Խուրդաների ժամանակը

Վանո Սիրադեղյանի տարագիր մահը հերթական անգամ ի ցույց դրեց այն արժեքային ու բարոյական թշվառությունը, որում ապրում է Հայաստանը։ Կենդանության օրոք հայկական իրականությունում գյադաների ժամանակն ախտորոշած Վանո Սիրադեղյանն իր վախճանով ցույց տվեց, որ հիմա Հայաստանում տիրում են ավելի վատ՝ խուրդաների ժամանակներ։

Ընդ որում, եթե նախկին՝ գյադաների ժամանակում, որից հեռացավ Վանո Սիրադեղյանը, Հայաստանը, վատ, այդուհանդերձ պետություն ուներ, ապա հիմա՝ մանրամարդկանց ժամանակում, Հայաստանն ապրում է պետության  չգոյության պայմաններում։

Ողբերգական զուգադիպությամբ՝ հայկական պետության ու պետականության կայացման ակունքներում կանգնած Սիրադեղյանի մահը համընկավ պետության վախճանի հետ։ Ու որքան հակամարդկային, նույնքան էլ օրինաչափ է, որ պետության վախճանն այսչափ անդարդորեն իրականացնողները՝ բարձրաստիճան խուրդաների գլխավորությամբ, հրճվում էին Վանո Սիրադեղյանի բացակայությունից, որովհետև նրա ներկայությունն ընդգծելու էր իրենց խուրդայությունը, որը, սակայն, էլ ավելի է ընդգծվում Վանո Սիրադեղյանի մահվան պարագային։ Ինչպես որ բոլոր նրանց դեպքում, ովքեր հանդես գալով զինակցի կամ համախոհի դիրքերից, կենդանության օրոք Վանո Սիրադեղյանի վերադարձը չապահովողների մասին խոսում են հերթապահ քննադատությամբ, որովհետև կյանքը շարունակվում է ու պետք է դիրքավորվել նաև խուրդաների ժամանակներում։

Ու երևի նաև, իսկ գուցե հենց այս ժամանակների մասին է Վանո Սիրադեղյանը գրել իր բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք ճշգրտորեն համընկնում են իր կենդանությունը չհանդուրժած ու անգամ մահվան հետ անհաշտ այս իրականության հետ։

Վանո Սիրադեղյանի «Ծանր լույսը» նաև այսօրվա խավարի մասին է, այնպես, ինչպես «Կեղծ դամբարանները»՝ նաև իր մահվան շուրջ քննարկումների ու շահարկումների, ու ըստ ամենայնի նաև իր մահացած վերադարձի մասին է «Եկվորի բախտը», իսկ ահա «Քթիցը բերին»-ը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր իր մահով շատ հաշիվներ մաքրված են համարում և լռում են, որովհետև նա գրել է նաև՝ «Հին պատմություն է», ու թերևս, այսօրվա անգո իրականության ու նաև իր մահվան մասին արձանագրել է՝ «Հերն անիծած կյանքի»․․․

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս