Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթ նստավայր)` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, բավարարեց Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով պաշտպանական թիմի միջնորդությունները և գործով չորս ամբաստանյալների` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցրեց` հանցագործության դեպքի բացակայության հիմքով, նաև վերացրեց Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի գույքի ու արխիվների վրա դրված կալանքը:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Սահմանադրական դատարանը հրապարակել էր Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա կայացրած որոշման եզրափակիչ մասը, համաձայն որի՝  ՔՕ 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր: Իրավաբանների պնդմամբ` ՍԴ որոշմամբ փաստվել է, որ ՔՕ 300.1 հոդված գոյություն չունի իր ստեղծման պահից` 2009թ.-ից:

Մարտի 27-ին Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով պաշտպանական կողմի ներկայացուցիչները միջնորդություն էին ներկայացրել դատարան` քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, բայց միայն ապրիլի 2-ին դատավոր Աննա Դանիբեկյանը լսեց այդ միջնորդությունները` չնայած պաշտպանների պնդումներին, որ հարցը քննելու կարիք չկա, ու դատարանի լիազորությունն է հարցին լուծում տալը` այլ կերպ ասած՝ հանցադեպի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելը:

Հիշեցնենք նաև, որ մեղադրող դատախազներն էլ ապրիլի 2-ին դատարանին ներկայացրել էին միջնորդություն՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու վերաբերյալ: Ապրիլի 1-ին էլ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով դիմել էր ՍԴ` վիճարկելով այն հարցը, որ ՀՀ ՔԴՕ-ով չի նախատեսվում մեղադրողի կողմից միայն արարքի իրավաբանական որակումը փոփոխելու հնարավորությունը:

Տեսանյութեր

Լրահոս