Ո՞վ պետք է ներդրում անի անկայուն երկրում, որտեղ երեք տարում երեք արտահերթ ընտրություն է եղել. Միքայել Մելքումյան
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվում են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի շուրջ քննարկումները: Կառավարությունում հավանության արժանացած այս փաստաթուղթը, սակայն, տնտեսագիտական շրջանակներում հավատ չի ներշնչում: Բյուջե 2022-ը նախատեսում է 7 տոկոս տնտեսական աճ, կապիտալ ծախսերի «ռեկորդային ավելացում»:
ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը կարևորում է ոչ թե հնչեցվող թիրախային ցուցանիշները, այլ այդ ուղղությամբ իրականացվող քայլերը:
«Մենք գտնվում ենք հետպատերազմական փուլում, և վերականգնողական բնույթին համարժեք քայլեր, միջոցառումներ պետք է արվեն: Թե ինչ խնդիր են նրանք դրել, 7 տոկոս աճը շա՞տ է, թե՞ քիչ, իրատեսակա՞ն է, կամ՝ ոչ, դա այլ խնդիր է. գնաճը կարող է մեխանիկորեն բերել անընդհատ աճի, և պետք է հասկանանք՝ այդ 7 տոկոս աճը իրակա՞ն աճն է, թե՞ գնաճը դնում են, և ինչ-որ թվեր են գրվում: Երկրորդը՝ արդյո՞ք այդ տնտեսական աճը ներառական բնույթ է կրելու՝ չէ՞ որ այս քաղաքական մեծամասնությունը գալուց առաջ հնչեցնում էր, թե ներառականությունը պետք է լինի անկյունաքարը. այժմ քանի՞ մարդ է այդ աճից օգտվում, ինչպե՞ս են բաշխվում այդ եկամուտները»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Միքայել Մելքումյանը:
Տնտեսագետի գնահատմամբ՝ օտարերկրյա ներդրումների համար ցայսօր չեն ստեղծվել բարենպաստ պայմաններ, իսկ բիզնեսն «ուղղակի գլորվում է», և տնտեսության մեջ հեղափոխական բեկում այդպես էլ չի եղել:
«Ո՞վ պետք է ներդրում անի անկայուն երկրում, որտեղ երեք տարում երեք արտահերթ ընտրություն է եղել: Մի փոքր աշխուժացել է բազմաբնակարան շենքերի կառուցապատման ծրագիրը՝ կապված այս եկամտահարկի հաշվարկման հարցի հետ. մարդիկ շտապում են օգտվել: Ինչ-որ նման բաներ կլինեն, բայց որ ասեմ՝ այն խնդիրը, որը դրված էր, թե պետք է լեռնահանքային արդյունաբերության փոխարեն՝ զարգանան բարձր տեխնոլոգիաները և այլն՝ չեմ տեսնում. պղնձի գինն աճել է, վալյուտան շատ է գալիս, փոխարժեքը որոշակի չափով իջեցրին-պահպանում են. պղնձի գինը կփոխվի, դա էլ հետը կփոխվի:
Այնպես որ, ես դա բյուջեի կանխատեսվող ցուցանիշների հետ չեմ կապում, այլ ապագայի նկատմամբ վստահության և կայուն մթնոլորտի ձևավորման հարցի հետ:
Ներդրողը ներդրում է անում, երբ հույս ունի, որ այստեղ երկար ժամանակ կայուն է լինելու, իսկ մեր անվտանգային համակարգն այդ հարցին ինչպե՞ս է պատասխանում. մեր պաշտպանության բյուջեն մենք ինչքա՞ն ենք բարձրացրել, բարձրացրե՞լ ենք երկու-երեք անգամ, իհա՛րկե ոչ: Որևէ մեկը տեղյա՞կ է, թե հիմա այդ անվտանգության ապահովման համար ի՞նչ է ձեռք բերվում. չգիտե՛նք»:
Հիշեցնենք՝ բյուջետային քննակումների առաջին օրը սկսվեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում՝ Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ:
Հաշվի առնելով պատերազմից ու դրա պարտությունից հետո կրած վնասները՝ ենթադրվում էր, որ Պաշտպանության նախարարության 2022 թվականի բյուջեն նախորդ տարվա համեմատ աչքի կընկնի ծախսերի կտրուկ ավելացմամբ, բայց, արի ու տես, որ Ազգային անվտանգության ծառայությունն է, որ առաջանցիկ տեմպերով բյուջեի աճ է արձանագրել՝ ի տարբերություն Պաշտպանության նախարարության։ Եվ այսպես՝ 2022 թվականի բյուջեով Պաշտպանության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 345 միլիարդ 420.8 մլն դրամ։ Այս գումարից ընթացիկ ծախսերի համար կհատկացվի 222,884.8 մլն դրամ կամ ընդհանուր հատկացված բյուջեի 64.5%-ը, իսկ ոչ ֆինանսական ակտիվների գծով` 122,535.9 մլն դրամ կամ 35.5%-ը: 2021 թվականի բյուջեի համեմատ՝ 2022 թվականի բյուջեում ծախսերի աճը կազմել է 33,726.7 մլն դրամ կամ 10.8%։
Նշենք, որ նախորդ տարվա համեմատ 8.9 % գնաճի պայմաններում տնտեսագետները 10.8 % գումարի ավելացումն առհասարակ աճ չեն համարում։ Համեմատության համար նաև ընդգծենք, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության բյուջեն 2022 թվականին կկազմի 2.7 միլիարդ դոլար։ Այս ծախսը 3.6 անգամ ավելի է Հայաստանի ռազմական բյուջեից։ Ի տարբերություն Պաշտպանության նախարարության՝ Ազգային անվտանգության ծառայության բյուջեն 2022 թվականին ավելացել է 22,85 %-ով՝ կազմելով 42 միլիարդ դրամ։