Արմեն Գրիգորյանը մեր ճանապարհներին ադրբեջանցիների ամրանալու գլխավոր պատասխանատուներից է. Արման Թաթոյան
«ՀՀ քաղաքացիական բնակչության իրավունքների շարունակվող խախտումները և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային հատվածներում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը՝ որպես հիմնարար երաշխիք» թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՄԻՊ Արման Թաթոյանը, ի պատասխան 168.am-ի հարցին, անդրադարձավ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հարցազրույցներից մեկում հնչեցրած մտքերին, թե Արման Թաթոյանի բոլոր հայտարարությունները քաղաքական բնույթի են, ու հավելել էր, որ մի քանի ամիս հետո իրենք առաջադրելու են ՄԻՊ-ի իրենց թեկնածուին:
«Այդ պաշտոնատար անձը գերազանցել է իր լիազորությունները: Ընդհանրապես ո՞վ է նրան իրավունք տվել ՄԻՊ-ի փոփոխության հարց քննարկել: Դա բացահայտ ոտնձգություն է Հայաստանի ՄԻՊ անկախ հաստատության նկատմամբ, այն էլ՝ գործադիր իշխանության համակարգի բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից: Եվ քանի որ Հայաստանում կա մարմին, որը հանրային ծառայողի վարքագծի կանոնների խախտումների համար հարուցում է վարույթներ, պատասխանատվության ենթարկելու հարց է լուծում, դա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, ես պաշտոնապես դիմել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության, որպեսզի ապահովվի Հայաստանի ՄԻՊ անխափան, անկաշկանդ, անկախ աշխատանքը նաև հետագայում»,- ասաց Արման Թաթոյանը՝ նշելով, որ պետք չէ Արմեն Գրիգորյանի արարքները շփոթել ԱԱԾ աշխատանքների հետ, «այդ մարդու արարքներն ընդհանրապես անվտանգության հետ կապ չունեն»:
Թաթոյանը նշեց, որ ԱԽ քարտուղարն այն անձը չէր, որի հայտարարությանն անդրադառնալուն ՄԻՊ-ը ժամանակ կհատկացներ, բայց քանի որ համակարգային խնդիր կա, ու հետևողական աշխատանք է տարվում բոլոր ուղղություններով՝ վարկաբեկելու Հայաստանի մարդու իրավունքների աշխատանքը, ՄԻՊ-ն անդրադարձավ Արմեն Գրիգորյանի հայտարարության այն թեզերին, թե ՄԻՊ-ն անաչառ չէ և քաղաքական հայտարարություններ է անում:
Խոսելով ՄԻՊ-ի, ըստ ԱԽՔ-ի, անաչառ չլինելու մասին, Թաթոյանը հիշեց 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններն ու այդ ժամանակ գործող բարձրաստիճան պաշտոնյաների՝ Թաթոյանի հասցեին գովերգող հայտարարությունները:
«Նախ, ընդհանրապես ծիծաղելի է, որովհետև դրանից երկու կամ մեկ օր առաջ Վենետիկի հանձնաժողովը երբևէ ամենաուժեղ զեկույցն է ընդունում Հայաստանի ՄԻՊ-ի վերաբերյալ, հերիք չի՝ մի հատ նորից ամրագրում է A կարգավիճակը, ասում է՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն առանցքային դերակատար է երկրում մարդու իրավունքների, ժողովրդավարության զարգացման համար:
Եվ հիմա անաչառության հետ կապված՝ ինչո՞ւմ է կայանում խնդիրը: Նախ՝ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին, երբ մենք մեր աշխատակազմի հետ այցեր էինք իրականացնում, ես անձամբ կապի մեջ էի այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ովքեր այն ժամանակվա շարժմանն էին մասնակցում, նրանք ինձ անձամբ նամակագրությամբ ուղարկում էին բերման ենթարկվածների անուն-ազգանուններ, որպեսզի հասցնենք, արագ գնանք, այցելենք:
Էդ ժամանակ ես անաչա՞ռ էի, հիմա դադարե՞լ եմ անաչառ լինել: Արմեն Գրիգորյանին որ ձերբակալել էին, գիշերը ժամը 3-ի մոտ էր, ես այցելեցի Ձերբակալվածների պահման վայր՝ իմ աշխատակազմի գործընկերոջ հետ միասին, նա այդ ժամանակ քնած էր, ՁՊՎ-ի պետն ասաց՝ քնել է, ասաց՝ մի փոքր սպասենք, որ արթնանա: Որպեսզի ժամանակ չկորցնեի, որովհետև իրադարձությունները րոպե-րոպե էին զարգանում, ես գնացի մի շարք այլ անձանց այցելեցի, ինչպես հասարակ քաղաքացիների, թեև սխալ է ասել՝ հասարակ քաղաքացի, բոլոր քաղաքացիներն են հավասար, ոմանք էլ պաշտոնատար են, և ոմանք՝ պաշտոնյաներից շատ բարձր, բայց ամեն դեպքում ես գնացի մյուս մարդկանց այցելեցի, ովքեր այսօր նաև բարձրաստիճան պաշտոնատար անձինք են: Մեկին սննդի հետ կապված հարց կար, մեկին ռադիոյի հետ կապված հարց կար, մյուսին՝ ինչ-որ տեսակցության հետ կապված, այդ բոլոր հարցերը լուծեցինք, եկա, արդեն Արմեն Գրիգորյանն արթնացել էր: Մտա խուց, տեսա, հանդիպեցի, արդյունքներով հատուկ նամակ եմ գրել Գլխավոր դատախազություն, պահանջել ենք իրավունքների խախտումների ուղղությամբ քննություն իրականացնել, պարզել և այլն: Բա դրանից հետո նաև ամենամեծ հանրահավաքների ժամանակ ՄԻՊ-ին ու աշխատակազմին անաչառ աշխատանքի համար շնորհակալություն էին հայտնում, այդ թվում՝ առաջնորդները, որի համար ես իրենց շնորհակալ եմ:
Եվ ես ուզում եմ հատուկ ասել, որ ես նաև հպարտ եմ մեր այդ աշխատանքի համար: Ուրեմն նշանակում է, որ քանի որ այդ ժամանակ ես իրենց համար էի աշխատում, կոնկրետ իր համար, իր իրավունքների, ես ընդհանրապես անաչառ էի շատ: Այ, հիմա որ իրենք պաշտոնյա են դարձել, փոխվել է ամեն ինչ, նշանակում է՝ վե՞րջ, ես դադարեցի՞ լինել անաչառ: Այդ նախկին ամեն ինչը ցույց է տալիս մի բան, որ վերաբերմունքի հարցում թե՛ 2018 թվականից առաջ, թե՛ հիմա իմ մոտ ոչ մի բան չի փոխվել: 2018թ., որ ես իրենց այցելում էի, նույն պրոբլեմներն ունեի: Պետական որոշ պաշտոնյաների հետ շփում չկար ընդհանրապես, ինչպես հիմա: Շփում լինում է որոշ պաշտոնյաների հետ, թեև իրենց հետ շփումն իմ աշխատանքին չի էլ խանգարում այսօր: Բայց ամեն դեպքում մենք նույն խնդիրների առաջ էինք կանգնում, ամբողջը հայելային ձևով գալիս է մարդու աչքի առաջ:
Ու հլը մի հատ էլ որոշ պաշտոնյաներ ոգևորվում են, այդ հայտարարությունից հետո ասում են՝ «հա, ՄԻՊ-ը երբեմն անաչառ չի եղել»: Տո այդ պաշտոնյաներն ամենակոպիտ խախտումներ թույլ տված պաշտոնյաներն են, էդ ի՞նչ են դեռ խոսում: Իսկ նրանցից մեկն էլ 2018թ.-ից առաջ, հիշում եմ, թե ոնց էր ինձ ժամերով սպասում, որ ես գայի, մի հարցազրույց տայի, որ գոնե իշխանություններին ինչ-որ տեղ գովեի, և ինքը բավարարված լիներ, որովհետև հանձնարարել էին: Բայց այդ հարցազրույցը չտալուց հետո ինձնից նեղացած գնաց»,- ասաց Թաթոյանը՝ առանց նշելու պաշտոնյայի անունը:
Խոսելով Արմեն Գրիգորյանի մյուս հայտարարության մասին, թե ՄԻՊ-ը քաղաքական հայտարարություններ է անում, Ա․ Թաթոյանը նշեց, թե ԱԽՔ-ի այդ շահարկումներն ակնհայտ մանիպուլյատիվ են, ու հավելեց, որ ինքը՝ որպես ՀՀ ՄԻՊ, շարունակելու է իր բացառիկ իրավապաշտպան աշխատանքը:
«Տո, ինչպե՞ս է համարձակվում ընդհանրապես վարկաբեկել Հայաստանի ՄԻՊ-ի աշխատանքը: Ասում է՝ սահմանային հարցերում քաղաքական է: Տո ես ինչքա՞ն ասեմ, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Հերիք չի՞ Ձեր վախերը ցուցադրեք:
Մյուսը՝ այս սահմանային հարցերը մարդու իրավունքներին կտրված չի կարելի տալ: Ես այդքան ասում եմ: Այդքան ասում եմ, որ պետք չի տանել, ռազմաքաղաքական տանիքի տակ մտցնել, այդպես մենք մեր երկիրը դարձնում ենք աշխարհաքաղաքական շահերի զոհը: Բա պարզ չի՞, որ Ադրբեջանի համար սա ամենագերձեռնտու մոտեցումն է, մարդու իրավունքները կտրել այս իրավական հարցերից, ամեն ինչը տանել ռազմաքաղաքական դաշտ: Այդ պաշտոնյաներին, ովքեր միայն քարտեզներից են խոսում, իրենց պետք է ասել, որ՝ «գիտե՞ք ինչ կա, տպավորություն է՝ այս երկիրը կարուձևի հարց է, վերցնենք, այս քարտեզով կտրե՞նք, թե՞ այն քարտեզով կտրենք»: Ամեն խնդրի հետևում մարդ է կանգնած՝ իր իրավունքներով, երեխայի անվտանգությամբ, գիշեր-ցերեկ, ամեն օր քնել-զարթնելով՝ չի կարողանում իր հողերից օգտվել ոչ միայն նրա համար, որ ֆիզիկապես ներկա են ադրբեջանական զինված ուժերը, այլ այդ ամբողջ շառավիղով չի կարողանում օգտագործել:
Անընդհատ խոսում են այդ քաղաքական, ռազմական, այդ թվում՝ միջազգային երաշխիքներից: Տեսնում ենք՝ չի աշխատում այդ ամենը: Բայց ինչո՞ւ չի աշխատում, որովհետև մենք մեր երկրի ձեռքերը կապում ենք: Հայաստանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ է, մեկ-երկու տարուց էլ քիչ է մնացել, որ մենք դադարենք այդ անդամը լինելուց, մենք, օրինակ, ի՞նչ ենք արել: Այդքան ասել եմ, բերե՞լ ենք, օրինակ, մի սահմանային հարցերով հատուկ զեկուցող նախաձեռնենք, բերենք, տանենք այդ սահմանները: Լավ, մեզ չեն հավատում, դուք էլ վարկաբեկում եք Հայաստանի ՄԻՊ-ի աշխատանքը, բերեք՝ տանենք, թող ինքը տեսնի, զեկույց գրի…
Ի՞նչ քաղաքականի մասին է խոսքը: Մարդիկ վարկեր են վերցրել, Անվտանգության խորհրդի քարտուղար ես, մի հատ գնացե՞լ ես, տեսե՞լ ես մարդկանց վիճակը: Երեկ չէ առաջին օրն ենք հենց ահազանգ ստացել, ադրբեջանցիները մարդկանց կենդանիների գողություններով են զբաղված, գողանում են, այդքան զեկույցներ եմ ներկայացնում, հատուկ շեշտում եմ, ասում եմ՝ ադրբեջանցիներ են եկել՝ մտել, հլը մի հատ էլ կողքից հերքումներ են անում, առանձին քաղաքական հանձնարարական են տալիս ՏԻՄ-երին, որ ասեն՝ «չէ, չի եղել տենց բան»: Բայց ես ասում եմ՝ դա մեզ պետք է, որ հատուցումներ ապահովենք: Միջազգային կառույցներում մենք մեր քաղաքացիների իրավունքները պետք է պաշտպանենք, չէ՞:
Մենք ահազանգ ունենք, մարդն ասում է՝ «6 միլիոնից ավել վնաս է կրել Տեղ համայնքում, վարկային կազմակերպությունը շարունակ պահանջում է վարկերը վճարել, չի կարողացել վճարել, վարկային կազմակերպությունը դատի է տվել այդ մարդուն: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ չունի, այլևս ի՞նչ միջոցներ բերի էդ մարդը: Բա անվտանգության հարց չի՞, Անվտանգության խորհրդի քարտուղարին հուզող հարց չի՞, մարդու իրավունքների պաշտպանության խնդիր այստեղ չկա՞: Ի՞նչ քաղաքականի մասին է խոսքը: Շատ հեշտ է ամեն ինչին ասել՝ քաղաքական, քաղաքական, ու բոլոր հարցերը մոռանալ…
Բա ո՞նց կարելի է գնալ տուն, հանգիստ գլուխը դնել բարձին, քնել, երբ մեր բնակիչների իրավունքները խեղող վիճակի է հասցված: Ես նաև ուզում եմ հայտարարել, որ այդ անձը նաև գլխավոր պատասխանատուներից է, որ այսօր ադրբեջանցիները այ սենց ամրացել են մեր ճանապարհներին…
Ես բացառիկ իրավապաշտպան աշխատանք եմ կատարում: Ի սկզբանե կատարել եմ: Դուք կարծում եք՝ ես այդքան բանը պիտի թողնե՞մ, այս արած-դրածը, կարևորագույն աշխատանքը, այդպես թեթևամիտ՝ մտնեմ քաղաքականությո՞ւն»,- ասաց Արման Թաթոյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում