Ճապոնիայի նոր վարչապետը մտադիր է աշխատել Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագրի վրա
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան խորհրդարանի՝ հոկտեմբերի 8-ին բացված նստաշրջանում իր ծրագրային ճառի ընթացքում վերստին հաստատել է, որ միտված է աշխատանք տանելու Ռուսաստանի հետ տարածքային հարցի լուծման եւ հաշտության համաձայնագրի կնքման ուղղությամբ։
Ելույթի հեռարձակումն իրականացվել է Ներկայացուցիչների պալատի կայքում: «Ես նպատակ ունեմ շարունակել համալիր ձեւով աշխատել հարաբերությունների վրա՝ Ռուսաստանի հետ Հյուսիսային տարածքների (Ճապոնիայում այսպես են անվանում հարավկուրիլյան շղթայի չորս կղզիները) հարցի լուծման եւ հաշտության համաձայնագրի կնքման նպատակով»,-նշել է Կիսիդան, դրա հետ մեկտեղ ընդգծելով, որ «առանց տարածքային հարցի լուծման չի կարող լինել հաշտության համաձայնագիր»:
Նախօրյակին տեղի է ունեցել Ճապոնիայի եւ Ռուսաստանի ղեկավարների զրույցը, որի ընթացքում կողմերը հաստատել են, որ առաջընթացի են ձգտում կողմերի միջեւ ձեռք բերված համաձայնությունների, այդ թվում՝ 2018 թվականի համաձայնությունների հիման վրա հաշտության համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններում: Ֆումիո Կիսիդան, որը հաղթանակ է տարել սեպտեմբերի 29-ին անցկացված կուսակցական ընտրություններում, հոկտեմբերի 4-ին դարձել է Ճապոնիայի 100-րդ վարչապետը: Ճապոնիան հավակնում է հարավկուրիլյան շղթայի չորս՝ Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ եւ Հաբոմայի կղզիներին՝ վկայակոչելով 1855 թվականի Առեւտրի եւ սահմանների մասին երկկողմ պայմանագիրը:
1956 թվականին ԽՍՀՄ-ը եւ Ճապոնիան Համատեղ հռչակագիր են ստորագրել, որում Մոսկվան համաձայնել է Հաբոմայի եւ Շիկոտանա կղզիները հանձնելու հնարավորությունը քննարկել հաշտություն կնքելուց հետո, Կունաշիրի եւ Իտուրուպի ճակատագրի հարցը չի շոշափվել: ԽՍՀՄ-ը հույս ուներ, որ փաստաթուղթը վերջակետ կդնի վեճին, իսկ Ճապոնիան դրանում տեսավ միայն խնդրի լուծման մի մասը՝ չհրաժարվելով բոլոր կղզիների նկատմամբ պահանջներից: Հետագա բանակցությունները ոչ մի բանի չհանգեցրեցին, հաշտության համաձայնագիրը Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո այդպես էլ չստորագրվեց: Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ Հարավային Կուրիլները ԽՍՀՄ-ի կազմի մեջ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով եւ դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը, որն ունի համապատասխան միջազգային- իրավական ձեւակերպում, կասկածից վեր է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: