«Եթե Հայաստանը հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից, ապա Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար արգելքներ չկան». Նուբար Չալըմյան

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ, միջազգայնագետ Նուբար Չալըմյանը դեռևս մանրամասն չի ուսումնասիրել Կառավարության ներկայացրած 5-ամյա ծրագիրը, մասնավորապես՝ արտաքին հարաբերության վերաբերյալ դրույթները, սակայն կարծում է, որ վաղ թե ուշ Հայաստանն իր հարևանների հետ, մասնավորապես՝ Թուրքիայի, պետք է հաստատի հարաբերություններ։

«Չես կարող հարևաններիդ հետ հարաբերություններ չունենալ, որքա՞ն ժամանակ կարող ես առանց հարաբերությունների ապրել։ Ո՛չ մենք կարող ենք մեր տարածքի տակ անիվներ դնել և մեր հանրապետությունը տեղափոխել մեկ այլ տարածք, և ո՛չ էլ մեր հարևանները։ Առհասարակ ասում են, որ հարևաններիդ չես կարող փոխել, այսինքն՝ երկրները, որոնք ապրում են համատեղ հարևանությամբ, բնականաբար, պետք է այդ հարաբերությունները լինեն։ Այսօր չեղան, վաղը, բնականաբար, կլինեն, իհարկե, առանց նախապայմանների։ Սա երկարատև բանակցությունների ու աշխատանքի արդյունք պետք է լինի, ոտքի վրա նման բան չի կարող լինել։ Սա պետք է կախված լինի նաև, թե մեր հարցերը նրանց հետ ինչ լուծումներ կստանան՝ Արցախի հարց, Ցեղասպանության խնդիր։ Կարծում եմ՝ եթե Հայաստանը հարաբերություններ հաստատի, առաջին հերթին կհաստատի Թուրքիայի հետ, որից հետո ըստ երևույթին մյուս քայլը կլինի Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատումը՝ բնականաբար, փոխադարձաբար»,- 168.amի հետ զրույցում ասաց Նուբար Չալըմյանը։

Ըստ նրա, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու համատեքստում պետք է հաշվի առնել, որ դիվանագիտության մեջ ամեն ինչ հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա։

«Ամեն ինչ կախված է լինելու Թուրքիայից, եթե Հայաստանն ու Թուրքիան միմյանց հետ հաստատեն դիվանագիտական հարաբերություններ, Թուրքիան կկարողանա՝ ելնելով Հայաստանի հետ հարաբերությունների հաստատվելու փաստից, ինչ-որ տեղ ճնշում գործադրել նաև Ադրբեջանի վրա։ Տեսեք, Ադրբեջանն այսօր մտել է մեր տարածք, մի քանի կիլոմետր խորացել է և կարծում է, որ իր մնալն արդարացված է, քանի դեռ Արցախը միացրած չէ Ադրբեջանին։ Նա պայման է դնում, երբ հայկական զորքերը դուրս գան Արցախից, ինքն էլ իր զորքերը դուրս կհանի Հայաստանից։ Այդուհանդերձ, Թուրքիայի գործոնը բավականին մեծ է։ Չեմ կարող, ելնելով պահի կարևորությունից՝ ասել, թե ինչ դիվանագիտական քայլեր Հայաստանը կձեռնարկի, որպեսզի կարողանա պատերազմից հետո հարաբերություններ կառուցի Թուրքիայի հետ, նաև Ադրբեջանի հետ»,- շեշտեց Ն. Չալըմյանը։

Նա նաև ընդգծեց, որ 1991 թվականին Թուրքիան առաջին պետություններից մեկն էր, որը դե ֆակտո  ճանաչեց Հայաստանի անկախությունը, բայց դե յուրե ճանաչում չունեցավ՝ չցանկացավ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։

«Թուրքիան ճանաչել է միայն Հայաստանի գոյությունը՝ որպես պետություն, և այդ փաստացի ճանաչումը մինչև օրս այդ կարգավիճակով է։ Նա դիվանագիտական հարաբերություններ չհաստատեց՝ պատճառաբանելով, որ Հայաստանը պետք է դուրս գա Արցախի ազատագրված տարածքներից, նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվի։ Այս պահին Արցախի ազատագրված տարածքները գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ, այս մեկ նախապայմանը դուրս եկավ Թուրքիայի նախապայմաններից, մնաց երկրորդը, ես չգիտեմ, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ ինչ դիրքորոշում կորդեգրի Հայաստանը։ Եթե Հայաստանը հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից, ապա Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար արգելքներ չկան»,- եզրափակեց Նուբար Չալըմյանը։

Տեսանյութեր

Լրահոս