ԼՀԿ-ից թռած, ՀՀԿ-ով մանդատ երազող ու ԲՀԿ-ի իր ղեկավար Գագիկ Ծառուկյանին «Տարվա եվրոպացի» մրցանակ շնորհողը ՔՊ-ի հույս

Նոյեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ քաղաքական դաշտի հերթական թափառաշրջիկը՝ Վիկտոր Ենգիբարյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել: Սա նրա համար, թերևս, կարևոր նշանակում էր, որովհետև այս անձնավորությունը սրտի նրբագույն թրթիռներով է կապված Գերմանիայի հետ. սովորել է Բոխումի համալսարանի հասարակագիտության ֆակուլտետում, ապա անցել  Հագենի հեռակա համալսարանի վերապատրաստման ծրագիրը:

Մինչ կանդրադառնանք Վիկտոր Ենգիբարյանի կուսակցական խայտաբղետ գործունեությանը, նշենք, որ եվրոպական արժեքային համակարգի դավանակիր «դիվանագետը» 2005-2018 թթ․-ին եղել է Միջազգային եվրոպական շարժման հայաստանյան խորհրդի հիմնադիր նախագահ։

Հենց նրա հիմնած այս հասարակական կազմակերպությունն էր «Տարվա եվրոպացի» տիտղոս շնորհել «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Դե, երևի ցանկացել էր հաճոյանալ իր առաջնորդին:

Սա թող տարօրինակ չթվա, քանի որ իր կենսագրության տարբեր ժամանակահատվածներում Վիկտոր Ենգիբարյանը տարբեր առաջնորդներ է ունեցել: Օրինակ, եղել է ԲՀԿ անդամ ու Գագիկ Ծառուկյանի՝ եվրոպական հարցերով խորհրդական:

Ի դեպ, 2020թ. հունիսի 16-ին Վիկտոր Ենգիբարյանը կողմ քվեարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու, ապա նաև ազատությունից զրկելու որոշումներին:

Մինչև 2018թ. նաև Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է եղել: 2018 թվականի մայիսի 24-ին «Ելք» կուսակցությունների դաշինքից դարձել է Երևանի ավագանու անդամ՝ փոխարինելով Էդուարդ Աղաջանյանին։

Հետաքրքրական է, որ, օրինակ, 2018 թ. սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին՝ Վիկտոր Ենգիբարյանը, լինելով դեռևս «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, քվեարկել է ոչ թե իր քաղաքական ուժի («Լույս» դաշինքի), այլ «Իմ քայլը» դաշինքի օգտին՝ ցույց տալով, որ իր համար գոյություն չունեն գաղափարական,  կուսակցական կամ քաղաքական սկզբունքներ:

2018 թվականի դեկտեմբերից «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի անդամ էր, որի ցուցակով էլ դարձել էր Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավոր:

Բայց սա դեռ ամենը չէ: ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հրապարակային գրառում էր կատարել այն մասին, որ Վիկտոր Ենգիբարյանը 2017թ. երազել է հայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ցուցակում ու այդկերպ մանդատ «կպցնել»:

Ինչ խոսք, տեղում և իրավիճակի մեջ հստակ կողմնորոշվելու տաղանդ ունի Վիկտոր Ենգիբարյանը:

Ի դեպ, վերջինիս՝ Գերմանիայում դեսպան նշանակվելու հետ կապված՝ հետաքրքիր պատմություն էր հիշել «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Այսօրվա պես հիշում եմ, թե ինչպես էր նախկին ընկերս՝ Վիկտոր Ենգիբարյանը, իր փաբերից մեկում նախկին իշխանություններից բողոքում, որ դեսպաններ էին նշանակում ոչ դիվանագետներին: Ես նրա այդ մտքին համաձայն էի այն ժամանակ, համաձայն եմ նաև հիմա: Իսկ ինքը, դիվանագետի 0 փորձառությամբ, նշանակվեց Գերմանիայում ՀՀ դեսպան»,- մասնավորապես գրել էր նա իր ֆեյսբուքյան էջում:

Տեսանյութեր

Լրահոս