«Ինձ համար կարևոր էր իմանալ՝ Միշաս զգացե՞լ է, որ այրվել է, թե՞ չէ․ վախենում էր այրվելուց»․ Արցախում զոհված 19-ամյա Միշայի մարմինը զոհվելուց 195 օր հետո է գտնվել
Բարի, համեստ, խելացի, կարգապահ․․․ Արցախյան վերջին պատերազմում զոհված 19-ամյա Միշա Գրիգորյանին ճանաչողները առաջինը հենց այս բառերով են բնութագրում նրան։
Միշան Լոռու մարզի Մղարթ գյուղից էր, ընտանիքի ավագ որդին, ունի իրենից մեկ տարով փոքր քույր և 4 տարեկան եղբայր՝ Գոռը, որի անունն ինքն էր որոշել:
«Այնքան նպատակներ ուներ եղբոր հետ կապված․ անընդհատ ասում էր՝ Գոռիկը պետք է սովորի, պետք է խելացի, դաստիարակված մարդ մեծանա․․․»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Միշայի մայրը՝ Աննա Թամազյանը։
Միշան 2006 թվականից սովորել է Մղարթի 9-ամյա դպրոցում, ավարտելուց հետո ընդունվել է Ալավերդու արհեստագործական ուսումնարան։
«Մեր մոտ ոչ մի աշխատանք չկա, ֆինանսական առումով մի քիչ դժվար էր, դրա համար ինքը որոշեց՝ գնալ այնպիսի մի տեղ սովորել, որ տնից, էսպես ասած, փող չգնա․․․ Տրակտորի բաժինն էր ընտրել, որովհետև մի քիչ դժվար էր մեզ համար ուսման վճար տալը, ինչի համար շատ մեծ ափսոսանք կա, որ նման երեխեն․․․ Ինքը շատ խելացի էր, անչափ համեստ, երբեք բարձր ծիծաղելուց չէիր տեսնի, դյուրագրգիռ վիճակում չէիր կարող տեսնել, շատ, շատ հանգիստ էր: Ինքնակրթությամբ էր զբաղվում, հեռախոսում հավելված էր ներբեռնել, անգլերեն էր սովորում։ Մեքենա չունեինք, բայց ինքը հեռախոսով երթևեկության կանոններն էր սովորում․․․»,- պատմեց տիկին Աննան։
2019 թվականի դեկտեմբերի 20-ին լրացավ Միշայի 18-ամյակը: 5 օր անց՝ դեկտեմբերի 25-ին, նա զորակոչվեց հայոց բանակ։ Սկզբում 6 ամիս ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում, դրանից հետո որպես տանկի մեխանիկ-վարորդ՝ տեղափոխվել էր Արցախ՝ Հադրութի զորամաս։
«Բացարձակ չէր ուզում տանկիստ դառնալ, բայց հարմարվեց, բավականին պարտաճանաչ ու խելացի զինվոր դարձավ։ Իր մայորով էր շատ տպավորված, ամեն զանգելուց նրա մասին էր պատմում, իր համար 28-ամյա մայորը ոնց որ օրինակ լիներ։ 2020 թվականի հունիսի 24-ն էր, 2 կրծքանշաններով և լավագույն կուրսանտ կոչումով տեղափոխվեց Հադրութ, այնտեղից էլ էր շատ գոհ, ասում էր՝ լավ է։ Ինքն ամեն տեղ էլ իրեն ճիշտ դրսևորել գիտեր»,- հիշեց զոհված զինծառայողի մայրը։
Միշան հաճախ էր զանգահարում տուն, հերթով բոլորից հարցուփորձ անում, շատ էր կարոտում քրոջն ու եղբորը։ Մոր հետ նաև զրուցում էր ապագայից, իր նպատակների մասին և պլանավորում էր կյանքը ծառայությունից հետո․
«Ասում էր՝ բանակից գամ, պարտադիր պետք է գնամ Երևան, կրթությունս շարունակեմ, ուզում էր իրավաբան դառնար, շատ էր ուզում․․․ նախքան պատերազմը, որ «Քաջարի մարտիկ» կրծքանշան էր ստացել, ասում էր՝ մամ, բա որ «Արիության» մեդալը ստանամ, գամ, ուր ուզեմ թղթերս կտամ, անվճար կընդունվեմ ու կսովորեմ։ Իր հիմնական նպատակը դա էր՝ զորացրվելուց հետո տեղափոխվեր Երևան՝ և՛ աշխատեր, և՛ սովորեր, ասում էր՝ մամ, լավ եմ ծառայում, որովհետև էս մեդալները ուսման վարձից ահագին տոկոսներ են իջեցնում։ Ծիծաղս գալիս էր, ասում էի՝ այս խաղաղ երկրում ի՞նչ «Արիություն», արի ու տես, որ «Արիության» մեդալը ստացավ, ուղղակի հետմահու»։
Պատերազմի հենց առաջին օրվանից Միշան, թեկուզ մի քանի րոպեով, բայց կապ էր հաստատում հարազատների հետ, վստահեցնում, որ իր հետ ամեն ինչ կարգին է, որպեսզի տան անդամները չանհանգստանան:
«Ամեն գիշեր հարմարեցնում ու զանգում էր, ասում էր՝ առաջին գծում չենք, մենք դեռ չենք կրակել, երկրորդ գծում ենք կանգնած, բայց ինչպես հետո պարզեցինք՝ առաջին գծում է եղել․ դեպքը տեղի է ունեցել պատերազմի 3-րդ օրը՝ սեպտեմբերի 30-ին․․․ Համարներ ճշտելով՝ պարզեցինք, որ սեպտեմբերի 30-ին բոյ են մտել, զամպալիտն ասաց՝ Միշայի շնորհիվ թշնամու հարձակում ենք հետ մղել»,- պատմեց տիկին Աննան, ապա հավելեց, որ հոկտեմբերի 3-ին Միշայից ոչ մի լուր չունենալով՝ զանգահարել են Պաշտպանության նախարարության թեժ գիծ, որտեղից ասել են՝ Միշայի անունը զոհվածների ցուցակներում է, նույն օրը հրապարակվել է նաև նրա անունը։
Տիկին Աննան պատմեց, որ պատերազմից 5 ամիս անց Միշայի մարմինը դեռ չէին գտել, երբ իրենց տուն էր գնացել որդու սերժանտը, որը նաև Միշայի մտերիմ ընկերն էր, և որոշ մանրամասներ պատմել դեպքից․
«Տանկի մեջ 3 հոգով են եղել՝ Միշաս, նշանառուն ու իրենց հրամանատարը՝ սերժանտը, փառք Աստծո, նրանք ողջ են, կան․ սերժանտը Միշայիս շատ մտերիմ ընկերն է, հիմա վիրավոր է։ Փետրվարին նա եկավ մեր տուն, Միշայիս դեռ չէինք գտել, չգիտեինք՝ ճի՞շտ է այդ լուրը, թե՞ չէ, հույս ունեինք՝ գերի է, մի տեղից ողջ դուրս կգա։ Այդ տղան որ եկավ մեր տուն, մանրամասն պատմեց կատարվածը։ Ուրեմն՝ 2 հարված է եղել տանկին, առաջին հարվածը տանկի ցեպին է կպել, ու հարվածն այդ 2 տղերքին դուրս է շպրտել, Միշան դուրս է եկել տանկից, տեսել, որ ընկերն ընկել է տանկի առաջ, ու արգելակման խնդիրներ են առաջացել, որ տանկը կանցնի ընկերոջ վրայով, նորից հետ է մտել, տորմուզ է արել, բայց դուրս գալուց երկրորդ հարվածը կպել է բաշնյային․․․ Իրեն շատ մոտ է եղել, շատ-շատ մոտ, ու ինքը մնացել է տանկի վրա, սնարյադները բացվել են, վառվել է․․․»։
2021 թվականի ապրիլի 12-ին Միշայից դեռ ոչ մի լուր չկար․․․ Տիկին Աննան պատմեց, որ մի քանի ծնողով խումբ էին կազմել և Կառավարությունում հանդիպել էին Նիկոլ Փաշինյանի հետ, ներկայացրել ամեն հնարավոր դրվագ, տեղեկություն, որոնք կօգնեին գտնել իրենց զավակներին․
«Ասացի, որ տեղեկություններ ունեմ, որ ամբողջական մարմինն Արցախից ուղարկել են Հայաստան, նույնիսկ հնարավոր էր ճանաչել։ Չնայած, որ այրվել էր, նմուշառման համար, հաստատ եղել են նմուշառումներ։ Այսինքն, եթե դիահերձում եղել է, որ ուրիշ բան չլինի, արդեն այդ դիահերձման ժամանակ նմուշառում կարելի էր վերցնել։ Մենք վարչապետին բան էինք ասում, ինքն անտեղյակի նման նայում էր․․․ Ես որ առաջին անգամ մտա կառավարություն ու իրեն հանդիպեցի, իր վրայից այնպիսի անճարություն զգացի, որ ինքս ինձ ասացի՝ վերջ, մենք մեր երեխեքին էլ ոչ ողջ կգտնենք, ոչ՝ զոհված։ Նաև այդ զգացումով ես դուրս եկա Կառավարության շենքից․․․
Չեմ ուզում կոպիտ բառեր օգտագործել, բայց այդ հանդիպմանը ներկա էր Հերացու երևի դատաբժիշկներից՝ Բիշարյանը, ասաց՝ հնարավոր չի, նման բան անհնար է, խնդրում եմ՝ մի հատ վերջում մոտեցեք։ Վերջում մոտեցա, ամեն ինչ մանրամասն պատմեցի, ասաց՝ նման բան հնարավոր չէ, շատ հնարավոր է, որ շփոթմունք է, ուրեմն ձեր տղան ողջ է, հնարավոր չէ․․․ Էն, որ ասում են՝ ինչ ուզում ես լսես ու հավատում ես դրան․ թևեր առած դուրս եկա այնտեղից․․․
Հաջորդ օրը՝ ապրիլի 13-ին, գնացի ԱԱԾ, այնտեղ էլ նույնը պատմեցի, ասացին՝ ոնց որ բավականին շատ համարներ ունեք, գործող անձինք կան, ուղարկեցին Քննչական կոմիտե, գնացի քննչական, որ պետք է ներկայացնեմ ամեն ինչ, բայց այդ օրը ամուսինս հետս չէր, քույրս էր հետս․․․ Քննչականում ես հասկացա, որ գնում եմ մեկ այլ սենյակ, ես դա զգացի, չգիտեմ ինչից, բայց ես դա զգացի, ուղեկցեցին մի սենյակ, համակարգչի վրա կարդացի ՝ Գրիգորյան Միշա Մելիքի, ու արդեն, այսպես ասած՝ ամեն ինչ հասկացա․․․ Ասացի՝ համընկնում կա, հա՞, պատասխանեցին՝ չէ, բայց այդ չէ-ն ավելի շատ հա էր, թե բա՝ չէ, չկա, ասացի՝ ձեր խոսքից պարզ երևում է, բա հա, համընկնում ունեք․․․ Ես էլ էի ուզում ԴՆԹ հանձնել, որ համոզվեի, բայց համընկնումները շատ էին։
Միշաս բոյով էր, 1.83 ամենաքիչը, համենայն դեպս այդքան էր, որ գնաց բանակ, դիմացի ատամներն էլ մի քիչ թեքություն ունեին, որպեսզի երեխուս մի ամիս էլ քարշ չտային մի տեղից մեկ ուրիշ տեղ, ամուսնուս ասացի՝ գնացեք, նայեք, եթե ատամների թեքությունն էլ կա, էլ իմաստ չունի, որ ես էլ ԴՆԹ հանձնեմ, գնացին, նայեցին, կար, դե ԴՆԹ էլ հաստատված կար։ Նույնիսկ իր այդ դիրքից, թե ոնց էր մնացել տանկի վրա, ձեռքերի դիրքից անգամ, ամեն ինչ, ամեն ինչ․․․ էդպես երեխուն բերեցինք գյուղ, ապրիլի 16-ին որդուս հուղարկավորությունն էր, մեր գյուղում ենք հուղարկավորել»։
Միշայի մայրը նաև պատմեց, որ որդու այված, բայց ամբողջական մարմինը հենց զոհվելու օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին են դուրս բերել Հադրութից, հոկտեմբերի 9-ին Հայաստանում դիահերձում են իրականացրել, բայց 6.5 ամիս իրենց ոչ մի բան չեն ասել․
«Քանի որ տարբեր լուրեր էինք լսում, ամուսինս ամեն դեպքում հոկտեմբերի 7-ին ԴՆԹ թեստ հանձնեց, Միշայիս դիահերձումը դրանից 2 օր հետո է եղել՝ հոկտեմբերի 9-ին․ նմուշառման համար հյուսվածքներ եղել են, նկարների մեջ անգամ բատինկաներն էին հագին, նույնիսկ ոտքերի վրա տեղ-տեղ մազը չէր խանձվել, պատկերացրեք՝ ինչքան նմուշառում է հնարավոր եղել վերցնել ու ժամանակին ԴՆԹ անել, բայց Հայաստանի «պարտաճանաչ» աշխատողները 6.5 ամիս մեզ մորգից մորգ են վազեցրել։ Գորիս, Վարդենիս, Մարտունի, Հերացի ու Մեծամորը էլ չեմ ասում, ամեն-ամեն հնարավոր տեղ․․․ Էդ մարդիկ չեն աշխատում, մինչև էսօր էլ մարմիններ կան մորգերում․․․
Միշայիս ամբողջական մարմինը Մեծամորի դիահերձարանում է եղել, ասացին՝ այրված է եղել, ԴՆԹ-ն դժվար է անջատվել, բայց ես դրան ուղղակի չեմ հավատում․․․ Փորձեցին-փորձեցին, 6.5 ամիս հետո մի կերպ անջատվե՞ց․․․»։
«Արիության» մեդալը Միշայի հուղարկավորության 40-րդ օրն են հանձնել։ Տիկին Աննան ասաց՝ մի հարց կար, որն այնուամենայնիվ իրեն հանգիստ չէր տալիս, և այդ օրը որդու քառասունքին ներկա գտնվող դասակի հրամանատարից փորձել է ստանալ իրեն տանջող հարցի պատասխանը․
«Ինձ համար շատ կարևոր էր իմանալ՝ Միշաս զգացե՞լ է, որ այրվել է, թե՞ չէ․ ինքը վախենում էր այրվելուց։ Միշտ ասում էր՝ մամ, ամենացավոտ մահը վառվելով մեռնելն է, ու ինձ համար դա շատ կարևոր էր․․․ Ճիշտ է՝ ոչինչ չէի փոխելու, բայց միևնույն է, ինչ-որ մի մխիթարական բան էի ուզում գտնել, որ գոնե ինքը զգացած չլինի։ Դասակի հրամանատարն ասաց՝ ընդամենը 20 սանտիմետր է եղել հարվածի հեռավորությունը, պետք է որ հնարավոր չլիներ, որ զգար իր վառվելը․․․ Մեր երեխեքն արժանի չէին սրան, չգիտես՝ ինչի համար տարան, այսքան երեխեքին վարի տվեցին, իրենք ամենալավերն էին․․․
Միշան ուրիշ էր, պատմում են, որ առաջնագծում էլ շատ համարձակ էր, առաջին գործողության ժամանակ իրենց տանկով 2 ԲՄՊ, 1 տանկ և 40-50 հետևակ են ոչնչացրել, ու որ հետնահանջի հրաման են տվել, ասել են՝ դուրս եկեք, էլ խփելու բան չկա, Միշաս ասել է՝ հա, մի հատ էլ ֆռանք, ու դուրս գանք, ասել է՝ սրանց պետք է ջարդենք, հետո դուրս են եկել։
Սեպտեմբերի 30-ին ժամը 3-ի կողմերը նորից հրաման են ստացել՝ 4-րդ պաշտպանականից գնացեք 3-րդ պաշտպանական՝ թշանամու տանկեր են գալիս, գնացեք առաջն առեք․․․ Մեր հրետանին է հարվածել Միշայենց տանկին, ես որ իմացա, ասացի՝ երևի նորակոչիկներն են եղել, չեն իմացել, Միշայիս ընկերն ասաց՝ ի՞նչ նորակոչիկ, Գյումրու սպայական կամանդն էր։ Պարզվում է՝ մերոնք մեր տանկերի վրա են կրակել, 4 տանկ են շարքից հանել, 2 հարված հասցվել է Միշայի տանկին, որովհետև ինքն առաջինն է եղել, մեծ արագություն է ունեցել, ասել է՝ տղերք, գնացինք։ Ես, որ դասակի հրամանատարին էլ հարցրեցի, ինքը մի տեսակ շփոթվեց, ասաց՝ ի՞նչ գիտեք, ասացի՝ ընկերն է ասել։ Հետո գնդի զամպալիտը հետևյալ կերպ բացատրեց՝ հրամանատարը հրետանավորներին տարել և հրաման է տվել՝ այդ հատվածից ով դուրս գա՝ կխփեք, ու այդ պահին թշնամու փոխարեն մերոնք են դուրս եկել ու հարվածն իրենք են ստացել։ Ես չգիտեմ՝ դա դավաճանության հետևա՞նք է, թե՞ շփոթմունք է, բայց նման բան է եղել, 400 մետրից է հարվածն իրականացվել։ Միշայիս մարմինը գտել ենք զոհվելու 195-րդ օրը․․․»։
Մոտ 1 տարի է, որ Միշա Գրիգորյանը ֆիզիկապես հարազատների հետ չէ, սակայն նրա շունչն ամեն տեղ զգացվում է, անգամ տան բակում, որտեղ աճել և մեծանում են Միշայի տնկած ծառերը․․․