Բժի՛շկ, բժշկեա՜ զանձն քո․․․
Պետությունը, որի ղեկավարի յուրաքանչյուր հրապարակային խոսք ենթակա է ոչ թե քաղաքական, այլ հոգեվերլուծական գնահատման ու մեղսունակության ստուգման, չի կարող ոչ միայն զարգացման հեռանկար ունենալ, այլ անգամ ապահովել ընթացիկ գոյությունը։ Հատկապես, որ այդ ղեկավարի ելույթների քաղաքական գնահատականները լավագույնս տալիս են թշնամական պետության լրատվամիջոցները՝ իրենց գլխագրերում ներկայացնելով ելույթի հեղինակի բոլոր թշնամահաճո հայտարարությունները։
Նիկոլ Փաշինյանի ելույթներից հետո, սակայն, մեղսունակության ստուգման առումով ադրբեջանական լրատվամիջոցներն ու հայ մասնագետները լռում են։ Մինդեռ դա շատ ավելի կարևոր է, քան որևէ հայտարարության քաղաքական գնահատական կամ հետևանք։ Որովհետև հենց մեղսունակության առկայությունը կամ բացակայությունը, խեղվածությունն ու տատանողականությունն են կանխորոշում այս կամ այն քաղաքական հայտարարությունը ու դրանց քաղաքական հետևանքները։
Բայց քանի որ մասնագետները լռում են, հայ հասարակությունը ստիպված է ինքնուրույն հասկանալու՝ ինչպե՞ս է բացատրվում երևույթը, երբ հինգ հազար զոհ ունեցող պետության ղեկավարը դրանից ավելի մեծ հարված է համարում այն դրոշի գրասենյակային տապալումը, որը նաև իր մեղքով անհաշվելի անգամներ անարգվել է թշնամական երկրի զինծառայողների կողմից։
Անմասնագետ հայ հասարակությունն այսպիսով իրավունք է ստանում մտածելու, որ այն, ինչ կարելի էր ադրբեջանցի շարքային ու բարձրաստիճան զինծառայողներին, անկարելի էր հայ շարքային մաքսավորի համար։
Ահա այսպիսի մտածումներում հայ հասարակությունը փորձում է գտնել նաև այն հարցի պատասխանը, թե ինչպե՞ս կարելի է «փիլիսոփայությամբ հետաքրքրվող փականագործների խմբակի» մակարդակի այլաբանությունը արտահայտել երկրի ղեկավարի կարգավիճակում՝ փորձելով պետությունը, իսկ իրականում կատարվածից մի քանի ամիս հետո անարգված դրա խորհրդանիշը ավելի վեր դասել, քան մարդու կյանքը, որը ոչ թե առանձին վերցրած մեկ մարդու կյանք է, այլ հազարավորների կյանք է։
Մեղսունակության հարցն այսպիսով ոչ թե ուղղակի կարևոր է, այլ Հայաստանի ամենակարևոր հարցն է, որը մնում է չլուծված ու շարունակում է երկիրն առաջնորդել դեպի երաշխավորված կործանում։
Ընդ որում, մեղսունակության այդ խնդիրը միայն ներհայաստանյան դարդ չէ, որովհետև այսպիսի առաջնորդությունը բնորոշում է նաև պետությանը, որի նկատմամբ աշխարհի վերաբերմունքը ձևավորվում է այդ նույն՝ մեղսունակության մասին հարցով։ Անպատասխան հարցով։
Ու քանի դեռ Հայաստանի ներսում մեղսունակության ստուգումն արված չէ, աշխարհը մեզ վերաբերվելու է՝ որպես մեղսունակության խնդիր ունեցող պետության՝ սպասելով, որ երբևէ Հայաստանի քաղաքացիները ոչ թե մասնագիտական, այլ քաղաքացիական ու քաղաքական հարթությունում կիրականացնեն այդ միջոցառումը և կապացուցեն, որ 21-րդ դարում այս պետությունը՝ ունենալով բազմաթիվ պրոբլեմներ, այդուհանդերձ չունի մեղսունակության խնդիր։
Քանի դեռ դա տեղի չի ունեցել, աշխարհը Հայաստանին վերաբերվելու է այնպես, ինչպես մասնագետները՝ երկուշաբթի օրը՝ որպես Տիգրան Մեծ, երեքշաբթի՝ որպես Ներոն ներկայացող պացիենտին՝ դրանից բխող ոչ միայն առողջապահական հետևանքներով։
Հարություն Ավետիսյան