«Միշայիս անցած տարի անգամ գերեզման չկար, այս տարի տորթի մոմերը փոքրիկ եղբայրը փչեց ու երգեց՝ Happy birthday հերոս»․ Արցախում զոհված Միշան այսօր կդառնար 20 տարեկան

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Միշա Գրիգորյանն այսօր կդառնար 20 տարեկան։ Նա Լոռու մարզի Մղարթ գյուղից էր, ընտանիքի ավագ որդին, ունի իրենից 1 տարով փոքր քույր և 4 տարեկան եղբայր՝ Գոռը, որի անունն ինքն էր որոշել: Միշան զորակոչվել էր 2019 թվականի դեկտեմբերի 25-ին, ծառայում էր Հադրութում։ Հերոսի մայրը՝ Աննա Թամազյանը, 168.am-ի հետ զրույցում հիշեց, թե ինչ մեծ ոգևորությամբ են նշել որդու 18-ամյակը, ավաղ, դա եղավ վերջին անգամ, որ նշել են Միշայի ծննդյան օրը․․․

«Այսօր իմ ամենայի ծնունդն է․․․ 2019-ին բանակ գնալու քեֆն ու 18-ամյակը նույն օրը մեծ շուքով նշեցինք, Միշաս, ինչպես միշտ, շատ համեստ էր։ Ինքը չէր սիրում ծնունդներին նեղություն տալ մեզ, միշտ շատ թեթև, փոքրիկ ընկերական միջավայրում է նշել, երբեք չափը չի անեցել, այնքան զուսպ էր՝ մեր ֆինանսի հետ հարմարված․․․ Միշտ չէ, որ տորթերով ենք նշել, չենք ունեցել ֆինանս, սկզբում շատ դժվար էինք պահում երեխեքին, հետո քիչ-քիչ ծնունդներին ունեցան իրենց տորթերը, նշում էինք արդեն, ֆինանսապես նոր ոտքի էինք կանգնում, երեխեքն էլ մեծացել էին, նոր էինք սկսում ապրել․․․»,- հիշեց տիկին Աննան։

Ավանդույթ ունեին՝ ամեն տարի Միշայի ծննդյան օրը պարտադիր պետք է տոնածառը զարդարած լիներ, իսկ բնական եղևնին Միշան անձամբ էր ընտրում և տուն բերում, պատմում է հերոսի մայրը.

«Ամենասիրունը, ամենալավը ու ամենամեծն էր ընտրում, պետք է շատ բարձր լիներ տոնածառը՝ առաստաղին կպներ, բայց միևնույն ժամանակ ափսոսում էր, ասում էր՝ մամ, մեղք են այս եղևնիները, մի հատ մեծն առնենք, որ ես ամեն տարի չկտրեմ, բայց այդքան մեծն էլ թանկ է, ո՞նց պետք է առնենք։ Իր ծննդյան օրը միշտ ունեցել ենք զարդարած տոնածառ, միշտ։ Ես ու ինքը, քույրիկը զարդարում էինք, դե, Գոռիկս փոքր էր։ Այս տարի տեսավ՝ գնացել եմ Միշայիս համար փոքր տոնածառ եմ գնել, ինքն էլ ուզեց, բերել ենք, մի փոքրիկ տոնածառ, իր ձեռքով զարդարել է։ Ասացի՝ հաստատ, որ Միշաս վերևից տեսնի, կուրախանա, ինքը չէր ուզի, որ Գոռիկն անգույն, անփայլ Նոր տարի աներ։ Երեկ երեկոյան փոքրիկ տոնածառ ենք տարել Միշայիս մոտ, որ ծնունդը տոնածառով դիմավորի, այսօր էլ հարազատներով գնացինք, իմ սիրած վարդերն էի տարել Միշայիս, այն վարդերը, որ ինքը պետք է գրկած գար ու նվիրեր ինձ․․․»։

Միշան զոհվել է պատերազմի հենց առաջին օրերին՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին, նրա մարմինը Հայաստան էր տեղափոխվել 2020 թվականի հոկտեմբերի 9-ին, սակայն հարազատները Միշայի վառված, բայց ամբողջական մարմինը գտել են նրա զոհվելուց 6.5 ամիս անց՝ դիահերձարանում․

«Ինքը չհասցրեց 19-ամյակը բանակում նշել, անցած տարի ծնունդին անհայտ կորած էր, երեխես գոնե մի անգամ բանակում եղած ժամանակվա ծնունդը չիմացավ ինչ է, անցած տարի անգամ գերեզման չկար, որ գնայի, չգիտեի՝ ինչ անեի, ուր գնայի։ Այս տարի տորթ ուներ, փոքրիկ եղբայրը փչեց տորթի մոմերը, երգում էր` «happy birthday հերոս»։ Փոքր տղաս Միշայի հետ կապված միշտ հերոս բառն է օգտագործում․․․

5 օրից լրանում է 2 տարին, որ Միշաս պետք է զորացրվեր։ Ամսի 25-ին պետք է գար․․․ բառերով դժվար է ասել, թե որպես մայր՝ ինչ եմ զգում այս պահին․ ափսոսանք, կարոտ․․․ Ես ափսոսում եմ, որ փոքր տղաս՝ Գոռս, չվայելեց ախպոր ներկայությունը, ուղղակի նրա հիշողության մեջ պետք է մնա՝ որպես հերոս, բայց ինքն անձամբ չկարողացավ իր հիշողությունների մեջ պահել, ընդամենը 2 տարեկան էր, որ Միշաս բանակ գնաց։ Ես ափսոսում եմ, որ գոնե մի փոքր գիտակցական չշփվեցին իրար հետ»։

Որքան էլ դժվար է, բայց Տիկին Աննան ասաց, որ գիտակցում է կատարվածի փաստը, սակայն չի դադարում երազել, հավատալ հրաշքներին․

«Ես գիտեմ, որ դա հնարավոր չէ, բայց ամեն օր Աստծուն խնդրում եմ, որ մի հրաշք լինի, ու մի տեղից դուրս գա Միշաս, ինքը պետք է գար, ինքը մեզ պետք է ուժ տար, պետք է ապրեցներ, բայց մեկ է, թուլանալու իրավունք չունեմ, ես Գոռիս պետք է սարքեմ Միշայիս երազած տղան՝ կիրթ, դաստիարակված․․․»։

168.am-ն ավելի վաղ անդրադարձել էր Միշա Գրիգորյանի կյանքին և մարտական գործողություններին․

«Ինձ համար կարևոր էր իմանալ՝ Միշաս զգացե՞լ է, որ այրվել է, թե՞ չէ․ վախենում էր այրվելուց»․ Արցախում զոհված 19-ամյա Միշայի մարմինը զոհվելուց 195 օր հետո է գտնվել»։

Տեսանյութեր

Լրահոս