«ՀՀ մաքսային ծառայողներն արդեն տեղակայված են Գորիս-Կապան ճանապարհին, չգիտեմ՝ ադրբեջանական կողմը կօգտվի՞ այդ ճանապարհից, թե՞ ոչ». Ռուստամ Բադասյան

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի վկայությամբ՝ դիտարկումները ցույց են տալիս, որ եկամուտների հավաքագրման վերաբերյալ վերանայված բյուջեով սահմանված ցուցանիշները կկատարվեն, հնարավոր է՝ նաև գերակատարվեն։

«Բնականաբար, գնաճն իր ազդեցությունն ունի հարկերի հավաքագրման վրա։ Բայց մեր վերլուծությամբ՝  2021 թվականը համեմատել ենք 2019 թվականի հետ, արձանագրել ենք, որ 2019 թվականի ցուցանիշները բարելավվում են։ Հիշեցնեմ, որ 2019 թվականը ռեկորդային տարի էր հարկային եկամուտների առումով։ Որոշակի ուսումնասիրություններ ենք արել նաև գնաճի մասով և ավել հավաքագրված եկամուտի նկատմամբ, ընդամենը 3,2 -3,4 տոկոսի ազդեցություն ունի մեր գնահատումներով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուստամ Բադասյանը։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ Հայաստանի մաքսային ծառայողներն արդեն իրենց ծառայությունն են իրականացնում Գորիս-Կապան ճանապարհահատվածում։

«Իհարկե, բուն գործառույթներին հարցը չի հասել, այսինքն՝ դա այն դեպքում կլինի, երբ համապատասխան ինչ-որ մեքենա հատի ՀՀ սահմանը և այնտեղ մաքսային հսկողություն իրականացնելու անհրաժեշտություն առաջանա։ Բայց մաքսային ծառայողներն արդեն տեղակայված են, որոշակի աշխատանքներ ենք տանում, որպեսզի իրենց համար աշխատանքային հավելյալ պայմաններ ապահովենք այդ հատվածներում։ Շենքերին փոխարինող ավելի հարմարավետ միջոցներ կան, որոնք հիմա գնման պրոցեսում են։ Իրենք աշխատում են այնտեղ, որտեղ աշխատում են այլ պետական մարմիններ, որոնք աշխատում էին մինչ այդ։ Չեմ կարող ասել՝ ադրբեջանական կողմը կօգտվի՞ այդ ճանապարհից, թե՞ ոչ, կամ ո՞ր փուլում կօգտվեն։ Մեր մաքսավորների տեղակայումն այնտեղ ինքնանպատակ չէ, դա բազմիցս կառավարության կողմից մեկնաբանվել է, այստեղ հավելյալ մեկնաբանություն չունեմ»,- շեշտեց ՊԵԿ նախագահը։

 

Տեսանյութեր

Լրահոս