Թուրքիան հստակեցնում է՝ երբ կսկսվի հայ-թուրքական երկխոսությունը

Վերջին օրերին թուրք բարձրաստիճան պաշտոնյաները կրկին խոսում են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարների շուրջ: Օրերս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայում Ադրբեջանի նախագահի հետ Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի բացման պաշտոնական արարողության շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ասել էր, որ այսօր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման պայմաններն ավելի բարենպաստ են, քան երբևէ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։

«Դրա համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակին համապատասխան։ Մենք հանդես ենք գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության և հարաբերությունների համակողմանի կարգավորման օգտին… Այնուամենայնիվ, անհրաժեշտ է պետական ​​սահմանների հստակեցում և դրանց փոխադարձ ճանաչում։ Լավ հարաբերությունների հիմքը պետք է կառուցվի դրա վրա։ Այս հարցերում Հայաստանին պետք է անկեղծ կամք դրսևորել Ադրբեջանի հետ խնդիրները լուծելու համար։ Եվ եթե Հայաստանն անկեղծ կամք դրսևորի Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, ապա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար որևէ խոչընդոտ չի լինի»,- նշել էր Էրդողանը։
Նա նաև հայտարարել էր, որ Թուրքիան կշարունակի աջակցել «եղբայրական Ադրբեջանին»:

Էրդողանը նշել է, որ ենթակառուցվածքային ծրագրերը՝ ավտո և երկաթուղային ճանապարհները, որոնք Լեռնային Ղարաբաղում իրականացվում են Թուրքիայի մասնակցությամբ, տարածաշրջանի բոլոր երկրների համար կստեղծեն տնտեսական և առևտրային շահավետ հնարավորություններ։ «Ադրբեջանի բոլոր հարևանները՝ ներառյալ Իրանը, Վրաստանը և Հայաստանը, կշահեն դրանից»,- ասել է Թուրքիայի առաջնորդը։

Իր հերթին՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Թուրքիան խորհրդակցություններ է անցկացնում Ադրբեջանի հետ:

Նա ընդգծել է, որ տվյալ հարցը քննարկել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ վերջին հանդիպման շրջանակում: Չավուշօղլուն հիշեցրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Էրդողանի հայտարարություններն ու ավելացրել, որ Հայաստանից դրական ազդակներ են ստանում։

«Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք պատասխան քայլերի»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ Թուրքիան իր բոլոր որոշումներն ընդունելու է Ադրբեջանի հետ միասին:

Ռուս արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն «168 Ժամ»-ի հետ զրույցում գնահատելով Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի պատրաստակամությունը, նշեց, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները դրանք հայ-ադրբեջանական հարաբերություններն են, իսկ հայ-թուրքականը՝ հայ-թուրքականը, որոնք առավել ևս այսօր չպետք է առնչություն ունենային հայ-ադրբեջանական կամ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ, քանի որ Թուրքիայի նախկին պայմանը Ղարաբաղյան հարցի կարգավորումն էր: Սակայն, նրա խոսքով, Թուրքիան կրկին այդ կապը տալիս է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցին՝ ըստ էության նոր թեմաներ առաջ քաշելով:

«Թուրքիան տարածաշրջանային մեծ հավակնություններ ունի, սակայն հասկանում է, որ պետք է փոքր-ինչ մեղմի իր հռետորաբանությունը, կա նաև ԱՄՆ գործոնը, Իրանը, սակայն միևնույն ժամանակ՝ դրվում են կոնկրետ պայմաններ հայկական կողմի առջև, միևնույն ժամանակ՝ կա նաև ակնարկ, որ հայկական կողմը դրական է տրամադրված: Մի փոքր հասկանալի չէ, թե ի՞նչ է իր կողմից պատրաստ անել Թուրքիան, Հայաստանը դնո՞ւմ է արդյոք որևէ պայման, թե՞ համաձայն է այն օրակարգին, որը առաջ են քաշում տարածաշրջանի երկրները:

Այս ընթացքում Թուրքիայից այս պայմանները հնչել են, որ Ադրբեջանի հետ սահմանների հարցը լուծելուց հետո հնարավոր է կարգավորում: Հենց այս նպատակով է նաև ասվում, որ թուրքական կողմն Ադրբեջանի հետ խորհրդակցում է, որպեսզի պարզ լինի, որ առանց այդ հարցի կարգավորման՝ Թուրքիան Հայաստանին ընդառաջ որևէ քայլ չի անելու կամ չի փորձելու ուղիղ երկխոսել Երևանի հետ: Այս իմաստով փոխանցվող բոլոր ուղերձները լիովին ընկալելի ու պարզ են»,- մեկնաբանեց Ալեքսեյ Մալաշենկոն: Ըստ նրա, Թուրքիայի հայկական ուղերձները սովորաբար նախատեսված են լինում նաև Արևմուտքի համար, և ուշագրավ է դա դիտարկել այն լուրերի ֆոնին, թե սպասվում է Բայդեն-Էրդողան հանդիպում:

«Տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու մասին խոսակցությունների լսարանը տարածաշրջանում չէ, այլ դրանից դուրս: Սակայն կարծում եմ՝ Արևմուտքում ևս ամեն ինչ հասկանում են, և Թուրքիայի նկատմամբ բավականին կոպիտ քաղաքականություն է լինելու: Ինչ վերաբերում է տարածաշրջանում Ռուսաստանին, ապա Ռուսաստանը հաշվի առնելով իր հնարավորությունները և կապերը նաև այլ խաղացողների հետ, փորձում է կարգավորել և գնալ ապաշրջափակման, սակայն, ինչպես տեսնում ենք, տարածաշրջանային ձևաչափերին ԱՄՆ-ն է դեմ, Իրանի քաղաքականությունն է անորոշ, Իրան-ԱՄՆ հարաբերություններն են փոխվում, սրանք հանգամանքներ են, որոնք իրենց դերն ունենալու են այս շրջանում»,- ասաց նա:

Իրանցի վերլուծաբան Ալի Սալամին մեզ հետ զրույցում ասաց, որ Թուրքիան ցանկանում է հաջողության հասցնել տարածաշրջանային պրոյեկտները, որոնք անձամբ է գծագրել, խոսքը 3+3-ի կամ դրա այլ տարբերակների մասին է: Ըստ նրա, Հայաստանն այսպես թե այնպես պետք է մասնակցի, քանի որ կան կարևոր ճանապարհներ, որոնք պետք է անցնեն Հայաստանով, բայց Իրանի ու Վրաստանի մասնակցությունն այնքան էլ հստակ չէ, թեև Իրանը հայտնել է, որ կողմ է 6-ի հարթակին:

«Այս պահին վստահ կարելի է ասել, որ ինչ-որ փուլում սկսվելու է հայ-թուրքական երկխոսություն, սակայն Ադրբեջանի հետ համաձայնություններից հետո, որովհետև այդ մասին հստակ ասվում է: Իհարկե, դա բարդ փուլ է լինելու, քանի որ պատմական նման տարաձայնություններից հետո հարաբերություն կարգավորելը երկար ժամանակի հարց է, ոչինչ շուտ, միանգամից չի լինելու, ներկայումս խնդիրն ինչ-որ մակարդակի երկխոսություն հաստատելն է համապատասխան քաղաքական գործընթացներից հետո: Սակայն տարածաշրջանում այնքան դինամիկ զարգացումներ են, որ բարդ է ասել, թե մեր ակնկալած զարգացումներն իրականում երբ ու ինչ տեսքով կիրագործվեն»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս