«ԵՊՀ-ն ազգային հենասյուն է. կարող ես չունենալ պետություն, բայց ազգ լինելու համար դու պետք է ունենաս համալսարան». Վահե Հովհաննիսյան

«Համալսարանի շուրջ գործընթացների սկիզբը ես ավելի վաղ թվագրումից կսկսեի, գիտխորհրդի նիստերի դահլիճի գրավումից: Ամբողջ պրոցեսը միտված է մեկ նպատակի, այն է՝ Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) քաղաքական իշխանության վերահսկողության տակ վերցնելուն, ու դրա համար կիրառվեց տարբեր գործիքակազմ»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԵՊՀ շուրջ ընթացող իրադարձությունների ընթացքին:

Ըստ նրա՝ այդ պահից սկսած՝ համալսարանական օրակարգը քաղաքականացվեց և վերածվեց քաղաքական իշխանության պայքարի:

«Դրանից հետո նախաձեռնվեց օրենքի փոփոխություն, կառավարության որոշման փոոփոխություն, դրանից հետո տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի անդամների զանգվածային հրաժարականը՝ քաղաքական իշխանության կողմից կազմակերպված: Նպատակը բուհ-ում կառավարման ճգնաժամ ստեղծելն էր, որպեսզի հնարավոր լինի «Հիմնադրամների մասին» օրենքի համապատասխան՝ ձևավորել անցումային ժամանակավոր խորհուրդը, որն առանց ԵՊՀ մասնակցության որոշումներ կայացնելու հնարավորություն կունենա»,- ասաց Վահե Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ այդ ընթացքում նաև տեղի ունեցավ ԵՊՀ կանոնադրության փոփոխություն, որպեսզի հնարավոր լինի իրենց համար ցանկալի ռեկտորի նշանակումը:

Հարցին, թե ինչո՞ւ չի դիմադրում ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը, որը 2020թ. նոյեմբերին Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էր պահանջում, Վահե Հովհաննիսյանը պատասխանեց, որ խնդիրը խորքային է:

«Ես չէի ասի, որ հանձնվում են: Համալսարանականների մասն այս երկարատև պրոցեսից հոգնել է: Երկրորդը՝ պետք է ամեն դեպքում գործել ռացիոնալ դաշտում. Քաղաքական իշխանության կողմից ստեղծված ճգնաժամն ամեն դեպքում պետք է հաղթահարվի: Ավելի լավ է ունենալ ոչ լեգիտիմ, վատ կառավարում, բայց ունենալ կառավարում»,- ասաց ԵՊՀ դասախոսը:

Վերջինս պնդում է՝ ԵՊՀ ռեկտորը պետք է լինի համալսարանական:

«ԵՊՀ ռեկտորը պետք է լինի բուհ-ական, ակադեմիական համայնքի ներկայացուցիչը, այլ ոչ թե քաղաքական իշխանության ներկայացուցիչը բուհ-ական, ակադեմիական համայնքում: 3 հոգու կողմից Հովհաննես Հովհաննիսյանի՝ ռեկտորի ժ/պ նշանակվելը խոսում է քաղաքական պատվերի մասին: Ռեկտորի հապճեպ նշանակումը նպատակ ուներ, որ քաղաքական իշխանությունն իր մեջ ինտեգրի բուհ-ի ներսում եղած նախկին արատավոր համակարգը»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ԵՊՀ-ն քաղաքական իշխանության լիակատար վերահսկողության տակ երբեք չի եղել՝ սկսած խորհրդային տարիներից, ոչ նախկինում, ոչ էլ ներկայում է հնարավոր նման բան:

«Իհարկե, որոշակի վերահսկողություն եղել է, քաղաքականացվածություն՝ նույնպես, երբեք բուհ-ական ինքնավարությունը լիարժեք կերպով չի եղել, բայց ոչ այս աստիճանի: Որ ցանկացած բուհ պետք է քաղաքական պրոցեսներից դուրս լինի, միայն իրավական հարթության հարց չէ, այլ զուտ պրագմատիկ հաշվարկների հարց: Պատկերացրեք՝ ամեն անգամ քաղաքական կոնյունկտուրայի փոփոխությունը հանգեցնելու է բուհ-ի ղեկավարության փոփոխության: Որքանո՞վ է դա նպատակահարմար»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:

ԵՊՀ պրոֆեսորը շեշտում է՝ ԵՊՀ-ն ազգային հենասյուն է:

«Ոչ թե պետության, այլ ազգի: Կարող ես չունենալ պետություն, բայց ազգ լինելու համար դու պետք է ունենաս համալսարան, և ԵՊՀ-ն այս առումով շատ կարևոր գործառույթ ունի անելու»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:

Հարցին՝ ո՞րն է այս իրավիճակի լուծումը, Վահե Հովհաննիսյանը պատասխանեց՝ լուծումը քաղաքական իշխանության վերաբերմունքի փոփոխությունն է:

«Ես բազմիցս տարբեր հարթակներից, նույնիսկ քաղաքական իշխանության հետ հանդիպումների ժամանակ միշտ ասել եմ՝ ընդամենը պետք է սահմանել խաղի կանոններ, որոնք պարտադիր կլինեն և բուհ-ի, և քաղաքական իշխանության համար: Եվ խաղի կանոնները կլինեն այնպիսին, որ բուհ-ը քաղաքական օրակարգ չսպասարկի, քաղաքական նպատակ չհետապնդի»,- ասաց ԵՊՀ դասախոսը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս