«Ակնհայտ է դառնում, որ այստեղ առևտուր է գնում.՝ Ալիևը գնում է Փաշինյանի հետ հարաբերություններ հաստատելուն և դրա համար անընդհատ նոր պայմաններ է առաջ քաշում». Քաղաքագետ

Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար, քաղաքագետ Ռուբեն Բարենցի խոսքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանում, Արցախի 44-օրյա պատերազմի շարունակությունն է, և Ադրբեջանն օգտվելով այսօրվա իր  դիրքերից, փորձում է իր դիրքերն ամրապնդել նաև հայ-ադրբեջանական սահմանում։

«Եթե հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող սադրանքները լինեին Արցախի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո և ընդամենը մեկ օրում, կարելի է պատասխաններում տատանվել, սակայն այժմ ակնհայտ է դառնում, որ այստեղ առևտուր է գնում, և Ալիևը գնում է Փաշինյանի հետ հարաբերություններ հաստատելուն, և դրա համար անընդհատ նոր պայմաններ է առաջ քաշում։ Եթե մենք նույնիսկ Ադրբեջանին հանձնենք մի քանի տարածքներ, նա չի բավարարվելու, նորից պայմաններ է առաջ քաշելու, սա է պարտված կողմի վիճակը։ Ալիևն այսօր ինքն իրեն չի հարցնում՝ բարոյակա՞ն է Հայաստանի վրա ճնշում գործադրել, թե՞ ոչ, նա առաջ կգնա այնքան, որքան ցանկանա, և որքան հայկական կողմը թույլ տա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Բարենցը։

Ըստ քաղաքագետի, Արցախի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը լծվել է «Մեղրիի միջանցքի» ստեղծման գործին, որն իրականություն դարձնելու դեպքում նշանակելու է՝ Հայաստանը վերջնականապես զիջելու է իր անկախությունը։

«Եթե Ադրբեջանն այս ամենն իրականություն դարձնի, ապա մենք համեմատվելու ենք սուբյեկտայնություն չունեցող գերփոքր պետության հետ։ Եթե այդ միջանցքը բացում ենք, ապա դրանից որևէ բան չենք շահում։ Սո՛ւտ է, որ ասում են՝ եթե միջանցքը բացեն, Հայաստանը տնտեսական առավելություններ կունենա, հետաքրքիր է՝ մենք ծախելու ի՞նչ ունենք, արդյունաբերություն ունե՞նք։ Մենք չենք շահի, սակայն Թուրքիան այստեղ ամեն ինչ կշահի, սա բոլոր պետություններին շահավետ է, բացի Հայաստանից»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է Արցախի 75 տոկոսի կորստին, քաղաքագետը նկատեց՝ 44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտություն կրելու պատճառը կոնսոլիդացված հզոր տերությունների հաշվարկն ու դիրքորոշումն էր հայկական հարցի վերաբերյալ։ Այսինքն՝ այստեղ  Ռուսաստանն էր և կոնսոլիդացված ամբողջ Արևմուտքը՝ Ֆրանսիա, Անգլիա, Միացյալ Նահանգներ, Իսրայել, Թուրքիա։

«Մենք պարտվել ենք այս կոնսոլիդացված ուժին, որը պատմականորեն եղել է հակահայկական, թե ինչո՞ւ է հակահայկական՝ այլ խոսակցության թեմա է։ Հայաստանի դեմ ամբողջ պատերազմի ժամանակ կռվել են Ադրբեջանը, Թուրքիան և Իսրայելը, իսկ Ռուսաստանն այստեղ կարծես թե իր լռությամբ տալիս էր համաձայնություն։ Խոշոր տերությունները որոշել էին, որ պետք է տան Արցախը, իզուր չէր, որ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում ասաց, որ իշխանությունը հանձնել է Նիկոլ Փաշինյանին ոչ թե նրա պահանջով, այլ խոշոր այլ ավելի հզոր տերությունների։ Սերժ Սարգսյանը ճիշտ արեց, որ գնաց, ժողովուրդը նրան ատում էր, և այդ ատելության մեջ կատարվեց ամենաողբերգականը՝ Փաշինյանը եկավ իշխանության, և կորսվեց Արցախի մեծ մասը»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է այս համատեքստում Հայաստանի կողմից տարվող արտաքին քաղաքականությանը, Ռուբեն Բարենցն ասաց, որ դա քաղաքականություն է, որտեղ պետությունը սուբյեկտ չէ, այլ օբյեկտ է, քանի որ այսօր նույնիսկ Վրաստանն օգուտ է քաղաքում ստեղծված իրավիճակից։

«Մեր պետությունն իր սուբյեկտությունը կորցրել է՝ մնացել է դրոշը, հիմնը, և այլևս ոչինչ։ Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա այստեղ պարադոքսը կայանում է  նրանում, որ Ռուսաստանի հետ կրկին պետք է դաշնակցության մեջ լինենք, քանի որ ռուսները մեզ միշտ ասում են՝ իսկ դուք ո՞ւր եք գնում, լավ գիտակցելով, որ չենք կարողանալու գնալ ո՛չ Իրան, ո՛չ Թուրքիա։ Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա Չինաստանն այս տարածաշրջանում կարող է ակտիվանալ մոտ  20 տարի հետո, հիմա այդ 20 տարվա մեջ մենք պետք է ապրենք, իսկ այսօր բոլորն էլ լավ գիտեն, թե ինչ է կատարվելու 20 տարի հետո ու բոլորը շտապում են, որպեսզի Չինաստանը հանկարծ չհայտնվի տարածաշրջանում։ Մենք պետք է անընդհատ դաշինքի մեջ լինենք Ռուսաստանի հետ, այլ ճանապարհ չկա, առավել ևս՝ ռուսական գենշտաբի հետ»,- եզրափակեց Ռուբեն Բարենցը։

Տեսանյութեր

Լրահոս