Խարդախները փող են կորզում խոշոր բանկերի ներդրումային նախագծերին մասնակցելու առաջարկներով
«Կասպերսկի» ընկերության փորձագետներն ուսումնասիրել են տարածված խարդախ սխեմա, որով չարագործները նմանակում են ռուսական խոշոր բանկերի ներդրումային նախագծերը: Նրանք տարածում են կեղծ ռեսուրսներ, որտեղ առաջարկում են հասանելիություն ստանալ տարբեր ընկերությունների բաժնետոմսերում ներդրումներ կատարելու հարթակներին։
Փորձագետները հանդիպել են նման ռեսուրսների տարբեր տարբերակներ։ Որոշ ռեսուրսներում չարագործները վստահեցրել են, որ կարելի է վաստակել մինչև տարեկան 50%, մյուսներում գայթակղել են ԱՄՆ-ի և ՌԴ-ի շուկաներին ուղղակի հասանելիությամբ։ Որոշ դեպքերում խարդախները նույնիսկ առաջարկել են օգտվել խորհրդատուի ծառայությունից, որը կօգնի ձևակերպել առաջին գործարքը: Բայց այդ ամենը կեղծիք է եղել։
Ներդրումային հարթակին հասանելիություն ստանալու համար պետք էր փոքր թեստ անցնել, պատասխանել պարզ հարցերի, օրինակ՝ «Ինչպե՞ս եք տնօրինում ձեր խնայողությունները» կամ «Ունե՞ք արդյոք ֆինանսական պարտավորություններ»։ Մինչ մարդը պատասխանում էր, նրան զուգահեռ ցույց էին տալիս կեղծ գովազդային պաստառներ՝ 100-150 հազար, իսկ առանձին դեպքերում ՝ մինչև երեք միլիոն ռուբլի վճարման խոստումով։
Թեստն անցնելուց հետո մարդուն խնդրում են մուտքագրել անձնական տվյալները (անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե)՝ իբր հետագա կապի համար։ Սակայն, ամենայն հավանականությամբ, այդ կերպ չարագործները հավաքում են տվյալներ, որպեսզի հետո դրանք վաճառեն կամ օգտագործեն այլ սխեմաներում։ Մարդուն իսկապես կարող են զանգահարել ներդրումային հաշիվ բացելու առաջարկով, բայց զրույցի ընթացքում զոհին փորձում են համոզել որոշակի գումար փոխանցել չարագործների հաշվին։
«Խարդախները շատ հմտորեն օգտագործում են սոցիալական ինժեներիայի մեթոդները։ Նրանք բառացիորեն ստիպում են օգտատերերին մտածել այն մասին, թե ինչպես նրանք կարող էին տնօրինել վաստակած գումարը՝ տալով հուշող հարցեր: Եվ տեղում բերում են այն մտքին, որ նման հեշտ փողով կարելի է վճարել վարկը կամ գնել այն, ինչ վաղուց ցանկալի է»,- պարզաբանում է «Կասպերսկի» ընկերության բովանդակության ավագ վերլուծաբան Տատյանա Շչերբակովան։
Ընկերության փորձագետների տեսած ռեսուրսները տարբերվում էին բանկի անվանմամբ և գունային գամմայով, բայց միևնույն ժամանակ գործնականում նույնական էին բովանդակությամբ։ Դա կարող է անուղղակիորեն վկայել այն մասին, որ դրանք ստեղծել է չարագործների նույն խումբը, կամ պատրաստի ձևանմուշները, այսպես կոչված, ֆիշ-կետերը, վաճառվում են ստվերային հարթակներում։
Խարդախների ծուղակը չընկնելու համար փորձագետները խորհուրդ են տալիս օգտատերերին չանցնել փոստի, մեսենջերների հաղորդագրությունների և SMS-ների կասկածելի հղումներով, նույնիսկ եթե դրանք ուղարկել են ծանոթները; հիշել, որ եթե առաջարկը հնչում է ճշմարտություն լինելու համար շատ գայթակղիչ, ապա, ամենայն հավանականությամբ, այն կեղծ է; օգտագործել հուսալի պաշտպանական լուծում, որը թույլ չի տա անցնել ֆիշինգային կամ խարդախ կայք; այս կամ այն ակցիային մասնակցելու ցանկության դեպքում ստուգել ընկերության պաշտոնական կայքում, թե արդյոք ընկերությունն այն իսկապես անցկացնում է: