«ՌԴ-ն այլևս չի կարողանում զսպել թուրք-ադրբեջանական ճնշումը. պետք է աջակցել մեր դաշնակցին». Արմեն Պետրոսյան
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց առաջ հայկական կողմը պետք է կատարի մի քանի քայլեր:
«Առաջին հերթին՝ Արցախի կարգավիճակի հիմնախնդիրը պետք է վերադառնա ԵԱՀԿ ՄԽ քննարկման օրակարգ: Եթե այս ձևաչափում է տեղի ունենում որոշակի գործընթաց, գուցե դա իրավական հովանոց է հանդիսանում ՀՀ-ի համար: Պարզ է, որ ադրբեջանական կողմն ամեն կերպ խուսափում է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից՝ ամեն կերպ փորձելով համոզել, որ Արցախի հարցը լուծված է: Հիմա Հայաստանի և համանախագահող երկրների համար թիվ մեկ խնդիր է՝ Ադրբեջանին հետ բերել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափ: Իհարկե, Ադրբեջանը կարող է հրաժարվել և չգալ, բայց այս դեպքում Ադրբեջանին պարտադրելու այլ մեխանիզմներ կան»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Եթե Ադրբեջանը կտրականապես մերժում է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափ վերադառնալու հնարավորությունը, ապա իրավական առումով լայն դաշտ է բացվում Արցախի Հանրապետության՝ անգամ ներկայում առկա սահմաններով ճանաչման: Որևէ միջազգային իրավունքով պայմանավորված՝ որևէ խնդիր դա Հայաստանի համար չի առաջացնի: Միջազգային իրավունքում կա միջազգային վեճերի խաղաղ լուծման պարտադիր սկզբունքը, ըստ որի՝ եթե կա հիմնախնդիր, ապա դրան մասնակից կամ կողմ հանդիսացող դերակատարները պարտավոր են որևէ խաղաղ եղանակով լուծել այդ խնդիրը: Եթե ինչ-որ ձևաչափ իրեն չի արդարացնում, ապա կողմերը պետք է պայմանավորվեն և փորձեն այլ ձևաչափում լուծել խնդիրը: Կար ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը, որը որոշակիորեն կաշկանդում էր նաև Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հնարավորությունը: Եթե ադրբեջանական կողմն է բացառում այս ձևաչափի հետագա գործունեությունը, ապա սա լայն դաշտ է բացում ՀՀ-ի համար՝ գործելու այդ տրամաբանության մեջ»,- ընդգծեց նա:
Արմեն Պետրոսյանի խոսքով՝ ոչ միայն Հայաստանի, այլև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների համար լայն դաշտ է բացվում, որպեսզի ճանաչեն Արցախի անկախությունը. «Նույն Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը՝ ևս, որովհետև Ռուսաստանը չի ասում, որ կարգավիճակի հարցը լուծված է, պարզապես ասում է, որ առայժմ պետք է թողնել այդ հարցի քննարկումը: Հստակ կարող են ազդակներ ուղղվել, որ եթե Բաքուն չի վերադառնում այս ձևաչափ, ապա նրանք կարող են ճանաչել Արցախի Հանրապետությունը, որովհետև արցախյան հակամարտության ամենաառանցքային խնդիրը, որը շարունակում է լուծված չմնալ, Արցախի կարգավիճակի հարցն է»:
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի կողմից Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու խոսակցություններին, նա առաջարկեց նման լուրեր տարածողներին կետառկետ նշել, թե ինչպես է տեղի ունենալու այդ գործընթացը.
«Եկեք՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանից ավելի ֆրանսիասեր, հայրենասեր չլինենք, նա ինքը իր վերջին հարցազրույցներից մեկում նշել էր, որ Ֆրանսիայի աջակցությունը կարող է լինել քաղաքական հարթության մեջ: Դիվանագիտական խոսքով բացառել էր ռազմական աջակցության հնարավորությունը, քանի որ ՀՀ-ն գտնվում է այլ ռազմաքաղաքական դաշինքում: Հետևաբար, չբացառելով Ֆրանսիայի անկեղծ տրամադրվածությունը՝ օգնելու Հայաստանին, հստակ նշվում է ուղեգիծ՝ ինչ պետք է անի Հայաստանը, այսինքն՝ դուրս գա ՀԱՊԿ-ից, խզի Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունները:
Այս քայլերը պետք է արվեն, որից հետո նոր պետք է Ֆրանսիան դիտարկի ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցը: Պատկերացնո՞ւմ եք, եթե մենք սկսենք այս գործընթացը, ինչ կարող է տեղի ունենալ: Երբ իմ հարգարժան գործընկերները նշեն հստակ քայլերի հաջորդականությունը՝ հաշվարկելով դրանց հնարավոր սպառնալիքներն ու հնարավորությունները, ես, անշուշտ, կընդունեմ, որ սխալ եմ: Ինձ համար էլ է մտահոգիչ այն անվտանգային իրավիճակը, որ կա, բայց դրանց լուծման համար ես այլ մեխանիզմներ եմ տեսնում: Ես գտնում եմ, որ այսօր մեր դաշնակից ՌԴ-ին պետք է աջակցել: Մենք տեսնում ենք, որ ՌԴ-ն այլևս չի կարողանում զսպել թուրք-ադրբեջանական ճնշումը: Մենք պետք է նպատակադրված աշխատենք ԵԱՀԿ ՄԽ ձևաչափն ակտիվացնելու ուղղությամբ: Ես նշեցի Արցախի ճանաչման հնարավորության հարցը: Այսինքն՝ որոշակի մանևրներ ստեղծել Ռուսաստանի համար՝ թուրք-ադրբեջանական ճնշմանը դիմակայելու: Ես բնավ չեմ կիսում այն կարծիքները, թե Ռուսաստանն այսօր աշխատում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միասին»:
Մանարամասները՝ 168TV-ի տեսանյութում