«Իրականում, երկիրը փողի պակաս չունի, ունի դրա ճիշտ ծախսելու, ճիշտ տեղերում ներդնելու մեծ խնդիրներ». Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Ի գիտություն

2021 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարները կազմում են շուրջ 441 միլիարդ ՀՀ դրամ:

Սրանից շուրջ 28%-ը ՀՀ բանկերում ավանդ է դրված, իսկ շուրջ 9%-ը` կազմակերպությունների պարտատոմսերի մեջ:

Պետական պարտատոմսերի մեջ դրել են այս գումարի 33.5%-ը, իսկ օտարերկրյա ներդրումային ֆոնդերի արժեթղթերում ներդրել են այս գումարի շուրջ 29%-ը:

Ստացվում է, որ կենսաթոշակային ֆոնդերը երկրի շուրջ 400,000 քաղաքացուց հավաքագրած գումարներից շուրջ 164 միլիարդ ՀՀ դրամը ներդրել են ՀՀ տնտեսության մեջ (մասնավոր հատվածին են տվել), որը այսօրվա ՀՀ դրամ-ԱՄՆ դոլար փախարժեքով կազմում է շուրջ 340 միլիոն ԱՄՆ դոլար:

Եթե Երևանի քաղաքապետարանը կամ ՀՀ կառավարությունը ստեղծեին ենթակառուցվածքների զարգացման հատուկ ֆոնդ, և թողարկեին նպատակային 20-30 տարանոց պարտատոմսեր, ապա այօսր այս ամբողջ գումարը ներդրված կլիներ ենթակառուցվածքներում ու կծառայեր երկրի քաղաքացիներին:

Իսկ հիմա այսչափ գումար, որ հավաքվել է երկրի քաղաքացիներից, հիմնականում բանկերի ձեռքում է և ծառայում է դրանց էլ ավելի հարստացմանը:

Եթե այս ամբողջ գումարը Երևանի զարգացման ենթադրյալ ֆոնդ ուղղորդվեր ու ժամանակակից քաղաքային կառավարման անցնեինք, ընդամենը հինգ տարվա մեջ կունենայինք որակապես այլ քաղաք` ժամանակակից տրանսպորտային, աղբահանության և այլ համակարգերով: Դե իհարկե, մարդիկ կգան և կասեն, որ Երևան քաղաքի բյուջեն սրանից շատ ավելի փոքր է և հետևաբար ինչպես էր քաղաքը այսքան գումարի պարտատոմս թողարկելու: Եվ այո գլխավոր խնդիրը հենց այստեղ է` մտահորիզոնի սահմանափակ լինելու և եղած վիճակի մեջ կաղապարված լինելու խնդիրը: Սակայն, ցանկության դեպքում սա իրատեսական կլիներ անել, և մի քանի տարում էլ այս ներդրումների արդյունքում Երևանի բյուջեն կրկնակի, նույնիսկ եռակի անգամ կաճեր:

Իրականում, երկիրը փողի պակաս չունի, ունի դրա ճիշտ ծախսելու, ճիշտ տեղերում ներդնելու մեծ խնդիրներ, որոնք կառավարման տիրույթում գտնվող խնդիրներ են»:

Տեսանյութեր

Լրահոս