«Նման ագրեսիվ գործողություններով փորձ է կատարվում ճնշում բանեցնել Հայաստանի վրա՝ իրենց եզրաբանությամբ՝ «Զանգեզուրի միջանցք» ստանալու համար». Վարդան Ոսկանյան
Թշնամին օգոստոսի 25-ի երեկոյան փակել է Գորիս-Կապան ճանապարհը, իսկ այսօր արդեն՝ Որոտան-Գորիս ճանապարհը, որի արդյունքում մի քանի գյուղ մնացել է շրջափակման մեջ։ Դրան զուգահեռ՝ Հայաստան-Իրան ճանապարհին կանգնել են իրանական բեռնատարներ, որոնք սպասում են ճանապարհը բացվելուն։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին և իրանական բեռնատարների համար առաջացած խոչընդոտներին, նկատեց՝ գործընթացը հասկանալու համար պետք է դիտարկել ամբողջ իրավիճակը Բաքվի բռնապետի վարած քաղաքականության տեսանկյունից։
«Նման ագրեսիվ քաղաքականությամբ ու գործողություններով փորձ է կատարվում լուծել մի քանի խնդիր՝ ճնշում բանեցնել Հայաստանի վրա՝ իրենց եզրաբանությամբ՝ «Զանգեզուրի միջանցք» ստանալու համար։ Ճնշում բանեցնել Հայաստանի վրա և իրանցի գործընկերների մոտ տպավորություն ստեղծել, որ Ադրբեջանն է ամենաապահով ճանապարհն իրանական բեռների համար դեպի հյուսիս ելքի համար կամ Թուրքիան՝ ըստ էության Հայաստանին դուրս թողնել տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության որևէ հնարավորություն ունենալուց։ Այս ամենի համատեքստում շատ ավելի կարևոր է արդեն միջազգային, տարածաշրջանային նշանակություն ունեցող Հյուսիս-Հարավի միջոցով Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքի ծրագիրը, իրենց կարծիքով, հարցականի տակ դնելու առումով՝ փորձելով իրանական կողմում առաջացնել լուրջ կասկածներ, որ Հայաստանի տարածքով այդ ծրագիրն իրականացնել հնարավոր չէ։ Հատկապես այս տրամաբանությունը խորացել է Բաքվի բռնապետի մոտ, ամենայն հավանականությամբ, Եվրամիության կողմից այդ ծրագրին աջակցություն տրամադրելու ֆոնին, ինչը ծրագիրը դարձնում է շատ ավելի իրատեսական»,- պարզաբանեց Վարդան Ոսկանյանը։
Իրանագետի խոսքով՝ այս համատեքստում խնդիրը վերաբերում է ոչ միայն Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական լկտի և ագրեսիվ գործողություններին, որոնք միտված են նաև Իրանի դեմ, այլև Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքով հետաքրքրվող բոլոր երկրներին։
«Այս ագրեսիվ քայլերով նաև փորձ է կատարվում Եվրամիության դեմ որոշակի քայլեր ձեռնարկել։ Կա մեկ կարևոր հանգամանք ևս, քանի որ նշված ճանապարհների անվտանգությունն ըստ էության ապահովում է ռուսական կողմը, Ադրբեջանը փորձում է ատամներ ցույց տալ նաև ռուսական կողմին։ Վերջին հանգամանքը տեղավորվում է նաև վերջին շրջանում ռուս-թուրքական որոշակի լարում արձանագրած հարաբերությունների համատեքստում։ Ադրբեջանը հանդես գալով որպես տարածաշրջանում Թուրքիայի ուղղակի ու ակնհայտ արբանյակ՝ փորձում է նաև այդ հարցում իր զորակցությունը հայտնել Թուրքիային, և իրենց կարծիքով՝ չեզոքացնել կամ վարկաբեկել ռուս սահմանապահների հանգամանքը ՀՀ տարածքում»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է նման միջադեպերի ազդեցությանը հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վրա, Վարդան Ոսկանյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի հիմնական թիրախներից մեկը հենց դա է՝ ազդել այդ հարաբերությունների վրա, սակայն Ադրբեջանում իրանական կողմին լավ չեն ճանաչում։
«Եթե իրանցիները համարում են, որ Սյունիքի մարզն իրենց համար չափազանց կարևոր տարածք է, իսկ այդ իմաստով ակնհայտ է, որ իրանական կողմում որևէ կասկած չկա՝ Սյունիքը՝ Հայաստանը Իրանի հետ՝ դեպի հյուսիսի աշխարհաքաղաքական մանևրի հիմնական այլընտրանք է թուրք-ադրբեջանական տարածքների, ապա իրանցիները փորձելու են ոչ թե գնալ Հայաստանի հետ հարաբերությունների, նաև տնտեսական հատվածի կրճատմանը՝ «վախենալով» ադրբեջանական սպառնալիքից, այլ կարող են գործել բոլորովին հակառակ ուղղությամբ, այսինքն՝ ավելի ամրապնդել կապերը Հայաստանի հետ և մեծացնել իրենց տնտեսական ներկայությունը Սյունիքի մարզում։ Սակայն սրան հասնելու համար հայկական կողմից ջանքեր ու աշխատանք է պետք, սա պետք է գիտակցել և մեծ աշխատանքի արդյունքում հասնել նման հարաբերությունների ձևավորմանը»,- շեշտեց Վարդան Ոսկանյանը։
Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում իշխանությունների գործողություններին, Վարդան Ոսկանյանն ասաց, որ իրականության մեջ գտնվում են ձայնապնակի անընդհատ պտտեցման գործընթացի մեջ։
«Ակնհայտ է, որ այսօր խորհրդարանում տեղի ունեցող գործընթացը կամ ելույթները որևէ ադեկվատության եզր չունեն Հայաստանում, մասնավորապես՝ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի հետ։ Բայց զարմանալի չէ, ակնհայտ է որ ներկայիս իշխանությունն ունի մեկ նպատակ՝ պահպանել սեփական իշխանությունը, և այդ նպատակին ծառայեցնում է իր մանիպուլյատիվ ամբողջ հռետորաբանությունը, նաև քարոզչամեքենան»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը։