Իշխանության մարազմն ու անտագոնիզմը

Հետևելով քաղաքական դաշտում և ընդհանրապես հանրային իրողությունում տեղի ունեցող զարգացումներին՝ հերթական անգամ հանգում ենք այն պարզ ճշմարտությանը, որ քաղաքական առումով գործ ունենք անհաս ու ապիկար մի վարչախմբի հետ, ով իր անձնական ամբիցիաների ու աթոռի պահպանման համար պատրաստ է բառացիորեն ամեն ինչի։

Այն, ինչ տեղի ունեցավ նախօրեին Սյունիքի հյուսիսային հատվածում, կանխատեսելի էր, ավելին՝ սպասելի, քանզի դրա մասին ամիսներ շարունակ բարձրաձայնում էին ողջ փորձագիտական դաշտն ու անվտանգության հարցերով մասնագետները։ Տեղի ունեցածը մայիսի 12-ի տրամաբանական շարունակությունն էր, երբ հակառակորդը 1000-ից ավելի զինված անձնակազմով ու տարբեր տեսակի տեխնիկայով գտնվում էր ՀՀ սուվերեն տարածքում, օկուպացրել էր ավելի քան 41 հեկտար տարածք, իսկ հայաստանյան իշխանությունները տարբեր տեսակի կոչեր ու հորդորներ էին հնչեցնում։

Իշխանության կողմից անվտանգային հարցերի ու սահմանների ամրության նկատմամբ անփույթ ու փնթի վերաբերմունքի դասական արտահայտություն կարող ենք դիտարկել վերջին երեք տարիների ընթացքում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենների և պաշտպանության նախարարների փոփոխությունը։ Ի դեպ՝ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները զարմանալի զուգադիպությամբ փոփոխվել են հիմնականում բավականին ռիսկային փուլերում, երբ առկա է եղել էսկալացիոն լուրջ սպառնալիք։

Նախօրեին կատարվածն ամբողջությամբ տեղավորվում է նաև Իլհամ Ալիևի և Թուրքիայի իշխանությունների կողմից պարբերաբար հնչեցվող «միջանցքային տրամաբանության» համատեքստում։ Սրա մասին մի քանի դիտարկում կներկայացնենք ներքևում, իսկ հիմա՝ կատարված ագրեսիայի և հանրային լայն շրջանակների մոտ ստեղծված դեժավյուի մասին։

Որքան էլ խոսենք տարբեր ասպեկտներով, նախօրեի տեղի ունեցածը «մինի» պատերազմ էր, քանի որ դիվերսիա կամ ագրեսիա ձևակերպումները ոչ մի կերպ չեն տեղավորվում այն բանի մեջ, այն ինչ տեղի ունեցավ՝ իր զոհերի, վիրավորների ու գերիների թվերով։ Այս անգամ ևս իշխանությունները, իրենց գործելաոճին բնորոշ, սկսեցին անբովանդակ թեզերի արհեստական շրջանառությունը և «հաղթելու ենք» ոճի պնդումների առաջքաշումը։ Միաժամանակ կտրուկ ակտիվացավ ադրբեջանական դոմեյնով լրատվականների կողմից տարբեր տիպի ապատեղեկատվության տարածումը, ինչին համապատասխան կառույցների և ոլորտի պատասխանատուների կողմից առկա էր զրո արձագանք։

Ըստ էության ունենք մի իրողություն, երբ պաշտոնական տեղեկատվությունն ու լուրերը հանրությանը հայտնում են ոչ թե սահմանված կարգով՝ համապատասխան պրեսս-ռելիզներով, այլ իշխանության ձեռքի տակ աշխատող լրատվականներով (այդ թվում՝ ընտանեկան թերթեր, կայքերով) ու զանազան PervfektTV-ներով։

Նույնը վիճակն է նաև զոհերի իրական թվի հետ կապված, քանի որ հենց իշխանական տարբեր բարձրաստիճան ներկայացուցիչների հնչեցրած թվերը և ՊՆ պաշտոնական հաղորդագրությունները տրամագծորեն հակասում էին միմյանց, ավելին՝ մարդկանց մոտ էլ ավելի շատ էին հարցեր առաջացնում։ Ի դեպ, նշենք, որ ՊՆ ռելիզներում նույնպես շատ են լղոզված ու անորոշ հնչեցրած թեզերը, որոնք փաստացի ոչ մի էական ու բովանդակային տեղեկատվություն գրեթե չեն հաղորդում։

Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, խորացրեց այն կասկածները, որ իրականում ՀՀ իշխանությունը ցանկանում էր ոչ թե դիմել Ռուսաստանին, այս ստեղծել դիմելու իմիտացիա, որը հետագայում հնարավորություն կտա ներկայացնել՝ որպես մերժվելու ու Ռուսաստանի կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելու ապացույց՝ դրանից բխող աշխարհաքաղաքական հետևանքներով։

Փաշինյանական ցինիզմն այն աստիճանի է հասել, որ ԱԺ ամբիոնից հայտարարում է, թե Սյունիքում, ավելի կոնկրետ՝ Իշխանասարի հատվածում, ադրբեջանցիների կողմից երեկ և առաջին օրն ունեցած դիրքային առաջխաղացումը փաստացի բալանսի փոփոխություն չի տալիս, կամ եթե թարգմանենք՝ ոչ մի էական նշանակություն չունի, քանի որ մեր ուժերը ևս ունենում են նման դիրքային փոփոխություններ։ Ըստ էության Նիկոլը հերթական անգամ իրեն հատուկ մանիպուլյատիվ բառախաղով դիրքային կորուստն ու թշնամու առաջխաղացումը ներկայացնում է «դե դրանք ձյան տակ մնացած տարածքներ էին, դա մեզ պե՞տք էր» տրամաբանության մեջ։  Եվ կոնտեքստում ակնարկում է, թե ոչ մի լուրջ բան չկա, որ ադրբեջանցիները մի քանի 100 մետրով առաջխաղացում են ունեցել։

Կատարվածի ֆոնին փաստենք հետևեյալը․ բոլորս ենք ականատես եղել, թե ինչպես է Փաշինյանն իր խոսքում անընդհատ նշում «մենք պետք է գնանք լուծումների» մասին, հարց է առաջանում, թե ինչ կարգավորումների ու հանգուցալուծումների մասին է խոսում, երբ հակառակորդի կողմից ականատես ենք լինում բաց ագրեսիայի։  Տարօրինակն ու մարազմն այն է, որ Փաշինյանն ու իր թիմն այսօր էլ շարունակում են առաջ տանել և շահարկել խաղաղության դարաշրջան բացելու թեզը, ինչը վկայում է ՀՀ անվտանգության կորստի ու զոհված զինծառայողների վրա թքած ունենալու աստիճանի մասին։

Արդեն 48 ժամ է, ինչ Սյունիքում հարաբերական հանգիստ է, ինչն իր հերթին՝ բավական կասկածելի ու խորհրդավոր է, քանի որ այդ լռությունը, ըստ էության, պետք է ունենա իր գինը, և չի բացառվում, որ Ադրբեջանը նոր պատերազմի սպառնալիքի տակ կարողանա հասնել «միջանցք» ունենալու բաղձալի ցանկությանը։

Հ․Գ․ Բանից պարզվում է, որ բան չի փոխվել․  21-րդ դարում մենք նույնքան անպաշտպան ենք, որքան 19-ում, և թշնամին կարող է ներխուժել ՄԱԿ-ի կողմից ճանաչված երկրի ինքնիշխան տարածք, որը նաև Եվրախորհրդի ու ՀԱՊԿ-ի անդամ է, մորթել ու գերի տանել:

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս