ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը քննադատել է AUKUS-ի գործարքը
Մյուս երկրները կարող են հետեւել Ավստրալիայի օրինակին եւ միջուկային սուզանավեր ձեռք բերել, կարծում է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ Նրա կարծիքով, «չի կարելի բացառել (այն բանի հավանականությունը), որ մյուս երկրները կհետեւեն AUKUS-ի նախադեպին եւ կսկսեն իրականացնել միջուկային սուզանավեր ձեռք բերելու իրենց պլանները: Ինչպես նշել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը, այս իրադրության մեջ որպես սահմանափակող գործոն հանդես են գալիս տեխնոլոգիական դժվարությունները նման սուզանավեր ստեղծելու ժամանակ:
«Ես արդեն աշխատանքային խումբ եմ ստեղծել (ՄԱԳԱՏԷ-ի) տեսուչի շրջանակներում, որի կազմում տեղ են գտել երաշխիքների հարցերով շատ հմուտ տեսուչներ եւ իրավաբանական փորձագետներ՝ այդ հարցն ուսումնասիրելու համար»,-Վաշինգտոն այցի շրջանակներում նշել է Գրոսիին: Նրա խոսքը հաղորդում է Guardian թերթը:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն ընդգծել է, որ անհրաժեշտ են պայմանավորվածություններ, որոնց շրջանակներում Ավստրալիայի կողմից ստացված տեխնոլոգիաները եւ նյութերը կտարածվեն դրանց պատշաճ օգտագործման երաշխիքով: Գրոսին ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ խոսակցության ընթացքում բարձրացրել է միջուկային զենքի տարածում թույլ չտալու թեման՝ AUKUS-ի համատեքստում:
«Մենք պատրաստվում ենք շուտով… պաշտոնական հանդիպում անցկացնել եռակող կամ այլ ձեւչափով»,-թերթը մեջբերում է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի խոսքը: Սեպտեմբերի 15-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը համատեղ հայտարարություն են հրապարակել պաշտպանության եւ անվտանգության բնագավառում գործակցության նոր եռակողմ ձեւաչափ ստեղծելու մասին, որն ստացել է AUKUS անվանումը: Այս դաշինքի շրջանակներում առաջին նախաձեռնությունը կդառնա ատոմային սուզանավերի ստեղծումն Ավստրալիայի ռազմածովային նավատորմի համար:
Ավստրալիան հայտարարել է որ դուրս է գալիս ֆրանսիական Naval Group ընկերության հետ 90 միլիարդ ավստրալական դոլար (շուրջ 66 միլիարդ ԱՄՆ-ի դոլար) արժողությամբ պարտավորագրից՝ հօգուտ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ համատեղ նախագծի: Ինչպես նշել է ընկերությունը, ինքն Ավստրալիային առաջարկել է «գերազանց որակի սովորական սուզանավ»: Ֆրանսիայի հետ համաձայնագիրը նախատեսում էր Barracuda դասի 12 հարվածային սուզանավերի արտադրություն: Ֆրանսիայի ԱԳ նախարարության ղեկավար Ժան Իվ լե Դրիանը համաձայնագիրը խզելու մասին Ավստրալիայի որոշումը համարել է «հարված մեջքին», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: