Եթե ուսանողը սոցիալապես անապահով ընտանիքից է, սակայն գրանցված չէ «Փարոս» համակարգում, պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում չի տրամադրում

ՀՀ կառավարության հոկտեմբերի 28-ի նիստի չզեկուցվող հարցերից մեկը վերաբերում էր ՀՀ կառավարության 2006թ․ հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելուն:

Սույն կարգով կարգավորվում են բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում (այսուհետ՝ բուհ) համապատասխան ուսուցման ձևերով (առկա, հեռակա) բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով և մագիստրոսի կրթական աստիճաններով ուսանողներին ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ))  և կրթաթոշակ տրամադրելու, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման չափերի հետ կապված հարաբերությունները:

ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի ՀՀ տվյալ տարվա պետական բյուջեով բուհերի համար նախատեսված միջոցների սահմաններում, ըստ բուհերի և մասնագիտությունների (կրթական ծրագրերի), բաշխում է պետության կողմից տրվող ուսանողական նպաստների քանակը (ուսման վճարի լրիվ փոխհատուցվող), որը տեղափոխվում է կուրսից կուրս: Պետությունը նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է ՀՀ կառավարության հաստատած տեղերի քանակին համապատասխան` մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին` մրցութային կարգով, ընդ որում.

ա. առաջին կուրսում նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրվում է պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերում ընդունված ուսանողներին,

բ. hաջորդ կուրսերում նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրվում է մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` մրցութային հիմունքներով:

գ. ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքում միևնույն պայմանների դեպքում հավասար միավորներ ունեցող երկու և ավելի ուսանողների պարագայում` երկրորդ կուրսում առավելությունը տրվում է առաջին կուրսի վերջին կիսամյակի քննաշրջանի արդյունքում առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, հաջորդ կուրսերում՝ նախորդ ուսումնական տարվա, իսկ վերջինիս հավասարության դեպքում՝ դրան նախորդող ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին:

Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող հետևյալ խմբերին` ա) մինչև 5,00 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 50 տոկոսի չափով, բ) 5,01-10,00 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 60 տոկոսի չափով, գ) 10,01-15,00 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 70 տոկոսի չափով, դ) 15,01-20,00 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 80 տոկոսի չափով, ե) 20,01-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 90 տոկոսի չափով:

ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանից փորձեցինք պարզել՝ եթե ուսանողը սոցիալապես անապահով ընտանիքից է, սակայն այդ մասին որևէ տեղ գրված չէ, չեն ստանում նպաստ, ինքը զրկվելո՞ւ է վճարի մասնակի փոխհատուցումից։ Ի պատասխան՝ նա ասաց.

«Եթե գրանցված չեն «Փարոս» համակարգում, ուղղակի իրենք պետք է լավ սովորեն՝ երկրորդ կիսամյակից սկսած, եթե խոսքն առաջին կուրսեցիների մասին է, դիմեն բուհին, որն էլ իր հնարավորությունների սահմաններում փորձի զեղչել: Կամ լավ սովորողները կարող են դիմել տարբեր կրթական հիմնադրամների, օրինակ, Հայ օգնության ֆոնդին:

Կրթական շատ հիմնադրամներ կան, որոնք 44-օրյա պատերազմից հետո ուղղվածությունը մի փոքր ուղղել են դեպի պատերազմի մասնակիցները, սակայն, ամեն դեպքում, իրենք հայտարարություն տարածում են, և շատ ուսանողներ օգտվում են մասնավոր հիմնադրամների փոխանցած բարեգործական կրթաթոշակներից: Լավ կլիներ, որ ընդհանրապես անվճար բարձրագույն կրթություն ունենայինք, բայց պետությունն իր սոցիալական քաղաքականությունն այս պահին թիրախավորել է անապահովության միավոր ունեցող ընտանիքների ուսանողներին, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի ուսանողներին»:

Տեսանյութեր

Լրահոս