«Փաշինյանի` սննդային և այլ ռեսուրսների պաշարի «գաղտնազերծումը» խնդրահարույց է». ռազմաքաղաքական վերլուծաբան

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով պարենային ապահովվածության մակարդակին՝ վստահեցրեց` այդ առումով խնդիրներ չունենք:

«Սննդի բավականին լավ պաշարներ ունենք. շաքարավազ` 201 օրվա, սա՝ երեկ չէ առաջին օրվա դրությամբ, հավի միս` 64 օրվա, ձեթի 38 օրվա պաշար ունենք: Բայց միևնույն ժամանակ՝ իմ ձեռքի տակ տեղեկանք կա, որ միայն ամսի 18-ին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում` 18 տոննա ձեթ, 220 տոննա շաքար, 145 տոննա ցորեն, 15 տոննա հրուշակեղեն, 20 տոննա սիսեռ, և այդպես շարունակ` արևածաղկի, դդմի սերմ, սառեցված միս, նույնիսկ` կարտոֆիլ: Լիարժեք ապահովված ենք նաև վառելիքով` բենզինով և դիզելային վառելիքով: Եվ հիմա ներմուծվում է»,- մանրամասնեց Փաշինյանը:

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը լրացրեց` ասելով, որ բենզինի 3 ամսվա պաշար ունենք, դիզելի՝ 1.5 ամսվա` չհաշված ներմուծումները:

168.am-ի հետ զրույցում ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը նշեց, որ սննդային և այլ ռեսուրսների պաշարի մասին «գաղտնազերծումները» խնդրահարույց են:

«Երկրի սննդային և այլ ռեսուրսների պաշարը կառավարության նիստում բացահայտ հայտարարելն արդյո՞ք պետական կամ գոնե ծառայողական գաղտնիքի խախտում չէ, արդյո՞ք սրանով վտանգի տակ չի դրվում մեր անվտանգությունը, երբ, օրինակ, թշնամին ուղղակի կարող է դնել և հաշվարկել մեր ամրությունը… Իրականում պաշարված ամրոցի սկզբունքն է, երբ հակառակորդը պաշարում է մի ամրություն և նպատակ ունի այն գրավել սովի միջոցով, ամրության ղեկավարն ամեն ինչ անում է, որ պաշարողի մոտ վստահություն ստեղծվի, թե ինքը սնունդ շատ ունի, թեկուզև սնունդ մնացած է լինում շատ քիչ: Նման դեպքեր պատմության ընթացքում շատ են եղել, օրինակ, Նիկայի 978 թ. պաշարման ժամանակ»,- նշեց Հակոբյանը:

Հարցին` մեր թշնամին կոնկրետ ի՞նչ քայլերի կդիմի, արդյո՞ք սահմանային սադրանքների և լարվածության կգնա, ռազմաքաղաքական վերլուծաբանը հաստատեց` այո, բայց ոչ միայն:

«Օրինակ՝ կուժեղացվի բլոկադան։ Սա ինչ-որ առումով տեսական վտանգ է, բայց այն կարող է նաև գործնական տեսք ստանալ, երբ, օրինակ, Թուրքիան, կոպիտ ասած, բզբզի կամ հրահրի Իրանի քրդերին և Թավրիզի կողմից փակի մեր ճանապարհը, իսկ Վրաստանում էլ հրահրի, օրինակ, Մառնեուլի թաթարներին: Ավելին, այս «գաղտնազերծումը» բանակցությունների ժամանակ նեղացնում է բանակցողի մանևրելու հնարավորությունը, վստահ տոնով խոսելու: Էրդողանը, որոշակիորեն պարզունականացված, առիթի դեպքում ասելու է` ինքդ ես ասել, որ 3 ամսվա բենզինի պաշար ունես, 2.5 ամիսն արդեն անցել է, ո՞ւմ ես խաբում, և այլն: Այս վտանգները պետք է հասկանալ»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս