Ո՞րն է կարևորը իշխանության համար

Նիկոլ Փաշինյանի կառավարություններին միշտ էլ բնորոշ է եղել ձևը, ոչ թե բովանդակությունը. ձև են արել, թե տնտեսություն են զարգացնում, սոցիալական խնդիրներ են լուծում, կոռուպցիայի դեմ են պայքարում, անվտանգության ու պաշտպանության համակարգերն են ամրացնում, և այդպես շարունակ։ Բայց արդյունքում տեսում ենք, թե ինչի ենք հասել։

Բովանդակային առումով առաջընթաց չունենք՝ ո՛չ տնտեսության, ո՛չ սոցիալական, ո՛չ անվտանգության ու պաշտպանության, և ո՛չ էլ բազմաթիվ այլ ոլորտներում։ Բայց դա չի խանգարում, որ նույն կերպ շարունակեն նաև հիմա։

Ձևականությունների վրա կառուցում են ապագայի տեսլականները, որոնք հետագայում շատ արագ փլվում են։

Այդպիսի իրավիճակների վերջին տարիներին շատ ենք հանդիպել։ Առաջիկայում դեռ հանդիպելու ենք։ Իշխանություններն այդպես էլ հետևություններ չեն անում։

Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ ամեն անգամ կառավարությունը բախվում է բյուջեի կապիտալ ծախսերի թերակատարման հետ։ Կապիտալ ծախսերը բյուջեի այն ծախսերն են, որոնք հիմքեր են ստեղծում տնտեսության կայուն ու երկարաժամկետ աճերի համար։

Ձև են անում, թե կապիտալ ծախսերն ամեն տարի ավելացնում են, բայց ամեն տարի դրանք թերակատարում են։ Երբեմն՝ բավական մեծ տեմպերով՝ նույնիսկ 30-40 տոկոսով։

Պարզ է, որ երբ չեն կատարվում այդ ծախսերը, ոչ մի նշանակություն չունի՝ բյուջեում դրված թվերն ավելանո՞ւմ են, թե՞ ոչ։ Փոխարենը հետևություններ անելու դրանից, շարունակում են առաջնորդվել նույն կերպ։

Հաջորդ տարի էլ բյուջեի կապիտալ ծախսերը կավելանան։ Դրանց հետ է կառավարությունը կապում նաև նախատեսած տնտեսական աճը։ Բայց այս գլխից արդեն կասկածի տակ են դրել կապիտալ ծախսերի կատարումը։

«2022թ. պետական բյուջեի սցենարում նախատեսվել է կապիտալ ծախսերի զգալի աճ՝ հասցնելով դրանց մակարդակը ՀՆԱ-ի 5,1 տոկոսին: Սակայն հաշվի առնելով նախորդ տարիների փաստացի ցածր կատարողականները (չնայած այն հանգամանքին, որ առկա է եղել կատարողականների բարելավման միտում), առկա է ծրագրավորված ցուցանիշների թերակատարման ռիսկ, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ տնտեսական աճի վրա, հետևաբար՝ նաև հարկաբյուջետային շրջանակի ցուցանիշների վրա»,- հաջորդ տարվա պետական բյուջեի կատարման ռիսկերի մեջ ամրագրել է կառավարությունը։

Այս տարվա անհամեմատ համեստ կապիտալ ծախսերը չեն կարողանում կատարել, վերցրել հաջորդ տարվա համար կտրուկ ավելացրել են այդ ծախսերը։

Լավ է, որ ավելացրել են, բայց դրանից ի՞նչ է փոխվում։ Կարող էին և 200 կամ 300 տոկոսով ավելացնել։

Ո՞ւմ են պետք այդ աճերը, եթե այսպես թե այնպես չեն կատարվելու։ Իսկ որ չեն կատարվելու, արդեն այժմվանից նկատելի է։ Նույնիսկ այս տարվա շատ ավելի համեստ ծախսերը չեն կարողանում կատարել։ Ինը ամսվա ընթացքում ունենք 2021թ. պետական բյուջեի ճշգրտված ծրագրով նախատեսված կապիտալ ծախսերի գրեթե 22 տոկոս թերակատարում։

Պետք է իրականացնեին 185 մլրդ դրամի կապիտալ ծախսերը, իրականացրել են ընդամենը 126 միլիարդի։

59 մլրդ դրամի ծախսեր, որոնք նախատեսել են կատարել 9 ամսում, չեն կատարել։

Խոսքը շուրջ 120 մլն դոլարի մասին է, որը պիտի ներարկվեր տնտեսության մեջ, բայց կառավարության վատ աշխատանքի հետևանքով չի ներարկվել։

Թե դրա հետևանքով ինչպիսի վնասներ է կրել տնտեսությունն ու ինչքանով է տուժել տնտեսական աճի պոտենցիալը, թող հաշվեն վիճակագիրները։

Այսքանից հետո զարմանում ենք, թե ինչու է մեր տնտեսության աճի դինամիկան այդքան ցածր ու ինչու է տնտեսությունն այդքան դանդաղ վերականգնվում՝ նախորդ տարվա խորը անկումից հետո։

Պատճառներից մեկն էլ ահա սա է։ Բայց չկա մեկը, որ իր թերացումների ու անկազմակերպ աշխատանքի հետևանքով տնտեսությանը հասցվող վնասների համար պատասխանատվության կանչի կառավարությանը։

Վնասներ, որոնք մեկ տարի չէ, երկու տարի չէ, որ կրում է տնտեսությունը։ Դրանք մշտական բնույթ են ստացել ու ամեն տարի զգացնել են տալիս։

Այսքանից հետո ո՞րն է հույսը, որ այս տարի նախատեսվածի համեմատ 55 տոկոսով ավել կամ 347 մլրդ դրամի կապիտալ ծախսերը պիտի կատարվեն հաջորդ տարի։

Հույսեր, իհարկե, չկան։ Նույնիսկ կառավարությունը նման հույսեր չունի։ Բայց փորձում է հասարակության մոտ տպավորություն ստեղծել, թե հերթական աննախադեպ քայլն են արել։

«Կապիտալ ծախսերի այդպիսի թիվ Հայաստանի պատմության մեջ չի եղել։ Եթե բարեհաջող կերպով անենք, մեր տնտեսական աճն ավելի քան իրատեսական կլինի»,- հայտարարում է էկոնոմիկայի նախարարը։

Իսկապես, նախորդ տարիների մշտական թերացումներից հետո՝ հաջորդ տարվա կապիտալ ծախսերի առումով կառավարությունը բավական առատաձեռն է գտնվել։ Բայց դա էլ ոչ այնքան կամավոր, որքան պարտադրված որոշում է։

Վերջին տարիներին եկամուտների նվազման հետևանքով բյուջեի ծախսերը ֆինանսավորելու համար կառավարությունն այնքան է ավելացրել դեֆիցիտը, որ խախտել է բոլոր գրված ու չգրված կանոնները։ Այդ կանոններից մեկով էլ կառավարությունը պարտադրված է եղել մեծացնել կապիտալ ծախսերը՝ լավ իմանալով, որ դրանք, միևնույն է, չեն կատարվելու։

Անգամ պետական գնումները սեփական հայեցողությամբ վերաբաշխելը չի փրկում։ Նախկին իշխանություններին էին մեղադրում գնումների ոլորտում եղած չարաշահումների ու կոռուպցիոն երևույթների համար։ Հիմա իրենք ինչ ուզում և ինչպես ուզում՝ անում են։ Առաջ, երբ հայտարարված մրցույթներում շահում էին իշխանությունների մոտ կանգնած մարդիկ, դա կոռուպցիա էր, հիմա, պարզվում է, նորմալ երևույթ է։ Մասսայական են դարձել մեկ աղբյուրից գնումները։

Ու այդ ամենից հետո, ունենք կապիտալ ծախսերի կատարման խայտառակ պատկեր։

Բայց հետևություններ անելու փոխարեն՝ կառավարությունը շարունակում է գնալ ձևականությունների հետևից։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս