«Հորինված «ադրբեջանական գյուղերում» բավականին ակտիվ աշխատանքներ են ընթանում, բենզալցակայաններ, տներ են կառուցում». Գառնիկ Դավթյան

Դեկտեմբերի 1-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ասել էր, որ Հայաստանի մաքսային ծառայողներն արդեն իրենց ծառայությունն են իրականացնում Գորիս-Կապան ճանապարհահատվածում։

«Իհարկե, բուն գործառույթներին հարցը չի հասել, այսինքն՝ դա այն դեպքում կլինի, երբ համապատասխան ինչ-որ մեքենա հատի ՀՀ սահմանը, և այնտեղ մաքսային հսկողություն իրականացնելու անհրաժեշտություն առաջանա։ Բայց մաքսային ծառայողներն արդեն տեղակայված են, որոշակի աշխատանքներ ենք տանում, որպեսզի իրենց համար աշխատանքային հավելյալ պայմաններ ապահովենք այդ հատվածներում։ Շենքերին փոխարինող ավելի հարմարավետ միջոցներ կան, որոնք հիմա գնման պրոցեսում են։ Իրենք աշխատում են այնտեղ, որտեղ աշխատում են այլ պետական մարմիններ, որոնք աշխատում էին մինչ այդ։ Չեմ կարող ասել՝ ադրբեջանական կողմը կօգտվի՞ այդ ճանապարհից, թե՞ ոչ, կամ ո՞ր փուլում կօգտվեն։ Մեր մաքսավորների տեղակայումն այնտեղ ինքնանպատակ չէ, դա բազմիցս կառավարության կողմից մեկնաբանվել է, այստեղ հավելյալ մեկնաբանություն չունեմ»,- նշել էր ՊԵԿ նախագահը։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհահատվածում ՀՀ մաքսային ծառայողների տեղակայմանը, նշեց, որ այդ ամենը կարելի է մի քանի ձևով մեկնաբանել։

«Կարծում եմ՝ առաջիկայում այն ճանապարհները, որոնք կառուցվում են Ադրբեջանի կողմից, մասնավորապես՝ Արցախի օկուպացրած Քարվաճառից եկող, այդ նոր ճանապարհը կմտնի Գորիս-Կապանով, կգնա Անգեղակոթ և կմիանա Նախիջևանին։ Սա մեկ ենթադրություն, որ այդ մաքսակետերը դրվել են այդտեղ, որպեսզի այն բեռները, որոնք կմտնեն հայկական տարածք, այնտեղ կլինի մաքսակետ, հայերը կփորձեն բեռների դիմաց մաքսատուրք գանձել։ Ադրբեջանական կողմն էլ մաքսակետերը դրել է նրա համար, որ հայկական կողմի հետ կոմպրոմիսի գնա, ասի, քանի որ հայկական կողմն իրենց բեռներից գանձումներ է անում, իրենք էլ հայկական կողմից են գանձումներ անում, և եթե չեն ցանկանում՝ մաքսային խնդիրներ լինի, պետք է երկուստեք վերացնեն մաքսային վճարների կարգը։

Մենք այսօր նաև տեսնում ենք, որ հորինված «ադրբեջանական գյուղերում» բավականին ակտիվ աշխատանքներ են ընթանում, բենզալցակայաններ, տներ են կառուցում»,- նշեց Գառնիկ Դավթյանը։

Ինչ վերաբերում է Իշխանասարի հատվածից թշնամու զորքերի հետքաշմանը, ինչի մասին Իշխանասարի ղեկավարն էր հայտարարել, սակայն Պաշտպանության նախարարությունը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել էր, Գառնիկ Դավթյանն ասաց, որ ի սկզբանե այդ տեղեկատվությանը չի հավատացել, որովհետև, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ ռազմաքաղաքականությունը, երբ մարդկանց են գերեվարում ու սպանում, մեկ օրում հետ քաշվելու որոշում չէին կայացնի։

«Խոսք կա ընդամենը մեկ դիրքի հետքաշման մասին, ադրբեջանական տիրույթում էլ են դրա մասին գրում։ Ոչ թե Իշխանասարի գյուղապետի կողմից այդպես ուռճացված ձևով ներկայացրածն է, քանի որ այնպիսի տպավորություն է, որ բոլոր դիրքերից են ադրբեջանցիները հետ քաշվել, այլ մեկ դիրքի մասին է, որը հայկական դիրքերին շատ մոտ է, և ձմեռային պայմաններում այնտեղ մատակարարումը դժվար է իրականացվում։ Այսինքն՝ այդ դիրքերում ադրբեջանցիները չեն կարողանա ձմեռային պայմաններում սնունդ, վառելափայտ հասցնել, այդ պատճառով էլ մի փոքր այդ հատվածում հետ են գնացել»,- եզրափակեց Գառնիկ Դավթյանը։

Տեսանյութեր

Լրահոս