Բաժիններ՝

Երկու տնօրեն՝ մեկ դպրոցում

Հանրային քննարկման է դրվել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Е-draft հարթակում մեծ մասը դեմ են քվեարկել այս նախագծին։ Թերևս, պատճառն այն է, որ նախագծի համաձայն՝ դպրոցն ունենալու է երկու տնօրեն՝ ուսումնական և վարչատնտեսական։ Վերջին 3 տարիներին նախարարությունն անընդհատ որոնումների մեջ էր տնօրեններին առնչվող նորմատիվային դրույթների հետ կապված։ Սկզբում փորձ արվեց դպրոցական խորհուրդներում մեծացնել ծնողների և ուսուցիչների թիվը, հետո հայտնվեց մի տարբերակ, որի համաձայն՝ իշխանությունը խորհրդում ունեցավ 50+1 ձայն, հետո ի հայտ եկավ խոշորացված խորհուրդների հարցը։ Նախարարությունը տարբեր ձևերով ձգտում էր իր վերահսկողության տակ վերցնել տնօրենների ընտրության գործընթացը։

Պարբերական կոսմետիկ փոփոխություններից հետո նախարարությունը գնաց արմատական փոփոխությունների։ Առաջարկվում է մշակութային հաստատությունների օրինակով ունենալ երկու ղեկավար. ուսումնական տնօրեն, որը համարժեք է գեղարվեստական ղեկավարին, և վարչատնտեսական տնօրեն, որը համարժեք է գործադիր տնօրենին։ Նախարարությունն այս քայլը հիմնավորում է միջազգային փորձով։ Իհարկե, միջազգային փորձը հիմք չէ այն առումով, որ միշտ կարելի է բերել նաև միջազգային մեկ այլ փորձ։ Բոլորս տեսնում ենք, թե ինչ վիճակում հայտնվեցինք կառավարման խորհրդարանական փորձը Հայաստանում ներդնելուց հետո։

Այստեղ կարևորն այն է, թե ինչո՞ւ է երկու տնօրեն ունենալը ներկա պահին անհրաժեշտ Հայաստանին։ Այս առումով բերվում է հետևյալ հիմնավորումը։ Ներկայումս դպրոցների տնօրենները գերծանրաբեռնված են աշխատում։ Չեն հասցնում իրականացնել և ուսումնական, և վարչատնտեսական գործառույթները։ Տնօրենները շատ ժամանակ են հատկացնում վարչատնտեսական գործառույթներին, ինչի պատճառով տուժում է կրթության բովանդակությունը։

Ի դեպ, նման երկիշխանություն հաստատելու ցանկություն կար նաև բուհերում։ Օրենքի նախագծի մի քանի տարբերակներում նշվում էր, որ բուհի ռեկտորը չի կարող լինել գիտական խորհրդի նախագահ։ Քննարկումների ժամանակ ռեկտորները կարողացան այս դրույթը հանել օրենքից։

Հետաքրքիր է, որ երբ քննադատում էինք Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները միավորելու գաղափարը՝ նշելով, որ մեկ նախարարը չի կարող 5 ոլորտ ղեկավարել, որպես հակափաստարկ՝ բերվում էր այն, որ միավորման արդյունքում կուժեղացվի փոխնախարարների ինստիտուտը։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ հիմա դպրոցի փոխտնօրենների ինստիտուտն ուժեղացնելու փոխարեն, կիրառվում է 2 տնօրեն ունենալու մոտեցումը։

Իմ ենթադրությամբ (հնարավոր է՝ սխալվում եմ), այս որոշմամբ փորձ է արվում դպրոցների կառավարումը կենտրոնացնել նախարարության ձեռքում։ Օրենքի նախագծից հետևում է, որ վարչատնտեսական գծով տնօրենը կնշանակվի վերադասի կողմից, իսկ ուսումնական գծով տնօրենը կնշանակվի մրցութային փուլերը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ցանկից։ Այսինքն՝ ներդրվում է քաղաքացիական ծառայության համակարգի նման մի մոտեցում։ Ակնհայտ է, որ շատ ավելի խիստ պահանջներ են ներկայացվում ուսումնական գծով տնօրենին, քան վարչատնտեսական գծով տնօրենին։ Ուսումնական գծով տնօրենը պետք է հավաստագրվի, ատեստավորվի, զարգացման ծրագիր ներկայացնի, ապահովի կրթության որակ։ Նրան կարող են պաշտոնանկ անել՝ ինչպես նախարարությունը, այնպես էլ՝ դպրոցի խորհուրդը։

Դպրոցի ուսումնական գծով տնօրենը պետք է 3 տարին մեկ անգամ ատեստավորվի, իսկ վարչատնտեսական գծով տնօրենին նման պահանջներ չեն ներկայացվում։ Այլ կերպ ասած, վերջինս դառնում է վերադասի «մարդը» դպրոցում։

Հնարավոր է, նման երկատման պատճառներից մեկն այն է, որ փորձ է արվում վերահսկել դպրոցի ֆինանսական հոսքերը՝ հակակշիռներ ստեղծելու միջոցով։ Քրեական քրոնիկոնը ցույց է տալիս, որ դպրոցներում հարուցված քրեական գործերում ամենատարածված խախտումն այն է, որ տնօրենը մարդիկ է ընդունել աշխատանքի, որոնք չեն ներկայացել աշխատանքի, բայց ստացել են աշխատավարձ։ 2 տնօրեն ունենալու դեպքում նման ռիսկերը նվազում են։

Պետք է հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ նոր չափորոշիչներով նախատեսվում է դպրոցներին տալ որոշակի ազատություններ։ Եվ այդ ազատությունների ֆինանսական ասպեկտը վերահսկելու նպատակով ներդրվում է հակակշիռների համակարգը։

Այս մոտեցման մեջ կա երկու խնդրահարույց հարց։ Առաջին, որտեղի՞ց ենք գտնելու 1400 վարչատնտեսական տնօրեն։ Հատկապես փոքր գյուղերում, որտեղ նույնիսկ ուսուցիչ չկա։ Որքա՞ն լրացուցիչ գումար կպահանջվի այս փոփոխության համար։ Հայաստանի նման աղքատ երկրում արդյո՞ք շքեղություն չէ դպրոցի 2 տնօրեն ունենալը։ Ի՞նչ է լինելու փոխտնօրենների հետ։ Կրճատվելո՞ւ են այդ հաստիքները։

Երկրորդ, թատրոնների, համերգասրահների օրինակով գիտենք, որ այս համակարգը հաճախ բերում է կոնֆլիկտների։ «Երկու ղեկավար՝ մեկ հիմնարկում» համակարգը կարող է խնդիրներ ստեղծել։ Ունենք 1400 դպրոց։ Եթե դրանց 10%-ում էլ խնդիրներ առաջանան, ապա լուրջ գլխացավանք  է լինելու նախարարության համար։ Ժամանակին նախարարությունը տարվա կեսը զբաղվում էր ընդունելության քննություններով։ Հիմա կարող է ռիսկ առաջանալ, որ նախարարությունը հսկայական ժամանակ ծախսի դպրոցի երկու ղեկավարների միջև ծագող կոնֆլիկտները լուծելու հարցերով։

Հասկանալի է, որ մեր տնօրենների զգալի մասը լավ չի տիրապետում ֆինանսական, օրենսդրական դրույթներին, քանի որ տարիներ շարունակ աշխատել են որպես ուսուցիչ։ Բայց այդ խնդիրը կարելի է լուծել վարչատնտեսական հարցերով փոխտնօրենի միջոցով։ Իհարկե, այս տարբերակի դրական կողմերից մեկն այն է, որ ուսումնական գծով տնօրենը կկարողանա ամբողջությամբ կենտրոնանալ ուսումնական հարցերի վրա։ Բայց հաճախ այդ հարցերն ուղիղ կապված են լինում ֆինանսական, վարչական, տնտեսական հարցերի հետ։ Ինչպե՞ս է ուսումնական տնօրենը ներկայացնելու դպրոցի զարգացման ծրագիր, եթե ինքը պատասխանատու չէ վարչատնտեսական գործունեության համար։ Այստեղ է, որ կարող են առաջանալ կոնֆլիկտներ։

Մեր ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ այն, որ համակարգի կառավարումն իրականացվում է էկլեկտիկ քայլերով։ Չկա մեծ նկարը, որը մեզ հնարավորություն կտա հասկանալ գործող իշխանության կողմնորոշումները։ Կան փազլի կտորներ, որոնք ներկայացվում են՝ որպես ամբողջական փազլ։ Որոշ հարցերում իշխանությունները նեոլիբերալ են, որոշ հարցերում՝ ավտորիտար, որոշ հարցերում՝ ռադիկալ, որոշ հարցերում՝ պահպանողական։ Այս անորոշությունն է պատճառը, որ կրթական համակարգը տասնամյակներ շարունակ ցնցումների մեջ է։ Եվ ամեն ցնցումից հետո իրավիճակն ավելի է վատանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս