Բաժիններ՝

Արագիլների գրեթե 60%-ն աղտոտված է. պատճառը ձկնաբուծարանները, պահածոյի գործարաննե՞րն են, թե՞ էկոլոգիան

Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն ավարտել է արագիլների հաշվառման գործընթացն Արարատի մարզում։ Միության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նախորդ տարվանից իրականացնում են արագիլների ուսումնասիրության և հաշվառման աշխատանքներ, որի նպատակն է՝ պարզել արագիլների տարածվածությունը, նրանց աղտոտման աղբյուրները, առաջացման պատճառները և աղտոտված արագիլների քանակը։ Հաշվառման աշխատանքներն ավարտվել են Արարատի մարզում, որտեղ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ արագիլների գրեթե 60 %-ը աղտոտված են։ Սա հսկայական թիվ է և խոսում է տարածաշրջանում մեծ էկոլոգիական աղետի մասին։ Այժմ աշխատանքները շարունակվում են Արմավիրի մարզում:

Հայաստանի թռչունների պահպանման միություն հասարակական կազմակերպության ղեկավար Մամիկոն Ղասաբյանից փորձեցինք պարզել՝ ի վերջո, արագիլների աղտոտման պատճառը ձկնաբուծարաննե՞րն են, թե՞ էկոլոգիան է, որովհետև անցած տարի իրենք պնդում էին, որ աղտոտման պատճառը հաստատ գետեր թափվող մնացորդները, ճարպն է՝ կա՛մ ձկնաբուծարաններից, կա՛մ պահածոյի գործարաններից։

«Կարող է պատահի՝ ուրիշ խնդիրներ էլ են առաջացել: Իրենք լուրջ ուսումնասիրում են, իսկ մենք մեր կարծիքն ասացինք ու քաշվեցինք մի կողմ: Քրեական գործ բացեցին ու փակեցին: Քննչական կոմիտեն 2020թ. մայիսի 22-ին կարճել է Արարատի մարզում արագիլների աղտոտման վերաբերյալ քրեական գործը, որը հարուցվել էր 2019 թ. սեպտեմբերի 12-ին: Պարզ է, չէ՞, որ արագիլներն աղտոտվում են: Մի հատ աղբանոցները նայեք:

Մասիսի աղբավայրում էլ հրդեհ էր, արագիլները լրիվ սևացել են: Պրոբլեմն իրոք  լուրջ է, հանգիստ կարելի է լուծել այն: Թող գնան, ձկնաբուծարանների թղթերը ստուգեն՝ մնացորդներն ո՞ւր են թափում, ուտիլիզացիան որտե՞ղ է կատարվում: Գուցե այստեղ նաև պահածոների գործարանների մեղավորությունն էլ կա. նրանք որտե՞ղ են իրենց աղբը թափում: Լուրջ ուսումնասիրություն է անհրաժեշտ»,- մեզ հետ զրույցում պնդեց Մամիկոն Ղասաբյանը՝ շեշտելով, որ 4 տարի առաջ, երբ սկսել է ուսումնասիրել այդ հարցը, ուշադրություն է դարձրել գետերին, ջրանցքներին ու տեսել է ձկան մնացորդներ, խոզի ճարպի մնացորդներ:

«Հիմա կարծես թե ձկնաբուծարանները մնացորդները գետերը չեն լցնում, տանում են աղբավայր, բայց իրավունք չունեն այնտեղ տանել, այն պետք է ուտիլիզացվի: Ուտիլիզացվո՞ւմ է, թե՞ ոչ, այ դա է հարցը: Շատ հանգիստ կարելի է պարզել, ուղղակի կամք պետք է լինի դրա համար: Իսկ այս տարի կարծես թե աղտոտվածության շրջանակը մեծացել է, Արարատում, Արմավիրում դեպքերը շատացել են, ուրեմն ինչ-որ մի պրոբլեմ այնտեղ էլ կա: Պետք է պետական մակարդակով ուսումնասիրվի»,- նշեց Հայաստանի թռչունների պահպանման միություն հասարակական կազմակերպության ղեկավարը:

Մամիկոն Ղասաբյանն ընդգծեց՝ 60 տոկոսով աղտոտված են արագիլները, ու մինչև սկսեն Արմավիրում նայել, արդեն ձագերը բներից դուրս կգան, չեն կարողանա այլևս հետևել:

«Հետաքրքիր է բներում ուսումնասիրել, տեսնել՝ ո՞ր մարզերում, գյուղերում են հիմնականում աղտոտված: Միանգամից պետք է մեծ ուժերով այդ ամենն անել: Մոտավորապես 700-800 բույն կա Հայաստանում: Հենց ձագերը սկսեն աղտոտվել՝ միանգամից պետք է նայել»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս