«Զուտ այն փաստը, որ Վճռաբեկը դատախազության ինչ-որ փաստարկի հետ համաձայնել է, ժողովրդական խոսքով ասած՝ իրենց սրտի մխիթարանքն է». փաստաբան
Օգոստոսի 4-ին գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե գլխավոր դատախազությունը ստացել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020թ. հունիսի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և տուժողների ներկայացուցիչների, ինրպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների և Ռ. Քոչարյանի պաշտպանի՝ շուրջ մեկ տարի առաջ ներկայացրած վճռաբեկ բողոքների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2021թ. հուլիսի 30-ի որոշումը:
Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր 18.06.2020թ. վերոնշյալ որոշմամբ բավարարել էր Ռ. Քոչարյանի պաշտպանների բողոքը, մասնակիորեն բեկանել և փոփոխել էր Առաջին ատյանի դատարանի որոշումը, և, վերացնելով Ռ. Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, և 2 մլրդ դրամ գրավի դիմաց փոխել էր խափանման միջոց կալանքը՝ Ռ.Քոչարյանը ազատ էր արձակվել: Գլխավոր դատախազը Վճռաբեկ դատարանին ներկայացրած բողոքով խնդրել էր բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը, և նոր դատական ակտով Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:
«Իր որոշման մեջ ՀՀ վճռաբեկ դատարանը գրեթե ամբողջությամբ ընդունել է ՀՀ դատախազության հիմնավորումները, համաձայնել վերջինիս դիրքորոշումների հետ առ այն, որ քննության տվյալ փուլում միայն խափանման միջոց կալանավորումը կարող էր ապահովել ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պատշաճ վարքագիծը…
Վճռաբեկ դատարանը, ըստ այդմ, անընդունելի է համարել Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ ժամանակի ընթացքում ամբաստանյալ Ռ. Քոչարյանի կողմից հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու ռիսկերը նվազել են այնքան, որ հնարավոր չէ այլևս կալանավորումը որպես խափանման միջոց դիտարկել…
Չնայած այս և այլ իրավական հետևություններին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշմամբ մերժել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը՝ ըստ էության, միայն այն պատճառաբանությամբ, որ նախքան գործով որոշում կայացնելը, ՀՀ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման հիման վրա Ռ. Քոչարյանին մեղսագրվող հանցավոր արարքներից մեկով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով առավել ծանր հանցագործության դրվագով, որի շրջանակներում են արվել նրա նկատմամբ խափանման միջոց կալանքի անայլընտրանքայնության վերաբերյալ հիմնական եզրահանգումները, քրեական հետապնդումը դադարեցվել է»,- նշված էր գլխավոր դատախազի խորհրդականի գրառման մեջ:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմից փաստաբան Հովհաննես Խուդոյանը 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ բողոքի ներկայացումից մեկ տարի հետո միայն Վճռաբեկ դատարանի որոշումն ունենալն ինչ-որ առումով համապատասխանում է այդ դատարանի գործունեության տրամաբանությանը, միևնության ժամանակ հստակ հասկանալի է, որ կոնկրետ գործով Վճռաբեկ դատարանի որոշումը որևէ իրավական հետևանք չի առաջացնում:
«Առհասարակ Վճռաբեկ դատարանը կալանքի հարցերով արդյունավետ դատական ատյան չի, որովհետև այն միասնական պրակտիկա ձևավորելու, իրավունք զարգացնելու խնդիր ունի, ու իր վարույթները տևական են լինում, որովհետև ավելի բովանդակային ու ավելի գիտական աշխատանք պետք է կատարվի: Ու շատ են դեպքերը, անգամ դեպք կա, երբ անձի կալանքը Վճռաբեկը պետք է ճանաչեր ոչ իրավաչափ, բայց անձը արդեն գնացել է, դատապարտվել կամ արդարացվել է, այսինքն՝ ողջ դատական պրոցեսն անցել է, նոր Վճռաբեկ դատարանը հասցնում է նախաքննական փուլում կալանքի հարցին անդրադառնա: Եթե ընդհանուր նայենք՝ նորմալ է, որ Վճռաբեկն իր մյուս որոշումների տրամաբանության մեջ այս որոշումն էլ է ուշ կայացրել:
Որպես իրավունքի աղբյուր, այո, այդ որոշման արժեքը որ հասկանանք, Վճռաբեկը կալանքի հիմքերի մասով չոր ստանդարտներ է տվել: Ընդհանրապես այս որոշումը եթե օգտագործվի այլ գործերով, ստացվում է, որ բոլոր տեսական մտահանգումները, որ անձը կարող է գործին խոչընդոտի կամ թաքնվի, Վճռաբեկը սրանով դրանց ստանդարտը շատ ավելի ցածրացրել է: Այսինքն՝ սա ավելի շատ դատախազական ուղղության, պետական հարկադրանքի ուղղության որոշում է, որը, իմ կարծիքով, հետընթաց է նրանից, ինչ որ մինչև այժմ ունեցել ենք:
Կոնկրետ գործով իրավական որևէ հետևանք չի առաջացնում, ու դատախազության ոգևորությունն էլ մի քիչ անհասկանալի է, որովհետև բոլորին արդեն քաջ հայտնի է, որ այս գործը ի սկզբանե՝ հարուցման պահից, ապօրինի է եղել, հակասահմանադրական նորմի հիման վրա է եղել: Դրա համար զուտ այն փաստը, որ Վճռաբեկը դատախազության ինչ-որ փաստարկի հետ համաձայնել է, ժողովրդական խոսքով ասած՝ իրենց սրտի մխիթարանքն է»,- ասաց Հովհաննես Խուդոյանը:
Հիշեցնենք, որ 2021թ. մարտի 26-ին Սահմանադրական դատարանը հրապարակել էր Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա կայացրած որոշման եզրափակիչ մասը, համաձայն որի՝ ՔՕ 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր: Ապրիլի 6-ին էլ Ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, բավարարել էր Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով պաշտպանական թիմի միջնորդությունները և գործով չորս ամբաստանյալների` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցրել էր` հանցագործության դեպքի բացակայության հիմքով: