Բաժիններ՝

Ապօրինի կառույցները՝ լինեն սեփականաշնորհված թե ոչ, պետք է քանդեն, երկուսն էլ տարածք են զավթել. Մարիամ Խաչատրյան

Երևանի ավագանին հուլիսի 13-ին հաստատեց մի նախագիծ, համաձայն որի՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցն այսուհետ կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ, անկախ կառույցի ավարտվածության աստիճանից և օրինականացման ենթակա լինել-չլինելու հանգամանքից:

Ավագանին փոփոխություններ և լրացումներ կատարեց Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբեր 23-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2021 թվականի ծրագրի վերաբերյալ» N 315-Ն որոշման մեջ:

Ըստ այդ փոփոխությունների՝ N 315-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը ճանաչվեց ուժը կորցրած, 2-րդ կետը լրացվեց նոր ենթակետով, որը ենթադրում է՝ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը, անկախ ավարտվածության աստիճանից և օրինականացման ենթակա լինել կամ չլինելու հանգամանքից, կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ:

Խնդիրն այն է, որ օրինական ճանաչված ինքնակամ շինությունների և դրանցով ծանրաբեռնված հողամասերի տնօրինումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ սահմանված կարգով միայն այն դեպքում, եթե ինքնակամ շինությունը ճանաչվել է օրինական մինչև 2021 թվականի հունվարի 31-ը ներկայացված դիմումի հիման վրա:

«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանի կարծիքով՝ կիսատ-պռատ ընդունված որոշում է:

«Այն շինությունը, որը թույլտվություն ունի, նա էլ է նորմերին ոչ համապատասխան կառուցվել: Եթե դուք ասում եք, որ մայթերին պետք է կրպակներ չլինեն, ուրեմն պետք է այն կրպակներն էլ վերացվեն, որոնք թույլտվություն ունեն: Խնդիրը դա է, ոչ թե ես ծանոթ եմ ունեցել կամ փող, դուք չեք ունեցել, ես թույլտվությամբ եմ արել, իսկ դուք՝ ոչ: Իսկ հիմա տարբերակում ենք: Հիմնական սխալը որոշման՝ կիսատ-պռատ լինելու մեջ է: Շատ անգամ մարդիկ փող չեն ունեցել, կառույցն արել են 10-20 տարի առաջ, իսկ հողային օրենսգրքում նշված է, որ եթե դու կառույցը 10 տարի առաջ ես արել, կարող ես սեփականաշնորհել, դարձնել քո անունով: Այսինքն, որոշման մեջ շատ բացեր կան: Հիմա, եթե համայնքային կառավարման է գնում, ո՞նց է լինելու՝ մեկը կքանդվի, մեկը չի քանդվի՞:

Այդտեղ կոռուպցիոն ռիսկեր էլ կան: Այնպես չէ, որ բոլոր փողոցներում 3 օրում քանդելու են ապօրինի կառույցները: Որոշումը վերաբերում է ոչ թե սեփականաշնորհված ու, ասենք, մայթեզրին սարքած կառույցներին, այլ չսեփականաշնորհված շինություններին: Բայց ես ասում եմ, որ 2-ն էլ նույնն են, զավթել են տարածքը, ուղղակի մեկը թուղթ ունի սեփականաշնորհման, մյուսը՝ ոչ: Ով որ թուղթ ունի, նրանն էլ պետք է քանդեն: Ապօրինի կառույցները՝ լինեն սեփականաշնորհված թե ոչ, պետք է քանդեն: Մի խնդիր ևս կա. երկու շինություն կքանդեն, ու Աստված գիտի՝ դրանից հետո այդ տարածքն ի՞նչ են անելու. ես վստահ չեմ, որ մայթը կմնա մայթ գոնե 10-15 տարի»,- մեզ հետ զրույցում ասաց Մարիամ Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս