Ստացվում է՝ պատրաստի ջրամբարը փակում են. բետոն են լցնում, որ ի՞նչ. ՕԴՔԳՏԿ տնօրենը նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին
ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳՏԿ) աշխատակիցները հաստատության տարածքում բնակելի շենքի կառուցումն արգելելու համար մի շարք նամակներ են հղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններին, սակայն ստացել են անորոշ պատասխաններ:
Օրինակ՝ ԿԳՄՍ նախարարությունից պատասխանել են, որ շինարարական աշխատանքների թույլտվությունը, դրանց նպատակահարմարությունը և քաղաքաշինական ու անվտանգության նորմերի պահպանման հետ կապված հարցերը դուրս են ԿԳՄՍ նախարարության լիազորության շրջանակից: Նամակում, սակայն, նշված է, որ նախարարությունն արժևորում է ՀՀ-ում գիտական կազմակերպությունների բնականոն և արդյունավետ գործունեությունը:
ԲՏԱ-ից էլ արձագանքել են՝ նշելով, որ հարցի կարգավորումը դուրս է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության իրավասության շրջանակից:
Խուսափողական պատասխաններից ելնելով՝ աշխատակազմը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մանրակրկիտ, բազմակողմանի ուսումնասիրության և խելամիտ պատասխանի ակնկալիքով՝ ի շահ երկրի, գիտության և ապագայի։
ՕԴՔԳՏԿ տնօրեն Արթուր Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց՝ նամակում նշել է, որ վարչապետին դիմելը կապված է այն ծայրահեղ տագնապալի իրավիճակի հետ, որը ստեղծվել է վերջին 20 տարվա ընթացքում կենտրոնի հետ կապված քայքայիչ և անօրինական որոշումների արդյունքում:
Նրա խոսքով՝ կենտրոնի մեջտեղում գտնվող տեխնոգեն, բնապահպանական, սանիտարական, ճարտարապետական, էսթետիկ և պատմական նշանակություն ունեցող ջրավազանի անօրինական օտարումից հետո, նոր ««տերերը» պատրաստվում են ջրավազանի տարածքում կառուցել մի շինություն, որը կապ չունի ոչ ակադեմիայի, ոչ գիտության հետ:
Տնօրենն ընդգծել է, որ ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը մի գիտական քաղաք է, որը զբաղվում է դեղամիջոցների փնտրտուքով՝ ներառելով օրգանական քիմիայի ոլորտում սինթեզ և խորը բժշկակենսաբանական հետազոտություններ, տեսական հետազոտություններ, մոլեկուլի կառույցի ուսումնասիրություններ, դեղամիջոցների և դեղապատրաստուկների արտադրություն և այլն:
«Աշխատակազմը հանդիպել է ԿԳՄՍ նախարարի հետ, սակայն կոնկրետ արդյունք չի եղել, ուստի որոշեցի նամակ գրել ՀՀ վարչապետին: Հույս ունենք, որ պատասխան նամակով որևէ բան փոխված կլինի կամ կփոխվի: Մենք ունենք ամենամեծ գիտական հաստատությունը Հայաստանում, սակայն գիտական կենտրոնի հենց կենտրոնում սարքում են մի շինություն, որը որևէ կապ չունի գիտության հետ: Սա ոչ նորմալ երևույթ է: Այդպես լինի՝ կարող են Կարապի լճի տեղում շենք սարքել, Հանրապետության Հրապարակում՝ ևս: Ցանկացողներ շատ կլինեն, ինչո՞ւ ոչ: Ասում են՝ 8-10 ջրամբար են սարքելու Հայաստանում: Սա պատրաստի ջրամբար է, սակայն ստացվում է՝ պատրաստի ջրամբարը փակում են: Բետոն են լցնում, որ ի՞նչ: Ամեն դեպքում հիմա սպասում ենք ՀՀ վարչապետի պատասխանին, որից հետո կորոշենք՝ ինչ կարող ենք անել»,- ասաց ՕԴՔԳՏԿ տնօրենը:
Հավելենք, որ ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատողները հուլիսի 29-ին բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության մոտ: Պատճառն այն է, որ հաստատության տարածքում բնակելի շենք են ուզում կառուցել, ինչը, նրանց պնդմամբ՝ անթույլատրելի է: Խնդիրը ծագել է դեռևս 2007 թվականից, երբ ապօրինաբար Ազատության 26 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքից օտարվել է ջրավազանն ու դարձել է մասնավոր սեփականություն: ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳՏԿ) տնօրեն Արթուր Հարությունյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում անդրադառնալով 25 հարկանի շենք կառուցելու մտադրությանը՝ ասաց, որ 1956 թվականին կենտրոնն ունեցել է ջրավազան, և իրեն հասած տեղեկություններով՝ մոտ 20 տարի առաջ նախկին տնօրենից առաջ պաշտոնավարած տնօրենը, քանի որ ֆինանսավորումը քիչ է եղել, իսկ ջրավազան մաքրելը մի մեծ պատմություն է, քաղաքապետարանին խնդրել է այն հանձնել իրենց բալանսին, որ նրանք մաքրեն: Իրենք սիրով վերցրել են Ազատության պողոտայում գտնվող մոտ 3000քմ 2007թ․ և տեղյակ չպահելով՝ սեփականաշնորհել են ու վաճառել չորս հոգու, իսկ վերջում երրորդ մարդուն են տվել:
Գիտական հասարակությունը հույս ունի, որ հարցը ճիշտ լուծում կստանա, կարգելվի բավականաչափ մեծ ջրավազանի ոչնչացումը և նրա տեղում գիտության հետ որևէ կապ չունեցող մասնավոր օբյեկտի շինարարությունը: Իսկ անօրինական կերպով օտարված ջրավազանը կվերադարձվի կենտրոնին և կսկսի գործել: