Բռնապետական ճնշումներ, կադրային ջարդ․ Հայաստանն ընտրություններից 1 ամիս անց

Նիկոլ Փաշինյանի գլխավոր թիրախում սահմանամերձ Սյունիքն է։ «Մի քանի գյադա-գյուդա կա, խորհուրդս՝ ասֆալտի վաննաներ ընդունեք… չագուչի հեղափոխության էպիկենտրոնը Սյունիքի մարզն է լինելու»․ սպառնալիքներ, որ հունիսի 20-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անպայման գալու են Սյունիքի մարզի համայնքապետերի հետևից և Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ «բոլոր քրեական թափթփուկները պառկելու են ասֆալտների վրա»։

Սպառնալիքներն իրականություն դարձան։ Հուլիսի 9-ին մեղադրանք առաջադրվեց ու կալանավորվեց Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։ Հուլիսի 16-ին կալանավորվեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ում մեղարդրում են երկու և ավելի ընտրողի կաշառք տալու մեջ։  Մինչ այդ կալանավորվել էր Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը։ Այնուհետև ԶԼՄ-ներով տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Լուսինե Ավետյանը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք է տվել, որից հետո կալանավորվել է Առուշ Առուշանյանը։ Հավաստի լուրերի համաձայն՝ ցուցմունք տալ նրան հորդորել է իր փեսան՝ Դավիթ Ներսիսյանը, ով շատ տարօրինակ զուգադիպությամբ այդ դեպքից հետո ուժային կառույցներից մեկում աշխատանք է ստացել, իսկ ավելի կոնկրետ, ինչպես հաստատել են Գլխավոր դատախազությունից, վերջինս հուլիսի 2-ից նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում։ Մինչ այդ Ներսիսյանն աշխատել է ԱԱԾ-ում՝ որպես սովորական ծառայող։ Հուլիսի 17-ին կալանավորվեց Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Կալանավորվեց նաև Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը։

Կադրային ջարդի ալիքը հասավ նաև այլ մարզերին և Երևանին։ Ընտրություններից անմիջապես հետո աշխատանքից ազատվեց Շիրակի փոխմարզպետ Դավիթ Սեխելյանը, Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանը։ Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկեցին՝ ստիպելով հրաժարական տալ զբաղեցրած պաշտոնից։ Ճնշումների ներքո հրաժարականներ են ներկայացրել եզդիական չորս համայնքների ղեկավարները։ Ինչ վերաբերում է Երևանին, ապա ազատվեց Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհերյանը։

Մասիս քաղաքում անցկացված քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ժողովրդի առջև մուրճը թափահարելով, տեղական ինքնակառավարման մարմինների տարբեր պաշտոնյաննրի հասցեին հնչեցրեց հետևյալ միտքը՝ «իրանց վատ են պահել և շարունակում են վատ պահել», և ցուցադրելով մուրճը՝ նշեց, որ հունիսի 21-ից հետո ինքն անձամբ է զբաղվելու, այդ թվում՝ այդ մարզի «ժանգոտած մեխերով»։ Արդյունքում, հուլիսի 17-ին կալանավորվեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը։ Ի՞նչ է սա, եթե ոչ՝ ճնշում քաղաքապետի վրա՝ վերջինիս հրաժարականը ստալու նպատակով։

Ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքապետերի նկատմամբ ճնշումներով, սակայն, ամենը չի ավարտվել։ Թիրախում են նաև բիզնես շրջանակների այն ներկայացուցիչները, որոնք չեն սատարել իշխանություններին, առավել ևս՝ դրսևորել են ընդդիմադիր կեցվածք։

«Դո՛ւք՝  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, կարմիր գիծը անցել եք, ինչը նշանակում ա, որ կապույտ չագուչը առաջինը ձեր գլխին ա ջարդվելու»․ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքն իրականություն դարձավ հուլիսի 14-ին, երբ Ազգային անվտանգության ծառայության «Ալֆա» ջոկատը խուզարկություններ սկսեց իրականացնել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի վարչական շենքում, և արդյունքում 3 անձ ձերբակալվեց։

Անմասն չմնացին նաև պետական այլ կառույցները։ Ընտրություններից հաշված օրեր անց ստորագրվեցին ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետ Արմեն Վարդանյանի և ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ Իշխան Մաթևոսյանի ազատման հրամանները։ Հետաքրքրական է, որ այս ազատումներն իշխանությունները կապում են 44-օրյա պատերազմից հետո մի շարք բարձրաստիճան գեներալների ազատման հարցի հետ, սակայն անհասկանալի է, թե ինչու կադրային նման փոփոխությունները տեղի ունեցան պատերազմի ավարտից ավելի քան 10 ամիս անց, այն էլ՝ ընտրությունների ավարտից հետո։

Անհասկանալի պատճառներով ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց աշխատակազմին, որ հեռանում է։ Այնուհետև հայտնի դարձավ, որ հեռանում է նաև նրա առաջին տեղակալը՝ Ռաֆիկ Մաշադյանը։ Կադրային նման փոփոխությունները կապում են Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում ոչ պատշաճ հարկային տեռոր իրականացնելու հետ, ինչը Նիկոլ Փաշինյանի մոտ շատ ուժեղ դժգոհություն է առաջացրել։

Կադրային ջարդ է նաև ՀՀ քննչական կոմիտեում. ազատվել են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունու բաժնի քննչականի պետ Ներսիկ Մխիթարյանը և Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանը, դիմում են գրել մի քանի պաշտոնատար անձինք ևս։

Կադրային փոփոխություններ են տեղի ունենում Ազգային ժողովի աշխատակազմում, որոնց հիմքում քաղաքական հայացքներն են. ազատում են այն աշխատակիցներին, ովքեր կարող են կապ ունենալ ընդդիմադիրների հետ։ Օրինակ, ԱԺ Նյութատեխնիկական վարչության աշխատակից Էլմինե Վարդանյանին, ով «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանի քույրն է, և նույն վարչության աշխատակից Վազգեն Քեռյանին, ով նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանի փեսան է:

Աշխատանքից ազատվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, ով այդ պաշտոնին նշանակվել էր 2018թ.-ի մայիսի 22-ին։ Լուրեր են շրջանառվում, որ առաջիկայում տեղի է ունենալու շուրջ 25 դեսպանի փոփոխություն։ Արդեն իրենց պաշտոններից հետ են կանչվել Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մհեր Մկրտումյանը և Ինդոնեզիայի Հանրապետությունում, Մալայզիայում և Սինգապուրի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։

Ճնշումների ներքո աշխատանքից ազատվում են բժշկական համայնքի ներկայացուցիչները։ Ըստ ԶԼՄ-ների՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հորդորով ազատման դիմումներ են ներկայացրել Աչաջուր համայնքի բժշկական կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանը և Իջևանի բժշկական կենտրոնի ղեկավար Էդուարդ Գրիգորյանը։  Ըստ ԶԼՄ-ների՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ստիպում է աշխատանքից ազատվելու դիմում գրել Արագածոտնի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Մերի Շահազիզյանին։

Սահմանադրական դատարանում «Պատիվ ունեմ» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը հիշատակեց մեկ հետաքրքրական փաստ այն մասին, որ Հրայր Մարուխյան հիմնադրամի աջակցությամբ գործող աշխատանքի իրավունքի պաշտպանության գրասենյակ ընտրություններից հետո քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատված քաղաքացիների շուրջ 50 հայցադիմում է ներկայացվել։

Հունիսի 20-ին անցկացված Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից անցել է մեկ ամիս, ու ականատեսն ենք այսպիսի պատկերի։ Ակնառու է, որ գործող իշխանությունը կադրային քաղաքականության հիմքում դրել է ոչ թե պետությանը նվիրված, հայրենասեր, բանիմաց ու պրոֆեսիոնալ մասնագետների հետ թիմ կազմելու, այլ ամենուրեք յուրայիններ ունենալու սկզբունքը։ Ակամայից հիշեցինք Հանրային հեռուստաընկերության եթերում Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, այժմ Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանի խոսքերը․ «Ընդհանրապես պետական համակարգը պետք է կուռ լինի և միանշանակ ծառայի հաղթած ուժին»․ մինչդեռ պետական համակարգը պետք է ծառայի ոչ թե հաղթած ուժին, այլ պետությանը։

Տեսանյութեր

Լրահոս