«Որոշ ժամանակ հետո կարող է տեղի ունենա նույնիսկ բլից-կրիգ, որի արդյունքում միայն կունենանք որոշակի «հանդարտ» իրավիճակով ժամանակաշրջան». ռազմական փորձագետ
Ադրբեջանն այսօր էլ շարունակում է իր սադրիչ գործողությունները Երասխի ու Գեղարքունիքի մարզերի դիրքերի ուղղությամբ, երկու հատվածներում էլ հայկական կողմն ունի զոհ։
168.am–ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն անդրադառնալով Ադրբեջանի այս գործողություններին, նկատեց՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում սահմանին, սադրանք չէ, քանի որ դրանք արդեն կոնկրետ ռազմական գործողություններ են, ավելի կոնկրետ՝ ռազմական օպերացիա։
«Սահմանային կոնկրետ բնակավայրերի մոտ տեղի ունեցող այս ռազմական օպերացիաների նպատակը հենց այն է, որ բնակավայրերում ապրող բնակիչները լքեն բնակավայրերը, և դրանք դառնան հնարավորինս խոցելի։ Ալիևը Քարվաճառից տեսաուղերձում չթաքցրեց նպատակը և հայտարարեց, որ նպատակ ունեն Գեղարքունիքի, Սյունիքի գյուղերը վերադառնալ, և իր քաղաքացիներն այդ գյուղերում ապրեն։ Այդ թիրախավորված գյուղերի մեջ են մտնում Ալիևի հիշատակած գյուղերը, դրանք են Կութը, Նորաբակը, քանի որ վերջին շրջանում ադրբեջանական տիրույթում այդ գյուղերն իրենք բոլորովին այլ անուններով են կոչում։
Սա հստակ նպատակ ունի և նպատակը մեկն է՝ հայաթափել բնակավայրերը և հնարավորինս արագ, որպեսզի հարձակվեն այդ գյուղերի վրա և դրանք վերցնեն իրենց վերահսկողության տակ։ Նրանք փորձում են այնպես անել, որպեսզի խաղաղ բնակչության շրջանում զոհեր չլինեն»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը։
Հարցին, թե որքա՞ն կտևի այս ամենը՝ ռազմական փորձագետը դժվարացավ պատասխանել, քանի որ ներկայումս աշխարհաքաղաքական իրավիճակը ժամ առ ժամ փոխվում է։
«Բայց վստահ կարող եմ ասել, որ սա դեռ շարունակվելու է, և որոշ ժամանակ հետո կարող է տեղի ունենա նույնիսկ բլից-կրիգ, որի արդյունքում միայն ունենանք որոշակի «հանդարտ» իրավիճակով ժամանակաշրջան»,- հավելեց նա։
Նա նաև չբացառեց, որ այս ամենը շարունակելով՝ Ադրբեջանը գնա ռազմական լայնածավալ գործողությունների, ինչն Ադրբեջանը չի թաքցնում, քանի որ հատկապես վերջին շրջանում այդ երկիրը լայնածավալ զենք-զինամթերքի պայմանագրեր է կնքել և արդեն բանակցություններ է վարում տարբեր երկրների հետ։
«Այս ամենից զատ, նաև հաճախակի տեղի ունեցող զինավարժությունները խոսում են այն մասին, որ Ադրբեջանն այնուամենայնիվ պատրաստվում է պատերազմի։ Սա մենք պետք է ճիշտ հասկանանք, որ սարերի հետևում չեն նման լայնածավալ ռազմական գործողությունները։
Ադրբեջանի վրա ազդեցություն ունի Թուրքիան, որը նրան զսպում է։
Պետք է մենք դիտարկենք, որ այս ամենը Ադրբեջանի ձեռամբ Թուրքիան է անում, սակայն որոշ դեպքերում Ադրբեջանը կարող է չենթարկվել Թուրքիային, քանի որ տարված է, այսպես ասած, հաղթանակի բերկրանքով։ Այս անգամ Ադրբեջանը ցանկանում է իր բանակի իմիջը բարձրացնել ինքնուրույն։ Այսինքն՝ առանց Թուրքիայի, և չի բացառվում, որ նույնիսկ Թուրքիային հաշվի չառնելով՝ գնա որևէ ռազմական գործողությունների։ Նրան որևէ բան չի կարող արգելել, նույնիսկ տվյալ տարածաշրջանում ռուսական զորքի առկայությունը»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։
Հիշեցնենք նաև՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։