Հիմա՞ ինչ են հորինելու
Իշխանություններն առիթը բաց չեն թողնում խոսելու գյուղացիական տնտեսություններին տրամադրվող մեծածավալ օժանդակությունների մասին։ Սակայն, ինչպես տեսնում ենք, դրանից գյուղատնտեսության վիճակը չի լավանում. նախորդ երեք տարիներին արտադրության ծավալները միայն նվազել են։
Այս տարի ևս գյուղատնտեսության ոլորտի զարգացումները, մեղմ ասած, հուսադրող չեն։ Չնայած տարին բավական հաջող մեկնարկեց, դա էլ չփրկեց։
Մի պահ արտադրության ծավալների աճ գրանցվեց։ Սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ ոչ մի աճ էլ չկա։ Գյուղատնտեսությունը շարունակում է անկումային մնալ։
Տարվա առաջին կեսի արդյունքներով, պաշտոնական վիճակագրությունը գյուղատնտեսության մեջ արձանագրեց արտադրության ծավալների 6,5 տոկոս ավելացում։ Այն էլ, առաջին եռամսյակի 1 տոկոս նվազումից հետո։
Սա որոշ պաշտոնյաների շրջանում մեծ ոգևորություն առաջացրեց։ Էկոնոմիկայի նախարարը, սովորության համաձայն, շտապեց ժամանակից շուտ հայտարարել, որ այս տարի գյուղատնտեսության ոլորտում «տպավորիչ աճեր» ենք ունենալու, քանի որ 2019թ. մեկնարկած ծրագրերն արդեն «պտուղներ» են տալիս։
Սակայն նախարարի ոգևորությունը, ինչպես միշտ, տեղին չէր։ Արդեն երեք եռամսյակների արդյունքներով, գյուղատնտեսությունը կրկին հետ գնաց։ Առաջին կիսամյակի 6,5 տոկոս աճը շատ արագ վերափոխվեց անկման։ Արձանագրվեց արտադրության ծավալների 1,5 տոկոս նվազում։
Տարվա երկրորդ կեսից գյուղատնտեսության մեջ գործերը սկսեցին լավ չգնալ։ Չնայած դա մինչ այդ էլ տեսանելի էր։
Գյուղատնտեսությունը բախվեց երաշտի ու սակավաջրության հետ։ Իշխանություններն այդպես էլ չկարողացան ժամանակին լուծել ոռոգման ջրի խնդիրը։
Բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ կանգնեցին փաստի առաջ, ինչի հետևանքով ունեցան բերքի մեծաքանակ կորուստներ։ Չփրկեց նաև Սևանից լրացուցիչ ջրառը։ Նախատեսված չափաքանակները ժամանակից շուտ սպառվեցին, ու իշխանությունները գնացին Սևանից լրացուցիչ ջրառ կատարելու ճանապարհով։ Խոսքը տասնյակ-միլիոնավոր խորանարդերի մասին է։
Իմիջիայլոց, նախկինում, երբ Սևանից լրացուցիչ ջրառ կատարելու անհրաժեշտություն էր առաջանում, Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը մեծ վայնասուն էր բարձրացնում։ Մեղադրում էր գործող վարչախմբին՝ Սևանը դատարկելու մեջ։ Բայց այսօր նույն հաջողությամբ իրենք են այդպես անում։ Մոռացել են, թե իշխանափոխության առաջին տարում ինչպիսի աժիոտաժ էին բարձրացրել, որ Սևանից ավելի քիչ ջուր են բաց թողել, քան նախատեսված էր։ Չնայած դրա հետևանքով կրկին բերքի կորուստներ ունեցանք։ Եղավ նաև մի պահ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այս տարի մեզ սպասվող ամենասենսացիոն նորության մասին։
«Մեզ սպասվում է առաջիկայում, թերևս, մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկը. 2021 թվականի հունիս-հուլիսին Սևանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը՝ վերջին 60 տարվա ընթացքում։
Ասում են՝ անձրև շատ է եկել, ձյուն շատ է եկել, դրա համար էլ Սևանի մակարդակն այդքան բարձր է լինելու։ Փաստորեն, վերջին 60 տարվա ընթացքում Հայաստանում ո՛չ ձյուն էր եկել, ո՛չ էլ անձրև էր եկել, անձրև և ձյուն Հայաստանի Հանրապետությունում, տիկնայք և պարոնայք, տեղացել է միայն 2020-2021 թվականներին, կամ էլ Եղիա մարգարեի ժամանակների երաշտից է եղել, այն ժամանակ 30 տարի էր, այս անգամ, փաստորեն, 60 տարի է եղել։
Կեսկատակ-կեսլուրջ, այստեղ պետք է արձանագրել, որ սա ջրային ռեսուրսների բոլորովին նոր որակի կառավարման արդյունք է։ Եվ դրա արդյունքում, այո, մենք այս տարի ունենալու ենք վերջին 60 տարվա համար Սևանի ամենաբարձր մակարդակը»,- մեզ սպասվող սենսացիայի մասին այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն անում էր խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
Երկու ամիս հետո պարզվեց, որ ոչ մի սենսացիա էլ չի լինելու։ Ընդամենը հերթական բլեֆն էր։
Ոչ միայն Սևանի մակարդակը վերջին 60 տարվա ամենաբարձր նիշի վրա չէր, այլև ավելի ցածր էր, քան նախորդ տարի էր։ Բացի այդ էլ՝ դեռ կառավարությունը ստիպված էր լրացուցիչ 50-70 մլն խորանարդ մետր ջուր վերցնել։
Դրա հետևանքով Սևանի մակարդակը այսօր գրեթե 10 սանտիմետրով ավելի ցածր է՝ նախորդ տարվանից։ Չհաշված, որ դրանով չլուծվեցին նաև գյուղատնտեսության ոլորտում ի հայտ եկած խնդիրները։ Վկա՝ բերքի այն կորուստները, որոնք ունեցանք տարվա երկրորդ կեսին։
Եթե առաջին կիսամյակում բուսաբուծության ոլորտում արտադրության ծավալների 22 տոկոսանոց աճ էր գրանցվել, ապա արդեն 3 եռամսյակների արդյունքներով, այդ հսկայական աճից ոչինչ չմնաց։ Գրանցվեց 2,4 տոկոսանոց անկում։
Դժվար չէ պատկերացնել, թե ինչ է տեղի ունեցել երրորդ եռամսյակում գյուղատնտեսության ոլորտում։ Արտադրության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 7,7 տոկոսով։
Ճիշտ է, երաշտը թողել է իր ազդեցությունը, բայց միայն դրա հետևանք չէ բերքի կորուստը։ Եթե ժամանակին կարողանային պատշաճ կազմակերպել ջրամատակարարումները, ապա կորուստները հաստատ այդքան չէին լինի։ Բայց քանի որ մեր իշխանությունները սիրում են ավելի շատ խոսել, քան գործով զբաղվել, արդյունքներն էլ այսպիսին պիտի լինեն։
Դրա վկայությունն է նաև այն, որ արտադրության ծավալների կրճատում ունենք՝ ինչպես բուսաբուծության, այնպես էլ՝ անասնապահության մեջ։
Եթե նույնիսկ ընդունենք, որ բուսաբուծության ոլորտի անկումն ամբողջությամբ երաշտի հետևանք էր, ապա ի՞նչ ասել անասնապահության վերաբերյալ, որտեղ արտադրության ծավալները նվազել էին նաև տարվա առաջին կեսին։ Այդ նվազումը պահպանվեց նաև հետագայում։
Հարց է առաջանում՝ ի՞նչ եղան կառավարության այն ծրագրերը, որոնց պտուղները պիտի արդեն վայելեինք։
Հայտնի է, որ պետական բյուջեից հսկայական գումարներ են հատկացվել ոլորտի սուբսիդավորման ու արտոնյալ վարկերի տրամադրման համար։ Իսկ արդյունքներն ահա այսպիսին են։ Այսպիսին են, որովհետև այդ գումարները չեն ծառայում իրենց նպատակին, կամ ներկայացվող ծրագրերի արդյունավետությունը շատ ցածր է։ Երեք տարի է՝ «խելացի անասնագոմեր» են կառուցում ու դեռ 2-3 տասնյակ այդպիսի անասնագոմեր են կարողացել ֆինանսավորել։ Էլ չասենք, որ սուբսիդավորում են գյուղացիական վարկերը, որոնք շատ հաճախ ծառայում են ոչ թե գյուղատնտեսության զարգացմանը, այլ մարդկանց կենցաղային խնդիրների լուծմանը։
Տարօրինակ չէ, որ արդյունքներն էլ այսպիսին են։ Այդպիսին էլ լինելու են նաև հետագայում, եթե պիտի շարունակեն առաջնորդվել նույն սկզբունքներով։
Արդեն 3 տարի է, ինչ խոսվում է գյուղատնտեսական հողերի խոշորացման մասին, իսկ գործը տեղից չի շարժվում։ Ամեն ինչ ավարտվում է նրանով, որ գյուղոլորտը համակարգող նախարարը պարբերաբար հիշեցնում է այդ մասին, ու դրանով ամեն ինչ ավարտվում է։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ