ներկայացվել է 2 ամիս առաջ կնքված գազային նոր համաձայնագիրը։ Համաձայն այդ համաձայնագրի, «2022թ. ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետություն առաքվող բնական գազի փաստացի գինը սահմանվում է հավասար 165 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում և 177,53 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց՝ 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում»։
Ներկայացված հայտով «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է ներքին սակագների կտրուկ բարձրացում սպառողների որոշ, այդ թվում՝ սոցիալական խոցելի խմբերի համար։ Եթե հիմա նրանք մինչև 600 խորանարդ մետր գազի սպառման դիմաց վճարում են 100 դրամ, առաջարկվում է ապրիլի 1-ից դարձնել 135,6 դրամ՝ 8500 կկալորիա ջերմատվության գազի դեպքում։
600 խորանարդ մետրից ավելի վառելու դեպքում սակագնի մի փոքր նվազում են նախատեսում՝ 139-ի փոխարեն՝ 135,6 դրամ։
Այսինքն՝ սոցիալական խոցելի խմբերի համար առաջարկում են հանել արտոնյալ սակագինը։ Նրանք նույն գինը կվճարեն ինչպես մինչև 600 խորանարդի, այնպես էլ դրանից ավել օգտագործելու դեպքում։
Նույն սակագինն է առաջարկվում նաև այն սպառողների համար, ովքեր սպառում են ամսական մինչև 10.000 խորանարդ մետր գազ։ Այս խմբի մեջ է մտնում նաև սոցիալական անապահովությունից դուրս բնակչությունը։
Եթե հիմա նրանք վճարում են 139 դրամ՝ առաջարկվում է դարձնել 135,6 դրամ։ Այսինքն՝ նվազեցնել 3,4 դրամով։
Փոխարենը՝ կտրուկ բարձրանում է տնտեսական հատվածի սակագինը։ Բարձրացումը վերաբերում է նաև գյուղատնտեսությանը։ Խոսքը ջերմոցային տնտեսության ու վերամշակող արտադրության մասին է։
Հաշվի առնելով այս ոլորտների տնտեսական ու հասարակական նշանակությունը՝ ժամանակին դրանց համար արտոնյալ սակագներ էին սահմանվել։ Ներքին սակագների նախորդ վերանայման ժամանակ այդ արտոնությունն էապես նվազեցվեց, այս անգամ առաջարկվում է ընդհանրապես հանել։
Հիմա ջերմոցային տնտեսություններն ու արդյունաբերության այնպիսի վերամշակող ճյուղեր, ինչպիսին է՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությունը, օգտագործված գազի դիմաց վճարում են 224 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Ներկայացված հայտով առաջարկվում է 8500 կկալորիա ջերմատվության գազի դեպքում սակագինը դարձնել 282,6 դոլար։ Այսինքն՝ բարձրացնել 58,6 դոլարով կամ ավելի քան 26 տոկոսով։
Թե սա ի՞նչ ազդեցություն կունենա ջերմոցային տնտեսության ու վերամշակող արդյունաբերության վրա, նախկինում արդեն տեսել ենք։ Գյուղմթերքների շուկայում գների այն բարձրացումները, որոնք կան, նաև դրա հետևանք են։
Գազի թանկացման ազդեցությունը տնտեսության ու սպառողական ապրանքների վրա, սակայն, չի սահմանափակվի միայն նշված ոլորտներով։
Սակագների բարձրացում է նախատեսվում նաև տնտեսության մյուս ոլորտներում։
10.000 խորանարդ մետրից ավելի գազ սպառողների համար առաջարկվում է սակագինը դարձնել 282,6 դոլար։ Հիմա նրանք վճարում են 255,9 դոլար։ Տարբերությունը 26,7 դոլար է, կամ աճը ավելի քան 10 տոկոս։
Սակագների բարձրացում է նախատեսվում նաև շարժիչային գազի դեպքում։ Կրկին 26,7 դոլարի չափով։
Այն, ինչ առաջարկել է գազամակատարար ընկերությունը սակագների վերանայման հետ կապված՝ լուրջ ծանրաբեռնվածություն է ենթադրում ինչպես սոցիալական խոցելի խմբերի համար, այնպես էլ՝ տնտեսության վրա։
Որքան էլ բնակչության մյուս խավերի դեպքում սակագնի բարձրացում չի սպասվում, մի բան էլ նվազում է, դա միանգամայն խաբուսիկ է։
Տնտեսության վրա սակագնային բեռի ավելացումը դուրս է գալիս առաջին հերթին բնակչության ջանից։
Գազի թանկացումը հանգեցնելու է արտադրության ինքնարժեքի բարձրացման, ինչը գների աճի տեսքով տեղափոխվելու է սպառողական շուկաներ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ դեր ունի տնտեսության վրա գազի սակագինը, սա բերելու է ապրանքների ու ծառայությունների բավական ընդգրկուն ու էական թանկացումների։ Փաստացի բնակչության մեծ մասի համար սակագինը նվազում է, բայց իրականում սակագնային ճնշումն ավելանում է՝ ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման տեսքով։
Սա այս իշխանությունների որդեգրած այն քաղաքականությունն է, որով փորձում են քողարկել բնակչության վրա հանրային ծառայությունների սակագների բարձրացման ազդեցությունը։ Այդպես վարվեցին նաև 2019թ.։ Հասարակության դժգոհություններից խուսափելու համար ցույց են տալիս, որ բնակչության համար սակագինը չեն բարձրացնում, բայց իրականում տուժողը կրկին լինելու է հասարակությունը։ Թանկացած ապրանքների համար վճարում է սպառողը։
Տուժելու է նաև տնտեսությունը։ Նվազելու է մի կողմից՝ տնտեսության շահութաբերությունը, մյուս կողմից՝ մրցունակությունը։ Մեր տնտեսությունն առանց դրա էլ մրցակցային լուրջ խնդիրներ ունի։ Արտադրության ինքնարժեքի բարձրացման հետևանքով սպասվող գների աճը հանգեցնելու է մրցունակության կորստի, ինչն ազդելու է նաև արտադրության ծավալների ու տնտեսության զարգացումների վրա։ Հատկապես որ, հանրային ծառայությունների սակագների բարձրացումը չի սահմանափակվում միայն գազով։ Հունվարի 1-ից թանկացել է ջուրը, փետրվարի 1-ից կթանկանա հոսանքը։
Սպասվում է, որ ապրիլի 1-ից էլ ուժի մեջ կմտնեն գազի նոր սակագները։
Առաջիկայում, իհարկե, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կդիտարկի այս հայտը և գուցե որոշ վերանայումներ կատարի, բայց միևնույն է, միջին կշռութային սակագնի բարձրացումից խուսափել անհնարին կլինի։ Ինչ-որ մեկը պետք է վճարի սահմանին գազի թանկացման գինը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ