«Նոր ատոմակայան կառուցելը ռեալ չէ. չեմ հավատում նաև պղնձաձուլարանի կառուցման հեռանկարին». Մասնագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Այս ծրագիրը ռեալ չէ: Նախ՝ խոսքը չի կարող նոր ատոմակայանի մասին լինել, հավանաբար նոր ռեակտորի մասին է: 1 ռեակտորի գինը 5.5 մլրդ դոլար է: Խոսքը ռուսական ռեակտորների մասին է՝ ամենափոքրը 1000 մեգավատտ: Հետևաբար՝ 1000 մեգավատտանոց 1 ռեակտոր կառուցելու համար պետք է 5.5 մլրդ դոլար գումար: Չեմ կարծում՝ ինչ-որ մեկը, այն էլ՝ մասնավորը, ներդրում անի, որովհետև այդ գումարների հետբերելիությունը շատ քիչ է, այսինքն՝ անհնար է: Հայաստանի շուկան շատ փոքր է, որ դու 5 մլրդ դոլարի ատոմակայան կառուցես, հետո աշխատեցնես և այդ գումարը ետ բերես»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ Արմեն Մանվելյանը:
ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ բանակցություններ են ընթանում: Փաշինյանն այդ հայտարարությունն արել էր կառավարության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր դառնալու համատեքստում:
««Գեոպրոմայնինգ» ընկերության սեփականատերերից մեկի, տնօրենների խորհրդի անդամի կողմից Հայաստանին արվել է առաջարկ, առաջարկը քննարկել ենք, տեսել ենք, որ այդ առաջարկը համապատասխանում է ՀՀ տնտեսական ու պետական շահերին: Դա ներառում է երկու շատ կարևոր բաղադրիչ՝ առաջինը՝ պղնձաձուլարանի կառուցում, որը նշանակում է, որ Հայաստանն այլևս ոչ թե խտանյութ պետք է արտահանի ու ուրիշ տեղից ներկրի պատրաստի պղինձ՝ այլ արտադրանքում օգտագործելու համար, այլ Հայաստանում պետք է թողարկվի հենց պղինձ: Երկրորդը՝ այս ծրագրի մաս է նոր ատոմակայանի կառուցումը, ու այդ խոշոր ընկերությունը ստանձնել է պղնձաձուլարանի հիմնադրման մասով ներդրումային պարտավորություններ, որոնք պատշաճ արձանագրվել են, և արդեն իսկ բանակցություններ է սկսել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Արմեն Մանվելյանը դա պոպուլիստական հայտարարություն է որակում:
«Հայաստանում էլեկտրաէներգիան բավականին էժան է՝ համեմատած տարածաշրջանային մյուս երկրների: Բացի այդ, միջուկային էներգետիկայի շուկան մոնոպոլիզացված է: Եթե մենք աշխատեցնենք, պետք է ռուսական ռեակտոր կառուցենք, որովհետև մեր Մեծամորի ատոմակայանը պատրաստի ինֆրաստրուկտուրա ունի. կարելի է բերել՝ նոր ռեակտոր կառուցել: Բայց դրա համար պետք է ռուսական իշխանությունների հետ գալ համաձայնության, առանց դրա հնարավոր չէ: Այսինքն՝ բավականին մեծ թվով այլ տիպի հարցեր են առաջանում՝ սկսած նրանից, որ այնտեղ կան սարքեր և սարքավորումներ, որոնք Հայաստան բերելը շատ բարդ է: Տեխնիկական շատ խնդիրներ կան: Այս պահին ամենաճիշտ ճանապարհը հին ռեակտորի մոդեռնիզացումն է, որը 10 տարի մեզ կբավականացնի, դրանից հետո կարելի է ևս 10 տարով երկարացնել դրա կյանքը: Այդպիսի համաշխարհային փորձ կա»,- ընդգծեց նա:
Մասնագետի խոսքով՝ եթե անգամ էլեկտրաէներգիայի արտահանման նպատակով կառուցվի նոր ատոմակայանը, ապա այսօր Հայաստանը դրա հնարավորությունը չունի. «Դեպի Իրան կառուցվող բարձրավոլտը կիսատ-պռատ վիճակում է, դեպի Վրաստան կառուցվողը, որով պետք է Ռուսաստան արտահանվեր, գործընթացը ընդհանրապես կանգնեցված է: Եթե ունենայինք արտահանման հնարավորություն, ապա տեսականորեն հնարավորություն կա, որ այն դառնա գրավիչ դեպի Ռուսաստան և դեպի Իրան արտահանելու համար: Բայց այս պահին մենք նման հնարավորություն չունենք: Փաշինյանի այդ հայտարարությունը պոպուլիզմի բնագավառից է. հիշում եք՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ էլ էր Նիկոլը հայտարարել, որ ուզում են նոր ատոմակայան կառուցել, իսկ Պուտինը դրա վերաբերյալ ոչինչ չասաց: Իրենք կարող են անընդհատ նման հայտարարություններ անել: Ի դեպ, դա վերաբերում է նաև նոր պղնձաձուլարանի կառուցմանը. Ես չեմ հավատում, որ դա հնարավոր է: Աշխարհում պղնձի ձուլման գործընթացը էլի մոնոպոլիզացված է: Եվրոպայում դրանով զբաղվում է Գերմանիան, Ասիայում դրանով զբաղվում է Չինաստանը, մասամբ՝ Ռուսաստանը, ամենախոշորն ԱՄՆ-ն է: Այսինքն՝ այդ երկրները քեզ թույլ չեն տա ունենալ սեփական պղնձաձուլարան: Պլյուս՝ պղնձի հումքը մենք արտահանում ենք Եվրոպա, հիմնականում գերմանացիներն են առնում, իրենք էլ այդ ձուլումը կատարում են, ինչը բավականին էժանացնում է գները: Այսինքն՝ դժվար թե Հայաստանի հումքի պայմաններում մրցունակ լինի համաշխարհային շուկայում: Ես դրա հեռանկարին էլ առանձնապես չեմ հավատում»:
Արմեն Մանվելյանը հավելեց, որ այդ հայտարարություններով իշխանությունները փորձում են պարզապես արդարացնել կառավարության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր դառնալու փաստը: