ԱԱԾ-ի բյուջեն աճել է՝ ՊՆ-ի բյուջեից ավելի քան երկու անգամ

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում նոյեմբերի 1-ից մեկնարկել են  Բյուջե-2022 նախագծի քննարկումները։

Բյուջետային քննակումների առաջին օրը սկսվեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում՝ Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ։

Հաշվի առնելով պատերազմից ու դրա պարտությունից հետո կրած վնասները՝ ենթադրվում էր, որ Պաշտպանության նախարարության 2022 թվականի բյուջեն նախորդ տարվա համեմատ աչքի կընկնի ծախսերի կտրուկ ավելացմամբ, բայց, արի ու տես, որ Ազգային անվտանգության ծառայությունն է, որ առաջանցիկ տեմպերով բյուջեի աճ է արձանագրել՝ ի տարբերություն Պաշտպանության նախարարության։

Եվ այսպես՝ 2022 թվականի բյուջեով Պաշտպանության նախարարությանը նախատեսվում է հատկացնել  345 միլիարդ 420.8 մլն դրամ։

Այս գումարից ընթացիկ ծախսերի համար կհատկացվի 222,884.8 մլն դրամ կամ ընդհանուր հատկացված բյուջեի 64.5%-ը, իսկ ոչ ֆինանսական ակտիվների գծով` 122,535.9 մլն դրամ կամ 35.5%-ը:

2021 թվականի բյուջեի համեմատ՝ 2022 թվականի բյուջեում ծախսերի աճը կազմել է 33,726.7 մլն դրամ կամ 10.8%։

Նշենք, որ նախորդ տարվա համեմատ 8.9 % գնաճի պայմաններում տնտեսագետները 10.8 % գումարի ավելացումն առհասարակ աճ չեն համարում։

Համեմատության համար նաև ընդգծենք, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության բյուջեն 2022 թվականին կկազմի 2.7 միլիարդ դոլար։

Այս ծախսը 3.6 անգամ ավելի է Հայաստանի  ռազմական բյուջեից։

Ի տարբերություն Պաշտպանության նախարարության՝ Ազգային անվտանգության ծառայության բյուջեն 2022 թվականին  ավելացել է 22,85 %-ով՝ կազմելով 42 միլիարդ դրամ։

Ու թեև Նիկոլ Փաշինյանը 2021  թվականի օգոստոսի 24-ին Ազգային ժողովում հայտարարում էր, որ պլանավորում են Պետական պահպանության ծառայությունը դուրս բերել ԱԱԾ ենթակայությունից, իրականում կատարվել է հակառակը՝ մնալով ԱԱԾ-ի ենթակայության տակ՝ Պետական պահպանության ծառայության 2022 թվականի բյուջեն ավելացվել է 331 միլիոն դրամով։

Տեսանյութեր

Լրահոս