Թանկ փողերի կշիռը պետական պարտքի մեջ ավելանում է
Վերջին տարիներին Հայաստանի պետական պարտքը ոչ միայն կտրուկ ավելացել է, այլև էժան վարկերը փոխարինվել են թանկ պարտքերով։ Եթե 2018թ. սկզբին կառավարության պարտքի 65 տոկոսն էին էժան վարկերը, ապա հիմա ընդամենը 54 տոկոսն են։ Խոսքը միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավված վարկերի ու փոխառությունների մասին է։
Դրանք այն գումարներն են, որոնց տոկոսադրույքներն անհամեմատ ավելի ցածր են, քան պարտքի տեսքով ներգրավվող մյուս գումարներինը։ Միջազգային կազմակերպություններից վերցրած վարկերի միջին գինը հիմա 1,5 տոկոս է։ Այնինչ, եվրոպարտատոմսերի թողարկման արդյունքում ներգրավված միջոցներինը, վերջին տվյալներով՝ հասնում է 5 տոկոսի։
Սա նշանակում է, որ եվրոպարտատոմսերի սպասարկումը մեր վրա առնվազն 3 անգամ ավելի թանկ է նստում։ Բայց մենք գնացել ենք այդ ճանապարհով. էժան պարտքերը նվազել են, փոխարենը՝ ավելացել են թանկերը։
Միջազգային կազմակերպություններից ներգրավված վարկերն ու փոխառությունները 2018թ. սկսած ավելացել են 528 մլն դոլարով կամ 13 տոկոսով։
Այնինչ՝ թանկ պարտքերն այդ ընթացքում համալրվել են ավելի քան 1,7 մլրդ դոլարով կամ 80 տոկոսով։
Թանկ պարտքերը դրանք այն պարտքերն են, որոնք ձևավորվում են պարտատոմսերի թողարկման արդյունքում։ Խոսքը՝ ինչպես արտարժութային, այնպես էլ՝ դրամային պարտատոմսերի մասին է։ Թե՛ մեկ, և թե՛ մյուս առումով մեր պարտքերը մեծ քայլ են կատարել։ 2018թ. սկզբին թողարկված եվրոպարտատոմսերի դիմաց մենք ունեինք շուրջ 869 մլն դոլարի պարտք։ Այս տարվա առաջին կեսի դրությամբ այդ պարտքը հասել է 1 մլրդ 645 մլն դոլարի։
Երեք տարի առաջ եվրոպարտատոմսերը կազմում էին կառավարության արտաքին պարտքի 17 տոկոսը, հիմա կազմում են ավելի քան 26 տոկոսը։
Կառավարության պարտքի կառուցվածքում նկատելի է նաև ներքին պարտքի աճը, որը ևս թանկ պարտք է։ Այն ձևավորվում է պետական գանձապետական պարտատոմսերի թողարկումից։
2018թ. սկզբին կառավարության ներքին պարտքը 1,3 մլրդ դոլար էր, հիմա հասել է 2,2 միլիարդի։
Այս ընթացքում ներքին պարտքն ավելացել է 891 մլն դոլարով կամ ավելի քան 68 տոկոսով։
Կառավարության պարտքի կառուցվածքում թանկ փողերն ավելացել են, բայց արդարության համար պետք է ասել, որ տեղի է ունեցել նաև պարտքի էժանացում։ Դա նկատելի է հատկապես եվրոպարտատոմսերի դեպքում։ Վերջին թողարկումից հետո մեր պարտքի մեջ դրանց միջին տոկոսադրույքը նախկին 5,9-ից դարձել է 5 տոկոս, պայմանավորված միջազգային շուկայի կոնյունկտուրայով և առաջարկվող փողի էժանացմամբ։
Պարտքի կառուցվածքում վերջին տարիներին տեղի ունեցած այս փոփոխությունները գալիս են նրանից, որ միջազգային ֆինանսական կառույցներն աստիճանաբար կրճատում են Հայաստանին տրամադրվող էժան վարկերը, իսկ կառավարությունը, նախատեսված բյուջետային ծախսերը կատարելու համար, ստիպված է դիմել ավելի թանկ միջոցների օգնությանը։
Էժան վարկերի դուռը մեր համար գրեթե փակվում է։ Ավելին, վերջին շրջանում միջազգային ֆինանսական կառույցների մոտ որոշակի անհանգստություններ կան՝ տրամադրված գումարները վերադարձնելու հետ կապված։
Այդ անհանգստությունները կապված են մեր տնտեսության վիճակի ու բյուջեի եկամուտների հետ։ Մեր պարտքային բեռը ավելի մեծ տեմպերով է աճում, քան բյուջետային միջոցներն են ավելանում։ Սա հետագայում կարող է ֆինանսական խնդիրներ առաջացնել վարկային պարտավորությունները սպասարկելու ժամանակ։
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ վերջին շրջանում միջազգային ֆինանսական կազմակերպությունների մասնակցությամբ քննարկվում են մի շարք ուղղություններով հարկային բեռի վերանայման և ավելացման հնարավորությունները։ Թե դա որքանո՞վ կլուծի բյուջեի ֆինանսական խնդիրները, ցույց կտա ժամանակը։ Մինչ այդ ակնհայտ է, որ այս փուլում տեղի է ունենում պետական պարտքի ակտիվ համալրում։ Բյուջեի եկամուտների և ծախսերի պլանավորված ճեղքը փակելու համար կառավարությունը մեծ ծավալի պարտքային նոր պարտավորություններ է ստանձնում։ Այս տարվա առաջին կեսին պետական պարտքն ավելացել է շուրջ 901 մլն դոլարով կամ ավելի քան 11 տոկոսով։
Պարտքն ավելացել է գերազանցապես կառավարության պարտավորությունների հաշվին։ Տարվա առաջին կեսին ԿԲ պարտքը աճել է ընդամենը 8 միլիոնով։ Մնացածը կառավարության պարտավորություններն են։
Վերջին տվյալներով, մեր երկրի պետական պարտքը կազմել է 8 մլրդ 869 մլն դոլար, որից կառավարության պարտավորությունները հասնում են 8 մլրդ 401 միլիոնի։
Այս տարվա ընթացքում ավելացել է կառավարության ինչպես արտաքին, այնպես էլ ներքին պարտքը։ Արտաքին պարտքը համալրվել է 610 միլիոնով։ Դա տեղի է ունեցել առաջին հերթին եվրոպարտատոմսերի նոր թողարկման արդյունքում։ Եթե տարեսկզբին կառավարության արտարժութային պարտատոմսերի պարտքը ոչ ռեզիդենտների նկատմամբ կազմում էր 919 մլն դոլար, հիմա հասել է 1 մլրդ 645 միլիոնի։ Ավելացել է 726 միլիոնով։ Սրա հաշվին էլ տեղի է ունեցել արտաքին պարտքի ավելացումը։
Ավելացել է նաև ներքին պարտքը. 6 ամսում 282 մլն դոլարով։ Թողարկված գանձապետական պարտատոմսերի դիմաց կառավարության պարտքը մոտենում է 2,2 մլրդ դոլարի, որը բավական լուրջ ֆինանսական ծանրություն է առաջացնում բյուջեի վրա՝ հաշվի առնելով դրա բարձր գինը։
Գանձապետական պարտատոմսերի դիմաց ներգրավված գումարների միջին գինն անցնում է 10 տոկոսից, եվրոպարտատոմսերինը՝ 5 տոկոս է, միջազգային կազմակերպություններից ներգրավված վարկերինը և փոխառություններինը՝ 1,5 տոկոս։ Ի տարբերություն վարկերի և փոխառությունների, նկատելի է պարտատոմսերի բարձր գինը։ Դրանք վերջին տարիներին էժանացել են, բայց շարունակում են անհամեմատ ավելի թանկ լինել, քան միջազգային կազմակերպությունների վարկերն են ու փոխառությունները։
Մի կողմից՝ պարտքի համալրման, մյուս կողմից՝ թանկ փողերի ներգրավման ավելացման հետևանքով պարտքի սպասարկումը գնալով ավելի մեծ միջոցներ է խլում բյուջեից։ Այդ գումարները կարող էին ուղղվել տարբեր ծրագրերի իրականացմանը կամ սոցիալական խնդիրների լուծմանը, բայց գնում են պարտքի սպասարկմանը։ Պարտքի սպասարկումը, անշուշտ, այդքան չէր ծանրացնի բյուջեի բեռը, եթե ներգրավված գումարները ճիշտ և արդյունավետ օգտագործվեին, ծախսվեին ոչ թե սպառողական, այլ տնտեսական նպատակներով։ Այնինչ՝ հատկապես վերջին 2 տարիներին ներգրավված միջոցների մեջ սպառողական բաղադրիչը մեծ է։ Դրսից թանկ պարտք են վերցնում, որպեսզի լուծեն սպառողական խնդիրներ։ Փոխարենը մտածելու դրանք տնտեսության մեջ ներդնելու և տնտեսական արդյունք ստանալու մասին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ