Հայաստանում մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհները գրեթե կրկնակի թուլացել են
Մոբայլ վնասաբեր ծրագրերը Հայաստանում 2021-ի երկրորդ եռամսյակում գրոհել են օգտատերերի 1,05%-ին, Վրաստանում՝ 0,75%-ին, Ադրբեջանում՝ 3,00%-ին: Իսկ 2020-ի ապրիլ-հունիսին Հայաստանում մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների են ենթարկվել օգտատերերի 2,00%-ն այն դեպքում, երբ Վրաստանում նման գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը կազմել է 2,08%, իսկ Ադրբեջանում՝ 3,37%: Այս մասին տեղեկացնում են «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից։
Ընթացիկ տարվա ապրիլ-հունիսին մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների բախվածների ամենամեծ բաժինը գրանցվել է Իրանում՝ 23,79%, Սաուդյան Արաբիայում՝ 23,09%, և Չինաստանում՝ 18,97%: Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։
2021-ի երկրորդ եռամսյակում ընկերությունը հայտնաբերել է մոբայլ վնասաբեր ծրագրերի տեղադրման 886 105 փաթեթ, ինչը 565 555 փաթեթով պակաս է, քան նախորդ եռամսյակում, և 359 789-ով պակաս, քան 2020-ի երկրորդ եռամսյակում:
Նման ծրագրերից պաշտպանության համար փորձագետների կողմից առաջարկվող միջոցներից են միայն վստահելի աղբյուրներից հավելվածներ ներբեռնելը և սարքի կարգավորումներում կողմնակի աղբյուրներից ծրագրերի տեղադրման հնարավորությունն անջատելը, ինչպես նաև համակարգը և հավելվածները մինչև արդիական տարբերակներ մշտապես նորացնելը։ Խորհուրդ է տրվում չանցնել ոչ վստահելի հղումներով և չբացել կասկածելի ֆայլերը SMS-ներում, էլեկտրոնային փոստում, մեսենջերներում, սոցիալական ցանցերում և բրաուզերներում։ Սակայն այս միջոցները լիարժեք չեն, եթե մոբայլ սարքում տեղադրված չէ հուսալի հակավիրուս։