Հեղափոխության դագաղի վերջին մեխը
2018 թվականի իրադարձություններից հետո բավական երկար ժամանակ Հայաստանի հանրային քաղաքական բառամթերքում առաջնային տեղ էին զբաղեցնում «հակահեղափոխություն», «հակահեղափոխականներ» արտահայտությունները։ Այդպես են որակվում բոլոր այն գործընթացներն ու բոլոր այն մարդիկ, ովքեր, իբրև թե, ընդդիմանում են «թավշյա հեղափոխությանը»։ Բնականաբար, դրանք հատկապես նորաթուխ իշխանության ներկայացուցիչների ամենասիրելի արտահայտություններն էին, որոնք հնարավորություն էին տալիս ցանկացած թերություն ու բացթողում վերագրել «հակահեղափոխականներին» և շարունակել իրենց պատկերացրած «հեղափոխությունը»։
Տևական ժամանակ է, սակայն, որ իշխանության ներկայացուցիչները գրեթե չեն օգտագործում այդ արտահայտությունները, այլևս համարյա ոչինչ չի որակվում՝ որպես հակահեղափոխություն, և գրեթե որևէ մեկը չի պիտակավորվում՝ որպես հակահեղափոխական։ Պատճառն այն չէ, որ ամբողջությամբ վերացել են նախկին հակահեղափոխականները։ Պարզապես հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն այլևս իրենք են դարձել ամենամոլի հակահեղափոխականներն ու իրենց գործողություններով, վարքագծով, հռետորաբանությամբ՝ ամենօրյա ռեժիմով բռնաբարում են այն արժեքներն ու գաղափարները, որոնք իբրև թե դրված էին 2018 թվականի հեղափոխության հիմքում։
Նիկոլ Փաշինյանը շրջում է հարյուրավոր թիկնապահների ուղեկցությամբ, օգտվում են իշխանության բարիքներից, իշխանության ներկայացուցիչներն օր օրի հարստանում են, բիզնեսներում են ներգրավվում, կոռուպցիոն սխեմաներից են օգտվում ու նոր սխեմաներ են ներդնում, արտոնյալ պայմաններ են հաստատում յուրայինների համար, քավոր-խնամի-ծանոթ-բարեկամ սխեմայով են պաշտոններ բաշխում… մինչդեռ տարիներ շարունակ ինքը և իր թիմակիցները քննադատում էին այդ երևույթները:
Այսինքն, հիմա Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչը փոխելու համար հեղափոխություն իրականացրեց։ Նա և իր թիմակիցները ողջ կյանքում քննադատում էին ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի կիրառումը, նաև դրա վերացման համար հեղափոխություն իրականացրեցին, սակայն վերջին ՏԻՄ ընտրություններում կիրառված վարչական ռեսուրսի ծավալով գերազանցեցին բոլոր նախկին իշխանություններին։ Նրանք քննադատում էին բուհերի քաղաքականացումը, հիմա բոլոր ՔՊ-ականները բուհերի կառավարման խորհուրդների նախագահներն են, ռեկտորների պաշտոնը զբաղեցնում են բացառապես իրենց հավատարիմ դեմքերը։ Պետական բյուջեի մսխման ու կոռուպցիայի հաշվին քաղաքական կարիերա արած Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն այսօր բառի բուն իմաստով ասֆալտին են փռում այդ կարիերան ու այն հռչակումները, որոնց համար 2018-ին իրականացվեց հեղափոխություն կոչվածը․ այսօր իշխանավորների եղբայրները, կնքահայրերն ու սանիկները շատ ավելի աշխուժորեն են ծախսում պետական միջոցները, քան դա արվում էր նախկինում։
Իսկ բոլոր պաշտոնյաների աշխատասենյակներում կախված Նիկոլ Փաշինյանի լուսանկարը հեղափոխության դագաղի վերջին մեխն է, որը ցույց է տալիս, որ իրականում երեք տարի առաջ տեղի է ունեցել ոչ թե հեղափոխություն, այլ պոպուլիստական լոզունգներով կատարված իշխանազավթում, և, որ դրա նպատակը ոչ թե Հայաստանում առկա վատ երևույթների վերացումն էր, այլ այն, որ այդ երևույթներից ու ավելի մեծ ծավալներով օգտվեն հատկապես նրանք, ովքեր ավելի երիտասարդ են ու ավելի անփորձ, ավելի դիլետանտ, ավելի անսկզբունքային են ու ավելի լպրծուն, ավելի անարժեք են ու ավելի անթրաշ։
Դա նշանակում է, որ 2018 թվականին տեղի է ունեցել ոչ «թավշյա հեղափոխություն», ինչպես ներբողվում էր, այլ «թրաշյա հեղափոխություն», ինչպես ակնհայտ է դառնում բարձրագույն պաշտոնները զբաղեցնողների դեմքի մազածածկույթից։ Իսկ եթե անգամ ընդունենք, որ երեք տարի առաջ տեղի ունեցածը հեղափոխություն էր, որն ուներ որոշակի արժեքային հենք, ապա պետք է արձանագրել, որ այն իրականացնողները դարձել են ամենամոլի հակահեղափոխականները, որոնք ամենօրյա ռեժիմով ոտնատակ են տալիս այն հռչակումները, որոնք շահարկելով եկել են իշխանության։ Եվ եթե հայտնի ասույթից բխում է, որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին, ապա Հայաստանում հեղափոխության զավակներն են խժռել հեղափոխությունը՝ այդ ճանապարհին խժռելով նաև պետությունն ու հասարակությանը, որը հանդուրժում է իրենց նմանների իշխանությանը։
Հարություն Ավետիսյան