Դուք այդ ե՞րբ բերեցիք, թատրոնը զինեցիք տեխնիկայով, և մենք չկարողացանք բեմում կենդանի երգել. դերասանները՝ ԿԳՄՍ փոխնախարարին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակում է նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով` միավորմամբ շատ ավելի լավ պայմաններ կստեղծվեն ստեղծագործական կազմի համար։ Նա նշել է, որ երաժշտական թատրոնը չունի նվագախումբ, երգչախումբ, պարային խումբ, և իրենք առաջարկում են Պարոնյան թատրոնի պրոֆեսիոնալ խմբերի ռեսուրսն օգտագործել։
Նախատեսվող փոփոխությունների մասին իր բացասական դիրքորոշումն է արտահայտել նաև Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, որը նաև Պարոնյան թատրոնի գեղարվեստական ղեկավարն է:
Նա «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասել է, որ առաջին հերթին մտահոգիչ է թատերական միավորի վերացման հարցը: Միավորման դեպքում դառնում է 1 թատրոն, այն է՝ Պարոնյան թատրոն: «Ես անձամբ դեմ եմ նման փոփոխմանը, ես դա էքսպերիմենտ եմ համարում: Չգիտեմ, թե ինչ քանակի դերասանական կազմ է գալու, միանա մեր կոլեկտիվին: Ովքե՞ր են այդ մարդիկ, մեծամասնությանը չեմ ճանաչում: Աննորմալ է մեկ ստեղծագործական կազմի մեջ ներմուծել մեկ այլ ստեղծագործական կազմ»,- նշել է Հակոբ Ղազանչյանը:
Վահան Միրաքյանը, ով Պետական կամերային երաժշտական թատրոնում կատարել է իր առաջին քայլերը՝ այնտեղ աշխատելով մոտ 6 տարի, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ներկայացված նախագծին՝ ասաց, որ տիրապետում է բոլոր նրբություններին, գիտի, թե թատրոնն ի՞նչ խնդիրներ ունի, և դրանք ինչպե՞ս պետք է հեշտորեն լուծել:
«Տարատեսակ կարծիքներ եմ լսում, որ կարող են թատրոնի անունը փոխել և այլն, բայց Արա Խզմալյանն ասում է, որ թատրոնը չունի երգչախումբ, պարախումբ: Հռետորական հարց. պարոն Խզմալյան, իսկ ինչո՞ւ չունի: Որպես մշակույթի գծով պատասխանատու և իրավասու անձ՝ ինչո՞ւ չեք նախաձեռնել, որ այս թատրոնում լինի և՛ երգչախումբ, և՛ նվագախումբ: Որպես պատասխանատու՝ ո՞ւր են այն հաստիքները, որոնք որ պետք է ունենար այս թատրոնը: Իհարկե, շատ հեշտ է փակել թատրոնը, իսկ ի՞նչ եք արել դուք որպես ոլորտի պատասխանատու՝ կրկնապատկելու, եռապատկելու այն արդյունքները, որը ցույց է տվել թատրոնը: Ամեն ամիս 20-25 ներկայացում է լինում, և հազվադեպ է լինում, որ հուլիս ամսին թատրոնը խաղում է 14 ներկայացում: Շատ գովելի է: Արդյո՞ք կան մոնիտորինգի արդյունքներ, որոնցից հետո հասկացել եք, որ պետք է փակել թատրոնը: Ո՛չ, թատրոնը պետք չէ փակել և այն չի՛ փակվելու, շարունակելու է բնականոն աշխատել ու, եթե ձեզ խանգարում է երաժշտական բառը, կարելի է սա դարձնել, ենթադրենք, «Վիլյամ Սարոյանի անվան թատրոն»»,- ասաց Վահան Միրաքյանը:
Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասան Գևորգ Վարդանյանն էլ անդրադառնալով այն կարծիքին, որ գուցե չափանիշները չեն բավարարում, դրա համար են փակում, ասաց.
«Ո՞րն է այդ չափանիշը: Առհասարակ, ստեղծագործող մարդն ունի՞ չափանիշ, նրան կարելի՞ է դնել որոշակի չափանիշների մեջ: Ինձ թվում է՝ ոչ, որովհետև ստեղծագործող մարդը, հատկապես թատրոնի դերասանը մեկ չափանիշ ունի, և դա հանդիսատեսն է: Եվ, երբ հանդիսատեսը սիրում է քեզ, քո թատրոնը, ներկայացումները, դրանից ավելի չափանիշ չկա: Իսկ տեխնիկական առումով՝ խնդրեմ, համեցեք, զինեք մեզ տեխնիկայով: Թատրոնի 25 դերասաններից 20-ը երգող, պարող է: Ձայնային լավ տվյալներ ունեն: Դուք այդ ե՞րբ բերեցիք, թատրոնը զինեցիք տեխնիկայով, և մենք չկարողացանք բեմում կենդանի երգել»,- հարց բարձրացրեց Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանը:
Ինչ վերաբերում է թատրոնում առկա մյուս հարցերին, օրինակ՝ դերասանների վարձատրությանը, Գևորգ Վարդանյանը նկատեց. «Արվեստի ոլորտում աշխատող յուրաքանչյուր մարդ բախվում է աշխատավարձի խնդրին, բայց այստեղ երբեք ոչ մի դերասան չի բարձրաձայնել այդ խնդիրը: Սա մեր տունն է, դրա համար այստեղ աշխատավարձի մասին չենք մտածում: Ամսական, կոնկրետ ես ստանում եմ 68.000 դրամ աշխատավարձ, և մեծ սիրով անում եմ իմ աշխատանքը՝ չմտածելով, որ անում եմ 68.000 դրամի համար»:
Դիտարկմանը՝ ամենայն հավանականությամբ, կա երկրորդ աշխատանք, այն չի՞ խանգարում, դերասանը նշեց, որ ոչ, հակառակը՝ օգնում է, որ գումարի մասին չմտածեն ու երբեք չփորձեն թողնել թատրոնը:
«Մեր գործերը համատեղում ենք թատրոնի փորձերի, ներկայացումների հետ: Այսինքն, առաջին պլանում միանշանակ թատրոնն է, հետո՝ մյուս գործերը: Ես ինքս մի քանի տեղ եմ դասավանդում, ու դասերն անցկացնում եմ այն ժամերին, երբ այստեղ փորձ կամ ներկայացում չունեմ»,- ընդգծեց մեր զրուցակիցը: