251-ամյա գործարանը կոչնչանա՝ տարածքում եղած հնարավոր ամեն ինչ վերածելով երկաթյա գնդերի. մետալուրգ
Իրավական, տնտեսական գործընթացների արդյունքում «Վալլեքս» խումբը հնարավորություն է ստացել կրկին կառավարել Էյ-ՍԻ-Փի ընկերությունը, որտեղ այս օրերին աղացագնդերի արտադրամասի վերագործարկման ուղղությամբ մեկնարկել են նախապատրաստական աշխատանքները:
Աղացագնդերի արտադրությունը հիմնականում կկազմակերպվի նոր սարքավորումներով, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ:
Ըստ նախնական պլանի՝ աղացագնդերի արտադրամասն ամսական կունենա 400 տոննա արտադրողականություն:
Արտադրության վերսկսման լուրն ուրախացրել է Ալավերդու պղնձաձուլարանի նախկին աշխատակիցներին. Ավելին՝ նրանք, ովքեր քաղաքում չեն, մտադիր են առաջին իսկ հնարավորության դեպքում վերադառնալ:
Մետալուրգ Գագիկ Շոլինյանը, ով երկար տարիներ աշխատել է Ալավերդու պղնձաձուլական գործարանում, կարծում է, որ այսկերպ 251-ամյա գործարանը կոչնչանա՝ տարածքում եղած հնարավոր ամեն ինչ վերածելով երկաթյա գնդերի:
«Խնդիրն այն է, որ կա գործարան՝ չաշխատող արտադրական շինություններով և ենթակառուցվածքներով: Տարածքում կա նաև որոշակի քանակի երկաթի ջարդոն: Պղնձաձուլարանի հետ կապված դատական գործընթացը դեռ վերջնական չի ավարտվել, բայց դրական միտումներից ելնելով՝ ցանկանում են երկաթե գնդերի արտադրությունը վերագործարկել (մոտ 30-40 աշխատատեղ)՝ օգտագործելով տարածքի երկաթի ջարդոնը: Ինձ թվում է, որ ջարդոնից հետո կանցնեն տարածքի պիտանի երկաթյա կոնստրուկցիաների դեմոնտաժին և հալմանը՝ դրսից հնարավորինս ուշ գնելով երկաթե ջարդոն: Խոստանում են գարնանը տարածքում զարգացնել հյուրանոցային բիզնեսը, բայց, քանի որ տարածքում արդեն կան բազմաթիվ հյուրատներ և փոքր հյուրանոցներ, նրա գործունեությունը արդեն գործող հյուրանոցային բիզնես ունեցողների համար կարող է կործանարար լինել: Խոստանում են մի քանի տարի անց ներկրել մաքուր պղինձ ու կազմակերպել հաղորդալարերի արտադրություն: Ինչևէ, եթե այս ամենն արվի, ապա կառաջանա մաքսիմում 100 աշխատատեղ: Սակայն, եթե եղածն ապամոնտաժի և օգտագործի երկաթե գնդերի արտադրությունում, ապա հետագայում պղնձաձուլական արտադրություն ստեղծելը գործարկողի համար բավականին կթանկանա»,- 168.am-ի հետ զրույցում նշեց մետալուրգը:
Նրա դիտարկմամբ՝ առաջի փուլում տարածքի երկաթի ջարդոնը կօգտագործեն, հետո, եթե շարունակելու միտք ունենա, արդեն պետք է երկաթի ջարդոն գնեն:
«Երկաթե գնդերն օգտագործվում են հանքարդյունաբերության մեջ. պտտվող գլանաձև աղացների մեջ լցնում են հանքաքարը և երկաթյա գնդերը, որոնց հարվածից հանքաքարը մանրանում է (шаровые мельницы): Հանքարդյունաբերողների մեծ մասն էլ իրենք են իրենց համար երկաթե գնդեր արտադրում: Իրացումն էլ հստակ չէ»,- հավելեց մեր զրուցակիցը: