Պաշտպանները միջնորդեցին Արմեն Չարչյանի կալանավորումը փոխարինել գրավով
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, սկսվեց «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի գործով դատական առաջին նիստը:
Նիստում նախ քննության առարկա դարձավ Արմեն Չարչյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորման կիրառումը շարունակելու հարցը: Արմեն Չարչյանի պաշտպանները դատարան էին ներկայացրել Չարչյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդություն, ուստի դատարանի որոշմամբ Չարչյանի պաշտպանների միջնորդությունը քննվեց կալանավորման կիրառումը շարունակելու հարցի հետ միասին:
Պաշտպան, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ դատավարության ներկա փուլում առկա են բոլոր նախադրյալները Չարչյանի նկատմամբ դեռ մինչդատական վարույթում կիրառված ամենախիստ տեսակի խափանման միջով կալանավորումը ավելի մեղմ տեսակի խափանման միջոցով՝ գրավով փոխարինելու համար:
Խոսելով խափանման միջոցի հիմքի, այն է՝ քննությանը խոչընդոտելու ռիսկի մասին, Էրիկ Ալեքսանյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց Եվրոպական դատարանի որոշումներին, որոնց համաձայն՝ քննությանը խոչընդոտելու ռիսկերը նվազում են, երբ քննությունը համարվում է ավարտված:
Ալեքսանյանի խոսքով՝ սույն գործով բոլոր վկաներն արդեն հարցաքննված են, տվել են Չարչյանի համար արդարացնող բնույթի, ցանկալի ցուցմունքներ, մեղադրական ցուցմունքներ չեն եղել, հետևաբար՝ տրամաբանություն չկա, որ Չարչյանը մնալով ազատության մեջ՝ նրանց վրա պետք է ազդեցություն գործադրի:
Ալեքսանյանը նշեց նաև, որ վկաների ցուցմունքները քննիչը բնորոշել է՝ որպես ոչ արժանահավատ, ու որ նախաքննության ընթացքում վկաներից որևէ մեկի ու Չարչյանի միջև առերեսում տեղի չի ունեցել:
«Մենք ունենք ավարտված քննություն՝ մինչդատական վարույթի, մենք ունենք հարցաքննված բոլոր վկաներ, մենք չունենք որևէ մեղադրական բնույթի ցուցմունքներ, և նաև ունենք այն իրողությունը, որ եթե այն ժամանակ դատարանը արձանագրել էր քննությանը խոչընդոտելու տեսանկյունից նաև պարոն Չարչյանի դիրքը, աշխատանքային կարգավիճակը, ապա ունենք նաև այն իրողությունը, որ այս պահի դրությամբ պարոն Չարչյանը չի հանդիսանում «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն:
Հետևաբար՝ նաև այդ կարգավիճակից ելնելով՝ նույնպես քննության համար խոչընդոտներ ստեղծելու ռիսկը նվազում է»,- ասաց Ալեքսանյանը՝ խնդրելով դատարանին Չարչյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով:
Պաշտպան Արամ Վարդևանյանն էլ նշեց, որ գրավի չափ չեն նշում՝ այն թողնելով դատարանի հայեցողությանը:
Ապա ի պատասխան դատարանի հարցի՝ նա նշեց, որ գրավի նվազագույն շեմն առաջարկում են 10 միլիոն դրամը:
Մեղադրող դատախազն էլ նշեց, թե պաշտպանական կողմը կիսատ է ներկայացնում գործում առկա ապացույցները՝ ցույց տալու, թե դրանք մեղադրական բնույթի չեն: Ինչ վերաբերում է հիմնավոր կասկածի առկայությանը՝ դատախազը նշեց, թե դրա մասին է վկայում գործում որպես ապացույց ճանաչված ձայնագրություն-տեսագրությունը, հարցաքննված 50-ից ավելի անձանց ցուցմունքները, գործին կցված այլ ձայնագրություններ ու տեսագրություններ:
Դատախազի խոսքով՝ Չարչյանը, գտնվելով ազատության մեջ, անօրինական ազդեցություն կգործադրի քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ ու կփորձի խոչընդոտել գործի դատաքննությանը:
Դատախազը նշեց, թե կասկածի տակ չեն դնում Արմեն Չարչյանի դրական նկարագիրը, նրա հատկանիշները, սակայն գտնում են, որ այդ հատկանիշների առկայությունը որևէ կերպ չի նվազեցնում առկա ռիսկը, և դատարանից խնդրեց մերժել ներկայացված միջնորդությունը և անփոփոխ թողնել խափանման միջոցը:
Դատարանում ելույթ ունեցավ նաև Արման Չարչյանը՝ նշելով, թե կալանավորումից դուրս գալու գերակա շահը ՀՀ քաղաքացիների առողջությունն է:
Դատավարության մասնակիցներին լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի վաղը՝ հուլիսի 21-ին:
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Մեղադրական եզրակացության համաձայն՝ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, հանդիսանալով «Իզմիրլյան» ԲԿ-ի գործադիր տնօրեն, «օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենց ծառայողական կախվածության հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, չքվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, այլ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին»: