Թադևոս Ավետիսյանը չի հավատում Վահան Քերոբյանի՝ ներդրումների մասին պնդումներին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել էր, թե իրանական խոշոր ընկերությունների խումբը շուտով ներդրումներ կանի «Մեղրի» ազատ տնտեսական գոտում: Ներդրումային առաջարկը կառավարությունը գուցե քննարկի սպասվող նիստում։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը թեև չափազանց կարևորում է Հայաստանի հարավային դարպասի դերակատարումը քաղաքական, անվտանգային ու տնտեսական հարցերում, այդուհանդերձ, կարծում է` ներդրումների մասին նախարարի հայտարարությունները պոպուլիստական են:
168.am-ի հետ զրույցում պատգամավորն արձանագրեց, որ երբ աշխարհաքաղաքական ռիսկերով պայմանավորված՝ ենթակառուցվածքների շուրջ նոր խնդիրներն ամեն օր են առաջանում, իսկ ՀՀ մտնող բեռների մոտ 40 տոկոսն այդ ճանապարհով է գալիս, երբ թուրք-ադրբեջանական տանդեմն ինչ հայտարարում է, իրականություն է դարձնում, մենք ականատեսն ենք լինում հայկական կողմի ոչ համարժեք արձագանքին կամ հարմարվողականությանը:
«Ամեն առիթով ադրբեջանցիները հայտարարում են միջանցքի մասին, ու թեև Հայաստանի իշխանությունները հերքում են, բայց, ես կարծում եմ՝ այստեղ մենք ավելի շատ գործ ունենք բառախաղի հետ: Ինչո՞ւ եմ կարևորում միջանցքը, որովհետև եթե հանկարծ բախվենք այն իրողության հետ, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով ունենա վերահսկելի ճանապարհ, նշանակում է՝ ՀՀ-ն կհայտնվի եռակողմ շրջափակման մեջ:
Այսինքն՝ որքան էլ փորձեն դա ներկայացնել ճանապարհները, ենթակառուցվածքները ապաշրջափակելու սուտ քողի տակ, միևնույն է՝ փաստն այն է, որ Հայաստանն իր աշխարհագրությամբ ոչ միայն հետաքրքիր չի դառնալու տարածաշրջանում, այլև բախվելու է լրջագույն տնտեսական հետևանքների»,- նշեց Թադևոս Ավետիսյանը։
Անդրադառնալով Մեղրու ԱՏԳ-ում հնարավոր ներդրումների մասին հայտարարություններին՝ նա նկատեց. «Առաջարկում եմ՝ դրան վերաբերվեք՝ որպես հերթական պոպուլիստական հայտարարություն, որովհետև դեռ հունվարի 8-ին՝ այս տարվա առաջին աշխատանքային օրը, նույն պաշտոնատար անձը հայտարարեց, որ այս տարի ունենալու ենք երկնիշ տնտեսական աճ և միլիարդավոր դոլարների ներդրումներ, մինչդեռ այսօր ունենք երկնիշ արտաքին պարտքի աճ, ցածր տնտեսական ակտիվություն և նույնիսկ նախորդ տարվա այդ անկում ունեցող ժամանակահատվածի համեմատ՝ դեռևս չվերականգնված տնտեսություն:
Այսինքն՝ նախորդ տարվա 7.6 տոկոս տնտեսական անկման համեմատ՝ մենք ունենք ընդամենը 4.4 տոկոս ակտիվության աճ, իսկ որոշ կարևոր ոլորտներ՝ օրինակ, գյուղատնտեսությունը, շարունակում է 1.5 տոկոս անկում գրանցել նախորդ տարվա համեմատ: Արդյունաբերության ծավալները գրեթե նույնն են, գներն աճում են առաջանցիկ. միջին գնաճն արդեն մոտենում է երկնիշի, իսկ օտարերկրյա ներդրումները միլիարդավոր դոլարների չեն. զուտ ներհոսքը, այս տարվա ցուցանիշներով՝ ընդամենը 280 միլիոն դոլար է»: