Արևմուտքը Ղարաբաղյան հարցում 3 ճանապարհ ունի. եվրոպացի վերլուծաբան

Ռուսաստանն Արցախյան գոտու շուրջ Արևմուտքի հետ աշխատելու պատրաստակամության նշաններ է ցույց տալիս:

Օրերս հայտնի դարձավ, որ ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին:

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են ղարաբաղյան կարգավորման ակտուալ հարցերը՝ հաշվի առնելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի պայմանավորվածությունները:

Սրան հաջորդեց Կրեմլի արձագանքը Հարավային Կովկասում ԵՄ-ի հետպատերազմյան դերակատարության վերաբերյալ: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշեց, որ Ռուսաստանը ողջունում է Եվրամիության պատրաստակամությունը՝ նպաստել Կովկասում խաղաղության հաստատմանը։ Ռուսաստանցի պաշտոնյան, սակայն, ընդգծեց, որ՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ծավալմանն ուղղված Ռուսաստանի ջանքերը հաջող են ընթանում»։

«Եթե միջնորդական ջանքերը նպաստում են խաղաղության, կայունության ու կանխատեսելիության հաստատմանը, ինչպես նաև օգնում են արդեն իսկ գոյություն ունեցող պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, ապա նման ջանքերը կարելի է միայն ողջունել»,- հայտարարել է Պեսկովը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ այս ուղղությամբ աշխատանքները նորմալ են ծավալվում։

Միևնույն ժամանակ, ռուսական մեդիատիրույթում շրջանառվող վերլուծությունների համաձայն, Փարիզն ու Վաշինգտոնը, դժգոհ լինելով Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի աշխարհաքաղաքական արդյունքներից, նոր խաղ են սկսում, որում խաղադրույքներ են կատարում Երևանի վրա և փորձում ԼՂ հակամարտության նոր կարգավորման հեռանկարներ ստեղծել՝ թուլացնելով ՌԴ ազդեցությունը: Տարատեսակ վերլուծություններ և տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ խաղաղապահների՝ Արցախում տեղակայման ժամկետը չի երկարաձգվելու, կամ առաքելության «դեմքը» փոխվելու է, քանի որ ներառվելու են ֆրանսիացի խաղաղապահներ, կամ ընդհանրապես այդ առաքելությունն իրականացնելու է Ֆրանսիան, Ֆրանսիան քննարկումներ է նախաձեռնելու ՄԱԿ ԱԽ-ում, կամ վերանայվելու են ՄԱԿ ԱԽ ԼՂ-ին վերաբերող բանաձևերը, և այսպես շարունակ:

Իհարկե, դեռ հստակ չէ, թե ինչ ճանապարհով է գնալու հայ-արևմտյան գիծը, կամ ընդհանրապես որքանո՞վ է այն կենսունակ ու իրագործելի լինելու, սակայն գործընթաց կա, և այդ ֆոնին կարևորվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջիկա այցը ՀՀ:

Եվրոպացի քաղաքական վերլուծաբան Սյուզան Ստյուարտը մեզ հետ զրույցում ասաց, որ շատ մասնագետների համար հասկանալի էր, որ պատերազմի ավարտը միայն ավելի մեծ տարածաշրջանային վերադասավորումների սկիզբ է, քանի որ ընկալում է եղել, որ հակամարտության առկայությունը տարածաշրջանում և ընդհանուր առմամբ հետսովետական գոտում ՌԴ ազդեցության գործիքներից է, իսկ հակամարտության լուծումը, բնականաբար, նշանակում է, որ ազդեցության գործիքը վերանում է:

Ըստ նրա, ներկայումս աշխարհաքաղաքական պայքարը հենց այս հարցի շուրջ է: Բայց, Ստյուարտի որակմամբ, ռուսական կողմը որոշակի վստահություն ունի այս գործընթացներում, քանի որ ռուս խաղաղապահներն արդեն հակամարտության գոտում են և այնտեղ են լինելու մի որոշակի ժամանակահատված:

«Իհարկե, դրա հեռանկարի շուրջ արդեն այս փուլից տարբեր վարկածներ են շրջանառվում, քննարկվում, սակայն Ռուսաստանը սերտորեն աշխատում է թե՛ հակամարտող կողմերի, թե՛ Թուրքիայի հետ, այստեղ դրանում է նաև այս դիվանագիտության ուժը և, ինչպես տեսնում ենք, չի հրաժարվում նաև այն գործընթացներից, որոնք կարող է նախաձեռնել Արևմուտքը:

Եվ այստեղ ՌԴ-ին ձեռնտու է նույնիսկ աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբով, քան այն մերժել, վերջնականապես վերացնել և ունենալ անվերահսկելի արևմտյան գործընթացներ տարածաշրջանում: Արևմուտքը ցույց տվեց, որ սպառված չէ տարածաշրջանում և լիովին ունակ է գործել Մինսկի խմբից առանձին՝ ավելի ազդեցիկ նախաձեռնություններով:

Պետք է շեշտել նաև, որ ԵԱՀԿ ՄԽ արևմտյան համանախագահ երկրների ԱԳ նախարարները միասին քննարկումներ են անցկացնում, այդ մասին տեղեկատվություն եղավ, ի դեպ, քննարկում՝ առանց ՌԴ մասնակցության:

ԵՄ-ն ակտիվ է, սակայն նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել Մակրոնը, և դժվար է ասել, թե հնարավոր երեք ճանապարհներից որո՞վ կշարժվի Արևմուտքը՝ կբավարարվի միայն ԵԱՀԿ ՄԽ-ի աշխատանքը վերսկսելո՞վ, թե՞ առանձին նախաձեռնություններով, կամ գուցե եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափը փոփոխվի: Անցումային փուլ է, գործընթացներն Արևմուտքի օգտին են, քանի որ ընթանում է Արևմուտքի ուժերի միավորում, որում մեծ դեր խաղաց Միացյալ Նահանգները։ Իսկ Ռուսաստանի խնդիրները շատ են, ռեսուրսները՝ ոչ բավարար: Հենց այդ պատճառով ՌԴ-ն մեղմացնում է իր մոտեցումներն այս հակամարտությունում Արևմուտքի դերակատարության վերաբերյալ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս