Բաժիններ՝

Հեղուկ գազը թանկացել է. ո՞րն է պատճառը

Հայաստանում օրերս կրկին բարձրացել է ոչ միայն բենզինի, այլև բնական սեղմված և հեղուկ գազի գինը։ Հեղուկ գազը 200 դրամից դարձել է 220-250 դրամ:

Խնդիրն այն է, որ համաշխարհային շուկայում նավթի գները բարձրացել են, ինչը նպաստել է, որ սեղմված և հեղուկ գազի գները ևս բարձրանան:

«Ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրը հայաստանյան բենզալցակայաններում վաճառվում է 480 դրամով, իսկ «Պրեմիումը»՝ 500 դրամով: Կարծիքներ կան, որ հնարավոր է՝ առաջիկայում ևս թանկացումներ լինեն, քանի որ նավթի գինը շարունակում է բարձրանալ:

«Երեք օր առաջ Սևանից Երևան բենզալցակայաններում հեղուկ գազ չկար, Ավանում 230-240 դրամ էր, բայց Իսակովի պողոտայից  220 դրամով  եմ լցրել»,- մեզ հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով էլ՝ ցանկացած վառելիք փոխկապակցված է՝ լինի բենզին, նավթ, թե գազ:

«Եթե մեկը թանկանում է, շղթայական ռեակցիայով մյուսներն էլ են թանկանում: Ես նույնիսկ զարմացա, որ մեզ մոտ հեղուկ գազի գինը չէր թանկացել, որովհետև երկու ամիս է՝ բենզինը թանկացել էր, հեղուկ գազը՝ ոչ: Հետո միանգամից թանկացավ, 180 էր, դարձավ 200, 220, տեղեր կան՝ 240-250 դրամ է»:

Կարեն Չիլինգարյանը նշեց՝ միակ խնդիրն է՝ ուշադիր լինել ու հասկանալ՝ արդյո՞ք այս համատեքստում որոշ տնտեսվարողներ գերշահույթ չեն ունենում:

Վիճակագրական կոմիտեից տեղեկացնում են, որ 2021թ. հունիսին՝ մայիսի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 6.2% և 4.5%-ով։ 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար՝ 59.2% և 47.1%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 29.1% և 37.9% գնաճ:

«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայում գազի գնի սրընթաց աճը  սկսվել է հուլիսին՝ նոր պատմական ռեկորդ գրանցելով, և դրան նպաստել են մի շարք գործոններ։ Նորոգվելու են ռուսական գազի առաքման «Հյուսիսային հոսք» և «Յամալ-Եվրոպա խողովակաշարերը», իսկ «Գազպրոմն» Ուկրաինայի տարածքով տարանցման ծավալների աճ չի նախատեսում։ Ասիայում գազի գները շարունակում են աճել, ինչը նշանակում է, որ եվրոպացի գնորդների համար սեղմված գազի հասանելիությունը կասկածի տակ է: Վերջին ամսվա ընթացքում գազի գինն աճել է 31%-ով (տարեսկզբից` 80%-ով): «Գազպրոմը» վերջերս ազդարարել է դեպի հեռավոր արտերկիր արտահանվող գազի միջին գնի նոր ցուցանիշը՝ 2021 թվականի համար 240 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց: Փորձագետները համոզված են եղել, որ սեղմված գազն ամռանը հեղեղելու է եվրոպական շուկան, բայց նրանց հույսերը չեն արդարացել. հեղուկ գազի հասանելի ծավալներն ամբողջությամբ ուղղվել են դեպի ասիական շուկաներ, ուր առաջարկվող գինը զգալիորեն բարձր էր եվրոպականից։ Արդյունքում՝ սեղմված գազի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է՝ հասնելով 463 ԱՄՆ դոլարի՝ հազար խորանարդ մետրի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս