«Թուրքիան երբևէ Ռուսաստանի դաշնակիցը չի հանդիսանա և չի հարգի ռուսական պայմանները և գերակա շահերը Ղրիմի հարցում». Հայկ Դեմոյան

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր մասնակցել է Կիևի նախաձեռնած «Ղրիմի հարթակ» ֆորումի առաջին հանդիպմանը։ Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ  հանդիպման շրջանակներում Թուրքիայի արտգործնախարարը խոսել է լրատվամիջոցների հետ և հայտնել, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։

«Մենք երբեք չենք ճանաչել Ղրիմի անօրինական միացումը և անընդհատ շեշտում ենք, որ չենք ճանաչի»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան մասնակցում է գագաթաժողովին՝ ցույց տալու իր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և շեշտելու կարևորությունը, որը նա տալիս է Ղրիմի թաթարների իրավունքներին։

Ի դեպ, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ղրիմի հարթակի»  ժողովին բարձրագույն և բարձր մակարդակով որոշ երկրների մասնակցությունը համարել է Ղրիմի թեմային կոլեկտիվ Արևմուտքի քաղաքականացված մոտեցման ապացույց: Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարձագանքի այն երկրների դիրքորոշմանը, որոնք կմասնակցեն համաժողովին, և համապատասխան հետևություններ կանի։

168.am-ի հետ զրույցում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն անդրադառնալով Թուրքիայի մասնակցությանը «Ղրիմի հարթակին», այս համատեքստում ռուս-թուրքական հարաբերությունների հնարավոր սրմանը, նշեց, որ այժմ լրջագույն անհանգստություններ կան արտաքին աշխարհում, ստեղծվել է անհանգստության մի առանցք՝ սկսած Չինաստանի հյուսիսից արևելյան շրջան՝ Աֆղանստանով, մինչև Ղրիմ, Արցախ և Ուկրաինա։

«Այս առանցքը՝ անվանենք կիսալուսին, նոր մարտահրավերներ է պարունակելու թե ամբողջ եվրասիական մայրցամաքի համար, թե տեղային տարածաշրջանների համար։ Այժմ մենք  գտնվում ենք ճիշտ կիզակետում, սա ավելի է բարդացնում իրավիճակը, որովհետև շատ զարգացումներ իրավիճակային են։ Այսինքն՝ մենք չենք կարող կանխատեսել, թե Ղրիմում տեղի ունեցող իրադարձություններն ինչ ազդեցություն կունենան մեր տարածաշրջանում կամ, ասենք, Աֆղանստանում, որովհետև մեկ փակ շղթա է միմյանց ագուցված։ Այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականին, ամեն ինչ կանխատեսված էր նեոպանթուրքիստական այն քաղաքականության մեջ, որը ես մշակել էի դոկտորական ատենախոսության մակարդակով։ Հիմա ինձ համար պարզ էր, թե ինչու էր դա արվում, որովհետև ցանկալի չէր սցենարների բացահայտումը»,- նշեց Հայկ Դեմոյանը։

Պատմաբանի կարծիքով՝ այսօր նեոպանթուրքիզմն առժամանակ ռուսական կողմն ընդունել է և այդ մտքի հետ հաշտվել է, ինչ-ինչ տակտիկական քայլերով այն համարում է  հետընթաց, քանի որ այն լրջագույն մարտահրավերներ է պարունակում Ռուսաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության համար։

«Ռուսական կողմն ընկրկել է, զիջել է Արցախի հարցում, որպեսզի ունենա տակտիկական որոշակի վերադասավորում։ Ղրիմի պատերազմի դասերը՝ 1854-55 թվականներին, գալիս են մեզ հուշելու, որ կլինի նաև իրադրության կրկնություն Ղրիմի հարցում, Թուրքիան երբևէ Ռուսաստանի դաշնակիցը չի հանդիսանա և չի հարգի ռուսական պայմանները և գերակա շահերը Ղրիմի հարցում։ Այս հարցում Թուրքիան մենակ չէ, նրան կաջակցի նաև Արևմուտքը։ Այստեղ պետք է հասկանալ, թե ինչ սցենար ունի, եթե ունի, պաշտոնական Մոսկվան Թուրքիային հակազդելու, նաև Ադրբեջանի հանգամանքներում, թե ինչ դիրքորոշում կընդունի նա՝ պրոռուսակա՞ն, թե՞ պրոթուրքական»,- հավելեց նա։

Հարցին՝ այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուներն արդյո՞ք կկարողանան վարել այնպիսի դիվանագիտություն, որը բխի ՀՀ շահերից, Հայկ Դեմոյանը պատասխանեց՝ այս ամենը պետք է վերլուծել մեկ կարևոր ձևակերպման մեջ, թե ինչպիսի երկիր, պետություն ունենք։

«Այժմ մենք ունենք կազմալուծված ինստիտուտներ, կազմալուծված պետական համակարգ և ոչ արդյունավետ գործող իշխանություն, որը  նախ՝ չունի ինտելեկտուալ ռեսուրս, որպեսզի կարողանա վերլուծի, հասկանա իրավիճակը ներկա պահին, նաև կարողանա կանխատեսումներ անի։ Մենք այժմ աշխատում ենք մի ռեժիմով, որն ուղղորդվում է և գործում է բոլորովին այլ կետերից։ Ներսից ես չեմ տեսնում գոնե մեկ իրավիճակ, որտեղ լինի նախաձեռնողականություն, ինչը ենթադրում է, որ կա որոշակի ծրագիր, կանխատեսում՝  չեզոքացնելու այս կամ այն մարտահրավերները։ Մենք տեսնում ենք բուտաֆորիկ իշխանություն»,- եզրափակեց Հայկ Դեմոյանը։

Տեսանյութեր

Լրահոս