Թուրքիան ուզում է իր համար լուծել Հայաստանի հարցը, իսկ հասարակության իմունիտետը չի գործում. քաղաքագետ

Վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները պարբերաբար կրակոցներ են արձակում: Երասխի հատվածում հուլիսի 14-ին զոհվել էր ՀՀ ԶՈՒ զինծառայողը:

Երեկ գիշերն էլ ադրբեջանական զինված ուժերի հրազենային զինատեսակներից արձակած կրակոցների հետևանքով վիրավորում էր ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը:

Որոշ գործիչների կարծիքով՝ սա արդեն ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի ձեռագիրն է:

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, թե այժմ հնարավոր չէ բաժանել Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները, քանի որ գործողություններն իրականացվում են համատեղ:

«Անշուշտ, եթե նման գործողություններ են տեղի ունենում, ինչ-որ նպատակ կա: Հիմա Թուրքիան արդյո՞ք կանգնած է այս ամեն ինչի հետևում, նախ՝ ես չեմ կարող լիարժեք պատասխանել, որովհետև ուղղակի այս պահի դրությամբ նման տեղեկություն չունեմ, բայց խոշոր հաշվով, իհարկե, հայ-ադրբեջանական բախումների հետևում կանգնած է հենց Թուրքիան: Եվ պատճառը հետևյալն է. Թուրքիան ուզում է, այսպես ասած, իր համար լուծել Հայաստանի հարցը: Իսկ գործողություններ անում է, այնուամենայնիվ, Ադրբեջանը: Այսպիսով, իրականում այս հարցում հնարավոր էլ չէ իրարից նրանց բաժանել: Կոնկրետ գործողություններ անում է Ադրբեջանը և Ադրբեջանն էլ ունի կոնկրետ, հստակ նպատակներ:

Նախ՝ Ադրբեջանն այդ հատվածում ուզում է Հայաստանի վրա ճնշում գործադրել և ստանալ զիջումներ Տիգրանաշենի հարցում, որը շատ մոտ է Երասխին: Երկրորդը, ուզում է  ճնշում գործադրել այդ ճանապարհի կարևոր հատվածի վրա և ցույց տալ Երևանին, որ նման ճնշում կարող է գործադրել: Բացի այդ, ուզում է Հայաստանից ստանալ խաղաղության պայմանագիր, և այդ խաղաղության պայմանագրով արդեն վավերականացնել Արցախի օկուպացիան: Այսպիսով՝ Ադրբեջանը բազմաթիվ նպատակներ ունի այստեղ: Այն, որ Ադրբեջանն ունի նպատակներ, սա պարզ է: Կարևորագույն խնդիրը այն է, թե ինչ պատասխան ենք տալիս մենք այդ ամեն ինչին»,- ասաց քաղաքագետը:

Հարցին՝ արդյո՞ք մենք տալիս ենք համարժեք պատասխան, Միքայելյանն արձագանքեց.

«Չգիտեմ: Ամեն դեպքում ես ներքին դաշտում իրավիճակին չեմ տիրապետում, բայց կարող եմ ընդհանուր առմամբ ասել, որ բանակը, անվտանգային համակարգը վերականգնելու համար պատշաճ աշխատանքներ չեմ տեսնում, ադեկվատ արտաքին քաղաքականություն չեմ տեսնում: Այսպիսով, կարելի է ենթադրել, որ այնուամենայնիվ սա ադեկվատ գործողություն չէ: Այսպիսով, կարծում եմ, որ՝ չէ, չենք անում»:

Սահմանային լարվածությունը, կարծես, հասարակությանը չի մտահոգում: Համենայնդեպս նկատելի չէ կատարվող իրադարձությունների նկատմամբ հասարակության հետաքրքրությունը: Քաղաքագետը դա բացատրում է իշխանության ու ընդդիմության գործելաոճով, ինչպես նաև իրականացվող տեղեկատվական արշավով:

«Այնպիսի վիճակ է ստեղծվել, որ կոնկրետ գործող դե ֆակտո իշխանությունները կարողացել են այնպես անել, որ ժողովրդի, այսպես ասած, իմունիտետն այլևս չի գործում: Եվ սա ինչո՞ւ է տեղի ունենում:

Նախ, շատ ակտիվ տեղեկատվական արշավից, և երկրորդը՝ ժողովուրդը հոգնել է, և կարողանում են նոր զոհերի վախը կառավարել և դրանով ճնշել ու ժողովրդին թույլ չտալ, որ ինչ-որ չափով ինքնակազմակերպվի կամ գիտակցի խնդիրների խորությունը: Եվ այսպես շարունակ մենք այդ խնդիրների հետ բախվում ենք, մենք այլևս լայն զանգվածների կողմից չենք տեսնում որևէ գործողություն և մոբիլիզացիա:

Բայց այստեղ խնդիրը ոչ միայն իշխանության մեջ է, այլ նաև ընդդիմության, որովհետև պարզ է, թե իշխանությունն ինչ է անում․ դա վաղուց է պարզ: Բայց ընդդիմությունն ինչ-որ պատասխան առաջարկ կամ գործողություն չի անում, համենայնդեպս, դա ինձ համար տեսանելի չէ: Այսինքն՝ եթե նույն ժողովուրդը, մարդիկ սկսեն մտածել՝ «լավ, այդ իշխանությունը վատն է, բա ի՞նչ ենք ընտրում կամ ի՞նչ ենք անում», բացատրություն մեծ հաշվով չկա, այլընտրանքային ծրագիր չկա: Ամեն դեպքում, հատկապես անվտանգության հարցում, այդ առաջարկը պետք է ստեղծել»,- ասաց Հրանտ Միքայելյանը:

Տեսանյութեր

Լրահոս