Ալիևը պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 21-ին, Փաշինյանին բանակցությունները շարունակելու առաջարկ է արել. այն անտեսվել է

168.am-ն առանձնացրել է 2020-ի հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած ուշագրավ հայտարարությունները:

 Իլհամ Ալիև

Nikkei ճապոնական պարբերականին տված հարցազրույցում Ալիևը խոսել էր Արցախի խնդրի կարգավորման բանակցությունները շարունակելու հնարավորության մասին, թեպետ արդեն արցախյան որոշ տարածքներ անցել էին իրենց վերահսկողության տակ:

«Նրանք (հայկական կողմը.- Մ.Պ.) պետք է լուրջ պարտավորություն ստանձնեն՝ ազատելու այդ շրջանները, որովհետև դա ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ երկու երկրների միջև համաձայնեցված հիմնարար սկզբունքների մաս է: Հիմնարար սկզբունքներում ասվում է, որ «օկուպացված տարածքները» պետք է վերադարձվեն Ադրբեջանին, մեր փախստականները և ներքին տեղահանվածները պետք է վերադառնան բոլոր «օկուպացված տարածքներ», այդ թվում՝ Շուշի:

Դրա համար ՀՀ կառավարությունը պետք է բացահայտ հայտարարի իր հավատարմությունն այս սկզբունքներին՝ տարածքների ազատման հետ կապված, որից հետո, իհարկե, կսկսվեն բանակցությունները: Հիմա մենք նախապայմաններ առաջ չենք քաշում, որ առաջին հերթին ազատվեն տարածքները, նոր սկսվեն բանակցությունները: Ներկա պահին մենք պահանջում ենք հայկական կողմից պատասխանատվություն ստանձնել խաղաղ բնակչության հանդեպ ռազմական հանցագործությունների համար, և անձամբ վարչապետից, որ նա հայտարարի՝ Հայաստանը կազատի «օկուպացված տարածքները»: Սրանից հետո հակամարտության կարգավորումը, իհարկե, մարտի դաշտից կտեղափոխվի բանակցությունների սեղան»,- ճապոնական պարբերականին ասել էր Ալիևը:

Այնուհետ Ալիևը շոշափել էր ապաշրջափակման թեման, որը հետո լեգիտիմացվեց 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ:

«Եթե Հայաստանը կառուցողական քայլեր կատարի և ազատի տարածքները, ապա մենք, իհարկե, կբացենք կոմունիկացիաները: Ես գիտեմ, լսել եմ Թուրքիայի կառավարության դիրքորոշումը, որ Հայաստանի կողմից այս տարածքների ազատման դեպքում Թուրքիան ևս կբացի կոմունիկացիաները: Այս ժամանակ իրավիճակը Հարավային Կովկասում ամբողջովին կփոխվի»,- շեշտել էր Ադրբեջանի ղեկավարը:

Այս համատեքստում Ալիևը չէր անտեսել նաև Քարվաճառի և տեղի ոսկու հանքի խնդիրը:

«Եթե այդտեղ աշխատող օտարերկրյա ընկերությունները չդադարեցնեն իրենց գործունեությունը, մենք դատի կտանք նրանց: Ի դեպ, նրանք ամեն դեպքում շուտով կդադարեցնեն իրենց գործունեությունը»,- ընդգծել էր Ալիևը՝ գուցե իմանալով, որ Քարվաճառը հանձնվելու է առանց կրակոցի:

Նշենք, որ Քարվաճառի շրջանն Ադրբեջանին անցավ 2020-ի նոյեմբերի 25-ին: Ադրբեջանին այն եռակողմ հայտարարության համաձայն՝ պետք է անցներ նոյեմբերի 15-ին, սակայն ժամկետը երկարաձգվեց 10 օրով:

Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ այդ փուլում Լեռնային Ղարաբաղի հարցը դիվանագիտական լուծում չունի:

«Պետք է մենք հստակ գիտակցենք, որ ԼՂ հարցը, գոնե այս փուլում և այս փուլից սկսած մինչև բավական երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի, ու բոլոր այն հույսերը, առաջարկները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավել ևս՝ այս իրավիճակում, պետք է համարենք ավարտված: Մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք: Դա նշանակում է, որ մեր դրած նշաձողից կարող ենք ինչ-որ բան նվազեցնել հանուն լուծման՝ պայմանով, որ դիմացի կողմն էլ պետք է իր նշաձողից ինչ-որ բան իջեցնի: Բայց պրակտիկան ցույց է տվել, որ այս տրամաբանությունն այլևս անընդունելի է Ադրբեջանի համար»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ընդգծել էր, որ այդ իրավիճակում պետք է մինչև վերջ, անմնացորդ, անսասան պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար:

«Անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, պետք է պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար: Այսօր պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար, նշանակում է՝ առաջին հերթին զենք վերցնել և նվիրվել հայրենիքի իրավունքի պաշտպանության գործին: Այս գործընթացն արդյունավետ ու շարունակական կազմակերպելու պարագայում է, որ մենք կկարողանանք հասնել մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման: Ադրբեջանն ասում է, որ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլյացիան, համաձայն չէ: Հետևաբար, պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքը՝ նշանակում է՝ պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը: Առանց Արցախի չկա Հայաստան», ասել էր վարչապետը և հավելել.

«Իսկ դուք դա հասկանում եք, թե ինչ է նշանակում: Ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ խոսքը Ղարաբաղի մասին չէ, և ես դա նույնիսկ չեմ էլ ուզում քննարկել: Որովհետև դեռ 90-ականների ազատամարտի մեր հերոսները և մեր ամբողջ համատեքստն այդպիսինն է, որ մենք, Ղարաբաղի մասին խոսելով, խոսում ենք ժողովուրդների իրավունքների մասին: Որովհետև մենք դեռևս 90-ականների սկզբին ձևակերպել ենք, որ առանց Արցախի չկա Հայաստան և, հետևաբար, պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքը՝ նշանակում է՝ պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը: Ես այստեղ տարանջատում չեմ գտնում: Իսկ սա այսօր առաջին հերթին նշանակում է՝ կռվել, զենք վերցնել և կռվել հանուն այդ իրավունքների այնքան ժամանակ, մինչև հնարավոր կլինի դիվանագիտական եղանակով հասնել ընդունելի որևէ տարբերակի: Ընդ որում՝ ես խոսում եմ հարցի վերջնական լուծման մասին: Եվ այս համատեքստում կարծում եմ, որ այս պրոցեսը պետք է կազմակերպի և իրականացնի մեր ժողովրդի քաղաքական լիդերությունը»:

Ինչ է ստացվում՝ Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար գնացել է արկածախնդրությա՞ն և պարտությա՞ն՝ մերժելով բանակցությունները շարունակելու Ալիևի առաջարկը: Իսկ հիմա Ադրբեջանն այլևս փակված է համարում Արցախի հարցը և բանակցություններին վերադառնալու հնարավորությունը:

Տեսանյութեր

Լրահոս