Պարզապես թվեր՝ առանց հիմնավորումների. Փաշինյանը հնգամյա ծրագրի առաջին բյուջեն է ներկայացրել
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց՝ ներկայացնում են կառավարության հնգամյա ծրագրի առաջին բյուջեն:
Հիշեցնենք՝ դեռ օգոստոսին խորհրդարանական թեժ քննարկումների, ծեծկռտուքների, իշխանական պատգամավորների սադրանքների ու դրանց արձագանքների, լրագրողների հանդեպ նորարարական սահմանափակումների անտրակտի ժամանակ քննարկվեց Կառավարության հիշյալ ծրագիրը, ապա արժանացավ իշխանական խմբակցության հավանությանը, իսկ արդեն սեպտեմբերի 30-ին կառավարության հերթական նիստում հավանության արժանացավ այս ծրագրի վրա հիմնված «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
«2022-ի համար մենք նախատեսում ենք 7 տոկոս տնտեսական աճ՝ չնայած այն բանին, որ ընթացիկ տարվա մեծ մասը նշանավորվեց քաղաքական և անվտանգային անկայուն միջավայրով, մեր տնտեսությունն այսօր գերազանցում է աճի համար 2021 թ.-ի համար արված բոլոր կանխատեսումները: Մյուս կողմից՝ կառավարությունը տարվա արդյունքներով ավելիի հույս ունի,- հակառակ առկա տնտեսական անորոշ ու բացասական միտումների՝ այս դրական շեշտադրումներով սկսեց իր խոսքը Նիկոլ Փաշինյանը, ապա կրկին հիշեց ռեկորդների մասին,- Պիտի ուրախությամբ նշեմ, որ 2021թ.-ի սեպտեմբերին ՀՀ-ում գրանցվել է վճավող աշխատատեղերի թվի բացարձակ ռեկորդ. 651 հազար 141 վճարվող աշխատատեղ: Հայաստանում ավելի բարձր ցուցանիշ երբևէ չենք ունեցել»:
Գործադիրի ղեկավարը շարունակեց դրական ու գերադրական ցուցանիշների հրապարակումը. նա ընդգծեց՝ ընթացիկ տարվա բավականին բարձր՝ 6.4 տոկոս գնաճի ֆոնին սեպտեմբերին համախառն աշխատավարձի ֆոնդը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 15.3 տոկոսով կամ 19 մլրդ 308 մլն դրամով, իսկ մեկ աշխատողի աշխատավարձը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 11.9 տոկոսով կամ 23 հազար 782 դրամով, ավելի քան 20 տոկոսով աճել է արտահանումը, ընթացիկ տարում 7 տոկոսով աճել են շինարարության ծավալները:
«Այս գործոնները 7 տոկոս տնտեսական աճի թիրախը դարձնում են իրատեսական, մանավանդ, որ արդեն իսկ մեկնարկել են և, հույս ունեմ՝ հաջողությամբ ավարտին կհասցվեն մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր, որոնց առաջնային թիրախը Հայաստանը հանքահումքային ռեսուրս արտահանող երկրից ուժեղ մետալուրգիայի և մետաղի վերամշակման հնարավորինս երկար շղթա ունեցող երկիր դարձնելն է»,- ի լրումն՝ հավելեց նա:
2022 թվականի բյուջեի եկամուտները, ըստ նախագծի, կազմում են 1 տրլն 946 մլրդ դրամ, որը 2021թ.-ի նկատմամբ ավելի է 17 տոկոսով, իսկ 2020 թ.-ի նկատմամբ՝ 25 տոկոսով: Ծախսերը կազմում են 2 տրլն 190 մլրդ դրամ, որը 2021թ.-ի նկատմամբ ավելի է 10 տոկոսով, 2020թ.-ի նկատմամբ՝ 16 տոկոսով: 2022թ.-ի կապիտալ ծախսերը կազմում են 347 մլրդ դրամ, որը 2021թ.-ի նկատմամբ ավելի է 55 տոկոսով, իսկ 2020թ.-ի նկատմամբ՝ 53 տոկոսով: