Եթե մենք չկանք, մահացել ենք, ԿԳՄՍՆ-ն վաղուց արդեն դիակ է և արդեն գարշահոտում է. Սամսոն Ստեփանյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակում է նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը «Արմենպրեսի» հետ զրույցում վստահեցրել է, որ դա արվում է Պետական կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմի աշխատանքի համար առավել բարենպաստ պայմաններ, միջավայր ստեղծելու և այլ ստեղծագործական կոլեկտիվներին աջակցելու նպատակով:

«Չունենալով պրոֆեսիոնալ նվագախումբ, երգչախումբ, չեմ խոսում պարային խմբի մասին, խոսել երաժշտական թատրոնի մասին՝ առնվազն անլուրջ է, իսկ Պարոնյանի թատրոնն ունի այդ ամենը»,- ասել է Խզմալյանը:

Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր արտիստ Սամսոն Ստեփանյանի խոսքով՝ փաստարկները, որոնք բերված են գործընթացն իրականացնելու համար՝ անհեթեթ են:

«Շենքը պետք է տրամադրեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, և «աղմուկը» այդ ամեն ինչի շուրջ է: Ըստ փոխնախարարի՝ բարելավվում են պայմանները, կունենանք երգչախումբ, նվագախումբ, երաժշտական խումբ, լավ պայմաններ ու ստեղծագործական գործունեությունը ավելի ակտիվ կշարունակենք: Ես սա համարում եմ գեղեցիկ հեքիաթ, որն իրականությանը չի համապատասխանում: Իրականությունն ինձ համար գոնե պարզ է. մեր հաշվին ուզում են ազատել մեկ շենք, որը հետո կտրամադրեն Սիմֆոնիկին, թե ոչ, ճակատագիրը ի՞նչ կլինի, անհայտ է»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց Սամսոն Ստեփանյանը:

Նա ընդգծեց՝ թատրոնները միացնելու հարցն իրենց մոտ չի էլ քննարկվում:

«Եթե միավորվենք՝ կլինի ահռելի կոլապս՝ Հ.Պարոնյանի թատրոնի համար: Մեկ թատրոն միանգամից կվերանա, երկրորդ թատրոնը կլինի կատաստրոֆիկ վիճակի մեջ երկար ժամանակ, ու այս ամենը նրա համար, որպեսզի Սիմֆոնիկ նվագախումբն ունենա տարածք, որը տեխնիկապես չի համապատասխանում իր պահանջներին: 120 հոգի չի տեղավորվի այստեղ: Եվ այն, ինչը չի համապատասխանում պարոն Խզմալյանի տրամաբանությանը, նա դա որակում է՝ որպես էմոցիոնալ զեղում: Պարոն Խզմալյանը համարում է, որ մենք վաղուց արդեն գոյություն չունենք, մահացել և մահանում ենք, ու պետք է թողնեն, որ մենք մահանանք, և անախրոնիզմ է համարում այն արտահայտությունները, որ թատրոնը մեզ համար տուն է, տաճար է: Ներեցեք, եթե անախրոնիզմ եք համարում տաճար, տուն հասկացությունները, ապա ամբողջ ԿԳՄՍՆ-ն ատավիզմ է: Մասնագիտական գործունեության ընթացքում ես չեմ տեսել, որ մի ոլորտի խնդիրը խառնվի մյուսին: Դուք ունեք խնդիր՝ երաժշտական ոլորտում, ինչո՞ւ եք դա փորձում լուծել թատերական ոլորտի հաշվին: Սա դիլետանտիզմ է»,- նշեց Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսորը՝ հավելելով, որ երկու տարբեր ձևաչափ, խաղացանկ, ստեղծագործական մթնոլորտ ունեցող թատրոններ են:

«Կլինի աղետալի մի բան: Բոլորս միանգամից կորցնում ենք մեր աշխատանքը, Հ.Պարոնյանի թատրոնն էլ ընկնում է կատաստրոֆիկ վիճակի մեջ՝ լուծելու այս ահռելի խնդիրը, որին նա պատրաստ չէ: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում պատրաստ չեն ո՛չ հոգեպես, ո՛չ ֆիզիկապես»,- ասաց Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսորը:

Նա նաև չի հասկանում այն բացատրությունը, թե իրենց ՕԳԳ-ն թույլ է՝ համեմատած Սիմֆոնիկ նավագախմբի հետ:

«Չեմ հասկանում՝չափանիշը ո՞րն է, ինչպե՞ս կարելի է երկու տարբեր ոլորտներ համեմատել: Միգուցե նրանից է, որ սիմֆոնիկը շատ շրջագայություննե՞ր է ունենում: «Մեռնողին պետք է թողնես, որ մեռնի» տրամաբանությունն ինձ միանգամից տարավ մարտի դաշտ: Եթե ընկերդ վիրավոր է, ու, ըստ քեզ՝ մեռնում է, քո փախուստը պետք է արդարացնես դրանով, որ մեռնո՞ւմ է: Եթե մենք չկանք, մահացել ենք, ԿԳՄՍՆ-ն վաղուց արդեն դիակ է և արդեն գարշահոտում է»,- եզրափակեց Սամսոն Ստեփանյանը:

Տեսանյութեր

Լրահոս