Պետությունն առնվազն պետք է ազնվություն ունենա մեզ հետ խորհրդակցելու. Հարութ Սասունյանը՝ հայ-թուրքական բանակցությունների մասին

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին զարկ տալու մասին պաշտոնական հայտարարություններին հաջորդեցին հանրային ու փորձագիտական շրջանակներից հնչող մտահոգությունները՝ թուրքական կողմից հնարավոր նախապայմանների վերաբերյալ։ Ավելի վաղ նմանատիպ նախաձեռնությունները հիմնականում ձախողվել էին հենց թուրքական նախապայմանների պատճառով: Հիշեցնենք՝ Հայաստանի բոլոր նախագահները Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել են: 2001-ին ստեղծվեց և որոշ ժամանակ գործելուց հետո դադարեցվեց Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի գործունեությունը։ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլի մասին արձանագրությունները, բայց այդպես էլ առանց վավերացնելու հանվեցին շրջանռությունից։

«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի կարծիքով՝ այս իշխանությունների օրոք մեկնարկած բանակցությունների ճակատագիրը կախված է վարչապետի կողմից հավանական զիջումներից: Ամերիկահայ գործիչը չգիտի՝ արդյո՞ք թուրքերը կցանկանան հարաբերություններ հաստատել հայերի հետ, եթե վարչապետը զիջումներ չանի, կառչած մնա մեր ազգային շահերից:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին առհասարակ՝ ամերիկահայ գործիչը վստահեցրեց՝ թեև Թուրքիան մեր թշնամին է, սակայն որևէ մեկը դեմ չէ Հայաստանի և Թուրքիայի կառավարությունների երկխոսությանը, քանի որ պետք է նաև երկխոսել թշնամու հետ, հասկանալ խնդիրների լուծման տեսլականը, սակայն խնդիրներն այլ տեղում են:

168.am-ի հետ զրույցում նա մասնավորապես ասաց. «Սկզբունքային դեմ չեմ խոսելուն, բայց այստեղ կան շատ կոնկրետ խնդիրներ, որոնք վարչապետը չի հասկանում և դուռ է բացում մեծ սխալների: Առաջինն այն է, որ երբ ինքն իշխանության եկավ, անընդհատ ասեց, որ դեմ է նախորդներին, նախորդների արածին. «մերժի՛ր Սերժին» և այլն, բայց ինչո՞ւ է հիմա կրկնում նույն քայլերը, ինչ նախագահ Սերժ Սարգսյանը փորձեց անել 2009 թվականին Հայաստան-Թուրքիա պրոտոկոլների վերաբերյալ»:

Հաջորդ դիտարկմամբ՝ հիշեցրեց, որ Թուրքիան է սահմանը փակել Հայաստանի համար. ոչ հակառակը, իսկ այս պարագայում Թուրքիան կարող է նույնիսկ այսօր հայտարարել, որ բացում է սահմանը:

Ամերիկահայ գործիչը նաև շեշտեց, որ երբ խոսում են Թուրքիա-Հայաստան հարաբերութունների մասին, պետք է գիտակցել, որ այն համահայկական հարց է. «Սա ամբողջ հայության ամենակարևոր հարցերից է. Ցեղասպանություն, Արևմտյան Հայաստան, Թուրքիայի հետ հարաբերություններ: Վարչապետը պետք է հասկանա, որ սա փոքր հարց չէ, որ առնչվում է միայն Երևանին, օրինակի համար՝ որ օրը և ինչպես պետք է հավաքեն աղբը Երևանի փողոցներից: Այդ հարցը թող ինքը որոշի, բայց երբ առնչվում է համահայկական հարցերին, որոնք առնչվում են մեզ հետ, որ ժառանգներն ենք ցեղասպանության զոհերի, մենք էլ պետք է ունենանք մեր ասելիքը: Պետությունն առնվազն պետք է ազնվություն ունենա մեզ հետ խորհրդակցելու՝ թե ի՞նչ է ձեր կարծիքը. մինչ օրս վարչապետը ոչ մի սփյուռքահայի չի հարցրել, թե ինչ կարծիք ունի, ինչը շատ զարմանալի է, որովհետև այս մարդն իշխանության եկավ՝ որպես դեմոկրատ, ժողովրդավար, սակայն ոչինչ չի անում ժողովրդավարության տեսակետից»:

Մեր զրուցակիցը շեշտեց նաև հայտնի նախապայմանների մասին, որ տարիներ շարունակ թուրքական կողմը նետել է դաշտ՝ Արցախի վերադարձը Ադրբեջանին, Ցեղասպանության ճանաչումից հրաժարում, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում:

44-օրյա պատերազմից հետո, ըստ Հարութ Սասունյանի, ավելացել են նաև այլ նախապայմաններ, որոնցից մեկը՝ Ադրբեջանի թելադրանքով, այն է՝ խաղաղության դաշնագրի ստորագրում, որը ենթադրում է Նախիջևանից և Արցախից վերջնական և պաշտոնական հրաժարում, իսկ մյուսը՝ թուրք-ադրբեջանական համատեղ ծրագիր «միջանցք»-ի վերաբերյալ. «Սրանք երկուսն էլ շատ խիստ նախապայմաններ են, որ Հայաստանի ղեկավարությունը, նախքան սեղան նստելը, պետք է մերժի, և այդ մասին երբեք չխոսեն: Ոչ մի զիջում, ոչ մի նախապայման, և եթե թուրքերը բանակցության սեղան գան նախապայմաններով, մենք էլ ունենք մեր նախապայմանները՝ Ցեղասպանության ճանաչումը թուրքական կառավարության կողմից և Արևմտյան Հայաստանի վերադարձը Հայաստանին»:

Հարցին՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ է, որ մինչև բանակցելը Սփյուռքի հանձնակատարի միջոցով սփյուռքի ձայնը ևս լսելի կդառնա Հայաստանի իշխանությունների համար, Հ.Սասունյանը պատասխանեց. «Դժբախտաբար, Սփյուռքի հանձնակատարը չի ներկայացնում Սփյուռքը. նա ներկայացնում է Փաշինյանի կուսակցությունը, անաչառ հանձնակատար չէ, իր պաշտոնը վերածել է քաղաքական պաշտոնի»:

Սփյուռքահայ գործիչը ցավով արձանագրեց, որ բազմաթիվ զիջումներից ու վարչապետի՝ Արցախի պատկանելության մասին ասուլիսում հնչեցրած վերջին մտքերից հետո խորը մտահոգություն ունի, որ մեծ ճեղք է բացվելու Սփյուռքի և Հայաստանի իշխանությունների միջև: Այս համատեքստում նա նաև հիշեցրեց Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի Ամերիկայում արած հայտարարությունը, թե Թուրքիայի նպատակն է, որպեսզի Հայաստանի հետ հարաբերություններ ստեղծելով՝ ջախջախեն ամերիկահայության դիրքորոշումը:

«Զարմանում եմ, որ Սփյուռքը մինչև հիմա լուռ է մնում, բայց եթե սկսվեն այս բանակցությունները Թուրքիայի հետ, և իմանանք, թե այն զիջումները, որ վախենում ենք՝ անելու է Փաշինյանը, Սփյուռքը ևս մեկ անգամ ոտքի է կանգնելու, և դա մեծ խրամատ է ստեղծելու Հայաստանի և Սփյուռքի միջև, ինչը որ թուրքերի նպատակն է: Վախենամ, որ թուրքերը հասնելու են իրենց երազին, որովհետև իրենք անընդհատ խոսել են, թե Հայաստանի հայերը շատ լավ հայեր են, և սփյուռքահայ ծայրահեղներն են, որ խանգարում են Թուրքիա-Հայաստան հարաբերություններին»,- նշեց մեր զրուցակիցը:

Հարութ Սասունյանն անդրադարձավ նաև բանակցություններում հայկական կողմի բանագնացին՝ նկատելով, որ վարչապետը, ինչպես շատ դեպքերում, այս անգամ ևս նշանակել է ամենաանկարող մարդուն:

«Ռուբեն Ռուբինյանը դեմ դիմաց նստելու է Թուրքիայի ներկայացուցչի՝ Սերդար Քըլըչի հետ, որը երկարամյա, փորձառու դիվանագետ է:

Ես այս երկու կողմերի հանդիպումը նմանեցնում եմ, որ սեղանի մի կողմում նստել է մի գայլ, մյուս կողմում՝ մի գառնուկ, և այդ պարագայում ամեն մարդ շատ հստակ գիտի, թե արդյունքն ինչ է լինելու, երբ գայլն ու գառը իրար հանդիպեն»:

Տեսանյութեր

Լրահոս